Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը Թբիլիսիի Պատրիարքարանում քննարկել են ինչպես հայ-վրացական կրոնական խնդիրները այնպես էլ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Վիրահայոց թեմի մամուլի դիվանից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ Վազգեն սրբազան Միրզախ անյանը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված համայնքային ծրագրերը ներկայացնելուն զուգահեռ պատրիարքին է փոխանցել Վրաստանի հայ հավատացյալների անունից խնդրանք-առաջարկ՝ կապված Մեծ Եղեռնի նահատակների հիշատակի ոգեկոչման հետ:
Գալիք Սուրբ Զատկի տոնի առիթով թեմակալ առաջնորդը վրաց պատրիարքին է նվիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ Հարության և Ավետման պատկերներով մանրանկարներ: Նորին Սրբությունն էլ Հայ Եկեղեցու՝ Վիրահայոց թեմի առաջնորդին և ընկերակցող ամդամներին է փոխանցել վրաց վարպետների ձեռքով պատրաստված զատկական խորհրդանիշեր:
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքն իր օրհնությունն է փոխանցել հայ հավատացյալներին և եղբայրական ողջույններ հղել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին: