Մեծ եղեռնի 105-րդ տարելիցի միջոցառումներն այս տարի նշեցինք արտասովոր պայմաններում: Նույնիսկ կորոնավիրուսը չկարողացավ խոչընդոտել, որ աշխարհին ասենք՝ «Հիշում ենք և պահանջում», թեկուզ՝ 105 տարի անց։ Հիշատակի արարողություններն սկսեցին ապրիլի 23-ի երեկոյան՝ 21:00-ին, եկեղեցիների զանգերի խողանջներով ու բնակարաններից արձակվող լապտերների լույսերով, այնուհետև ամփոփվեցին ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում 10-ժամյա համերգով։ Միջոցառումների կազմակերպմանը մասնակցել են մի շարք ընկերություններ, որոնց ընտրության մասին հանրությունը տեղյակ չէր: Ստացվում է՝ միջոցառումներին մասնակցած ընկերություններն ընտրվել են ոչ թե մրցութային կարգով, այլ՝ այս կամ այն գերատեսչության հրավերով: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ասաց, որ հիմնական նախապատրաստական աշխատանքներն սկսել են ապրիլի 18-ից, որը տևել է մեկ շաբաթ: Ինչ վերաբերում է միջոցառման համար հատկացված գումարին, ապա չկարողացավ հստակ թիվ ասել՝ նշելով, որ տարբեր գերատեսչություններ են մասնակցություն ունեցել: «Ամբողջական ծրագիրը պատրաստել էր ՀՀ կառավարությունը, իսկ գերատեսչությունները ներգրավվել ու իրենց մասով իրականացրել են այն: Ստեղծագործական և գեղարվեստական մասով պատասխանատվությունը ԿԳՄՍ նախարարության վրա էր, որը փայլուն կատարողների էր ընտրել: Տեխնիկաստեղծագործական, մենեջմենթի և մնացյալ հավելյալ աշխատանքներն իրականացրեց Երևանի քաղաքապետարանը, Հանրային Հ/Ը-ն 8-9 ժամ ուղիղ եթերում՝ նկարահանման աշխատանքը, Տեղեկատվական ՊՈԱԿ-ը՝ իրազեկման գործընթացը, Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարությունը նույնպես մեծածավալ աշխատանքներ կատարեց բջջային օպերատորների և այլ ընկերությունների հետ: Ունեինք նաև առանձին հրավիրված կազմակերպություններ. Երևանի քաղաքապետարանի կողմից հրավիրված Վահագն Միքայելյանի, Նարեկ Չախոյանի կազմակերպությունը սպասարկեց ապրիլի 24-ի միջոցառման ամբողջ տեխնիկական մասը՝ լուսային, ձայնային սարքավորումներով»,- մանրամասնեց Վիրաբյանը: Հետաքրքրեցինք՝ ումն էր հենսայուների վրա քաղաքացիների անունները հրապարակելու գաղափարը, քանի որ համացանցում C-squared ընկերությանն էր վերագրվում այն, փոխքաղաքապետն ասաց. «Քննարկումների ժամանակ դժվար է ասել՝ գաղափարի որ մասը ով տվեց, այն, ինչ տեղի ունեցավ, բոլորի համատեղ ջանքերի շնորհիվ էր: Դետալների մեջ խորանալ պետք չէ, կարևորն այն է, որ 100 հազարավոր մեր հայրենակիցները վիրտուալ կերպով կարողացան մասնակցություն ունենալ: Ընկերությունը ԿԳՄՍ նախարարության հրավերով ու պատվերով է մասնակցել ամսի 23-ի ամբողջական միջոցառման կազմակերպմանը: Լույսերի գեղեցիկ արարողությունն իրենք էին կազմակերպել, իսկ ապրիլի 24-ի միջոցառումների հետ այդ ընկերությունն առնչություն չի ունեցել»,- ընդգծեց Վիրաբյանը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նաև C-squared ընկերության հիմնադիր Կառլեն Մադոյանը. «Մենք իրականացրել ենք ապրիլի 23-ի լուսավառ ոգեկոչման արարողությունը: Թեև հանրության մի մասը լուսանկարներ էր տարածում՝ նշելով մեզ, բայց մենք ասում էինք, թե որ մասի հեղինակներն ենք և որ ապրիլի 24-ի միջոցառման հետ կապ չենք ունեցել, այսինքն՝ չստացվեր այնպես, թե ուրիշի դափնին ենք մեզ վերցնում»: Նա նշեց, որ լույսերի գաղափարը եղել է ընկերության գլխավոր լուսային դիզայներ Կարեն Վարդանյանինը, ծրագրի իրականացման համար էլ շատ մարդ է աշխատել։ Ծիծեռնակաբերդում մոտ 180 լուսային սարք է օգտագործվել։ Հիմնադրի խոսքով՝ ԿԳՄՍՆ-ի հետ քննարկման ընթացքում նախագծում որոշ բաղադրիչներ են ավելացվել՝ եկեղեցու ղողանջները, քաղաքի լույսերն անջատելը ու տներից վառվող լապտերները։ Կարծես՝ ջահերով երթի նման մի բան է ստացվել։ Նրա խոսքով՝ գաղափարը դեռևս 2015թ. Հայոց ցեղասպանության100-ամյա տարելիցին է եղել, բայց չի ստացվել իրագործել. «Տարբեր բյուրոկրատական ստրուկտուրաների հետ առնչվելով՝ մեր խոսքը տեղ չի հասել մինչև վերջ: 100-ամյակն էր, մարդիկ խառն էին, անմոռուկի թեման բացվեց... մի խոսքով, չեմ կարող ասել, թե ինչու, բայց չստացվեց իրականացնել նախագիծը: Իսկ այժմ շատ պատահական ստացվեց. նախագիծը հավանության արժանացավ սկզբում ԿԳՄՍ նախարարության, այնուհետև կառավարության կողմից: Քանի որ գաղափարը վաղուց կար, կազմակերպչական աշխատանքները շատ արագ արվեցին 2-3 օրում ամեն բան կազմակերպվեց»,- նշեց Կառլեն Մադոյանը: 

 
 

Նշենք, որ այսօր միոցառմանն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մեր մասին պատմությունը պատմեցինք առանց աղաղակի. «Շատ ուժեղ ոգեկոչեցինք՝ տեսանելի ու լսելի»: