Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համայն հայության կարգախոս է ընտրվել «Հիշում եմ և պահանջում», իսկ խորհրդանիշը Անմոռուկ ծաղիկն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանը: «Ընտրված կարգախոսը հատուկ ընդգծված ու անհատականացված է, որպեսզի ամեն մեկս ա րտասանելով այն հիշենք մեր ընտանիքի պատմությունը, մեր վերապրած ողբերգության պատմությունը, և այն պահանջը, որը տեսնում ենք այս համատեքստում, ներկայացնենք համայն աշխարհին»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Նրա տեղեկացմամբ' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից ձևավորված աշխատանքային խումբը երկու փուլով մրցույթ է անցկացրել ու ընտրել նաև 2015-ի խորհրդանիշը: «Աշխատանքային խմբի դատին էին ներկայացվել տասնյակ աշխատանքներ, որոնցից հանձնախումբը որոշել և հաստատել է «Շարմ» ընկերության ներկայացրած խորհրդանիշը' Անմոռուկ ծաղիկը: Այն բոլոր լեզուներում ունի նույն բովանդակային իմաստը' հիշելու, չմոռանալու և հիշեցնելու: Ծաղիկի մեջտեղում գրաֆիկական ձևով պատկերված է Ծիծեռ նակաբերդի հուշահամալիրի 12 մույթերի տեսարանը»,-նշեց Վիգեն Սարգսյանը' հավելելով, որ այն ակտիվ օգտագործվելու է 2015-ի ընթացքում:
Ընտրված գույները, ըստ պաշտոնյայի, անցյալի, ցեղասպանության ողբերգության և ներկայի ու ապագայի խորհուրդն ունեն: «Ծաղկի հինգ թերթիկները այն հինգ մայրցամաքներն են, որտեղ հայ գաղթականները հայտնվեցին' ստեղծելով հայկական համայնքներ, ձևավորեցին հայկական սփյուռք»,-հայտնեց Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով' շատ տպավորիչ միջոցառումների ծրագիր է նախապատրաստվում: «Մենք ամենախոշոր ու հայտնի հարթակներում, տարբեր մայրաքաղաքների մայր տաճարներում, լավագույն ցուցասրահներում տեսնելու ենք ցուցադրություններ, որոնք ուղղված են լինելու ինչպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելուն, այնպես էլ մեծարելու և հարգանք մատուցելու նրանց, վերապրելու այն գաղափարը, որ մեր պապերը դրեցին ազգի վերածնունդի հիմքում»,-ավելացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Վիգեն Սարգսյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 2015-ին իրականացնելու է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը և կատարելու է Մյուռոնօրհնեքի արարողություն: «Այս միջոցառումները հատուկ տեղ են ունենալու 2015-ի իրադրաձությունների շարքում»,-հավելեց Վիգեն Սարգսյանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և հայկական սփյուռքի գաղթօջախներում ձևավորված տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարները, ՀՀ տարբեր գերատեսչությունների փորձագետներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ մասնակցում են ընդարձակ քննարկման ՀՀ նախագահի գլխավորությամբ: