«Medimall.am»  լրատվականն ամփոփում է անցնող օրը.













Բարաք Օբաման նորից օգտագործեց Մեծ եղեռն եզրը

 

 

 

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1915 թվականի սոսկալի իրողության բնութագրման համար կրկին օգտագործել է Մեծ եղեռն եզրը: ԱՄՆ նախագահը միաժամանակ ողջունել է Հռոմի Պապի հայտարարությունը' ընդգծելով, որ հայերը սպանվել են իրենց պատմական հայրենիքում: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով Սպիտակ տան տարածած հայտարարությունը:

 

 

«Այս տարի մենք հիշատակում ենք Մեծ եղեռնի' 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունների հարյուրամյակը: 1915 թվականից սկսած' Օսմանյան կայսրությունում ապրող հայերը տեղահանվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ոչնչացվեց նրանց մշակույթը և ժառանգությունն իրենց հինավուրց հայրենիքում: Սարսափելի բռնությունների հետևանքով, որոնք տառապանք բերեցին բոլոր կողմերին, մեկուկես միլիոն հայեր կործանվեցին»,- ասել է ԱՄՆ նախագահը:

 

 

 

«Երբ 1915-ի սոսկալի իրադարձությունները բացահայտվեցին, ԱՄՆ դեսպան սըր Հենրի Մորգենթաուն տագնապի ազդանշան հղեց ԱՄՆ իշխանություններին և հակամարտության մեջ մտավ օսմանյան ղեկավարության հետ: Նրա և այսօրինակ այլ ջանքերի շնորհիվ երևան եկավ ճշմարտությունը Մեծ եղեռնի մասին և ավելի ուշ իր ազդեցությունը թողեց այնպիսի իրավապաշտպանների աշխատանքի վրա, ինչպիսին էր Ռաֆայել Լեմկինը, ով իր ներդրումն ունեցավ Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հռչակագրի [դաշնագրի] ընդունման գործում»:

 

 

Օբաման նաև ընդգծել է. «Ես հետևողականորեն հայտարարել եմ 1915-ին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը, և իմ դիրքորոշումը չի փոխվել: Փաստերի լիակատար, շիտակ և արդարացի ճանաչումը մեր շահերից է բխում»: ԱՄՆ նախագահը նաև ողջունել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն այն մասին, որ 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, սակայն այդ համատեքստում հիշատակել է նաև «թուրք և հայ պատմաբանների տեսակետները»: «Մենք ողջունում ենք Ֆրանցիսկոս պապի, թուրք և հայ պատմաբանների տեսակետները, ինչպես նաև բոլոր նրանց կարծիքները, ովքեր ջանքեր են գործադրել պատմության այս մութ էջերին լույս սփռելու ուղղությամբ»»,- մասնավորապես նշել է ԱՄՆ նախագահը:

 

 

2008 թվականին Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Բարաք Օբաման իր հրապարակային հայտարարություններում բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և խոստացել նախագահ ընտրվելու դեպքում պաշտոնապես ընդունել այն: ԱՄՆ նախագհը, սակայն, մինչ օրս չի կատարել իր նախընտրական խոստումը:

 

 

 

 

***

 

 

 

 

Ինչպես Քեմալ Աթաթուրքը շարունակեց տխրահռչակ երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունը

 

 

 

 

1918թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսում զինադադար է կնքվում Անտանտի և Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Օսմանյան կայսրության միջև: Օսմանյան կայսրության մեծ մասը՝ այդ թվում մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, զավթվում է դաշնակիցների զորքերի կողմից:

 

 

Զինադադարից հետո թուրքական բանակի գեներալ Մուստաֆա Քեմալը ստանձնում է սուլթանի ռազմական համհարզի պաշտոնը և սուլթանի անձնական հանձնարարականներով, լայն քաղաքական ու զինվորական լիազորություններով, մեկնում է Անատոլիա՝ որպես 3–րդ բանակի ռազմական տեսուչ: Երկրի տարբեր շրջաններում մինչ այդ արդեն ձևավորվել էին ազգայնական շարժումներ, առաջացել էր «Կուվայի միլլիյե»՝ «Ազգային ուժեր» կազմակերպությունը:

 

 

Ծանոթանալով իրավիճակին՝ Մուստաֆա Քեմալը որոշում է ընդունել պայքարը ղեկավարելու առաջարկը և ստանձնել շարժման համակարգողի դերը: Նա իր շուրջն է հավաքում քաղաքական գործիչների, որոնց մեծ մասը Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործներն ու “Իթթիհադ վե թերաքի” կուսակցության նախկին անդամներն էին, ինչքան էլ շարժման մյուս մասնակիցները հերքում էին կապը վերջիններիս հետ: Մ. Քեմալն այդքան էլ դրական վերաբերմունք չուներ իթթիհադականների ու նրանց ղեկավարության նկատմամբ, սակայան երկու կողմերն էլ զգում էին միմյանց կարիքը. մեկը մյուսին օգտագործում էր՝ թաքնվելով ազգայանականության շղարշի տակ՝ չնայած իթթիհադականներից շարժումը հեռու պահելու Մ. Քեմալի պնդումներին:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

 

Անցած գիշեր հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 200 կրակոց

 

 

 

 

Հայ-ադրբեջանական սահմանին ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը եղել է միջին լարվածության: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը եղել է միջին լարվածության: Հակառակորդի կողմից եղել է 200 կրակոց: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Կրակոցները հիմնականում եղել են դիրքերի ուղղությամբ: Բոլոր կրակոցներին պատասխանել ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:

 

 

Նա հայտնեց, որ այս պահին էլ սահմանին ըստ էության նույն իրավիճակն է: «Հնարավոր է, որ լարվածությունն այս պահին մի փոքր թուլացած լինի, որովհետև առավոտները սովորաբար թուլանում է լարվածությունը»,- ասաց ՊՆ խոսնակը:

 

 

 

 

 

***

 

 

 

Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են

 

 

 

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քիչ առաջ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մինչ այդ նրանք այցելել են ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և գրառում կատարել հուշամատյանում:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նախագահներին դիմավորել են Սերժ Սարգսյանը և Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

 

 

Երկրների նախագահները դեղին վարդ են ավելացրել Ցեղասպանության զոհերի հիշատակի ծաղկեպսակին:

Ցեղասպանության զոհերի հիշատակի ծաղկեպսակ անմոռուկին, դեղին վարդ ավելացրեց նաև Սերժ Սարգսյանը, ինչից հետո Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հնչեց ՀՀ հիմնը:

Այս պահին ելույթ է ունենում Սերժ Սարգսյանը:

 

 

 

***

 

 

 

Էրդողանը ուղերձ է հղել հայերին

 

 

 

 

«Թուրքիան կիսում է հայ ժողովրդի ցավը՝ 1915 թ. ողբերգական իրադարձությունների հետ կապված», ասված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերին հասցեագրված ուղերձում, որն ընթերցվել է Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպված պատարագի ժամանակ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

 

 

Պատարագն անցկացվում է Ստամբուլի Սբ. Աստվածածին եկեղեցում: Առաջին անգամ նման միջոցառմանը պաշտոնապես մասնակցում է թուրքական կառավարության անդամ՝ ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրը:

 

 

«Մենք տեղյակ ենք տխուր իրադարձությունների մասին, որոնք վերապրել է հայ համայնքն անցյալում: Անկեղծորեն կիսում ենք ձեր ցավը: Ցանկանում եմ, որպեսզի դուք իմանաք, որ մեր սրտերը բաց են Օսմանյան կայսրության հայերի բոլոր սերունդների համար»,- ասված է Էրդողանի ուղերձում: