Mediamall.am-ն առանձնացրել է օրվա՝ առավել կարևոր լուրերը.
Ալժիրում ավիավթարի արդյունքում 119 մարդ է զոհվել
Ավիավթարի արդյունքում 119 մարդ է զոհվել Ալժիրի արևելքում, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
Նախնական տվյալներով' Ումմ-էլ-Բավակիի շրջանում վթարի է ենթարկվել «Իլյուշին» մակնիշի ռազմատրանսպորտային ինքնաթիռը:
Աղբյուրը նշում է, որ ինքնաթիռը թռչել է Վարկալա նահանգից երկրի հյուսիս-արևելքում գտնվող Կոնստանտին քաղաքի օդանավակայան:
Միջադեպից այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
***
Դեսպանը չի բացառում Հայաստանի քաղաքացիների համար ՌԴ միգրացիոն օրենսդրության մեղմումը
«Դաշնակից ժողովուրդների միջեւ չպետք է լինեն անլուծելի խնդիրներ: Եթե որեւէ հարց անհանգստություն է առաջացնում, ապա վստահ եմ, որ կողմերը' ունենալով այդ հնարավորությունը, կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, կքննարկեն եւ կգտնեն ձեռնտու որոշում»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ դեսպանը:
Նրա խոսքով' Մաքսային միությունն առայժմ չի նախատեսում աշխատուժի ազատ ելումուտ, սակայն, երբ արդեն գոյություն ունենա Եվրասիական տնտեսական միությունը, ապա հարցն այլ կլինի, քանի որ այն ինտեգրացման ավելի բարձր մակարդակ նախանշում, եւ նախատեսվում է հարցերը քննարկել հենց այդ կառույցում:
Համաձայն վերջին հետազոտության, Հայաստանից կարճաժամկետ աշխատանքային միգրատների 97 տոկոսը մեկնում է ՌԴ: Տարեկան նրանց թիվը կազմում է մինչեւ 80 հազար, իսկ երկրաժամկետ միգրանտները, որ մեկնում են ընտանիքներով' մեկ կամ մի քանի տարով, 70 տոկոսը նախապատվությունը տալիս է ՌԴ-ին: Փաստորեն, տարեկան Հայաստանի շուրջ 800 հազար քաղաքացի Ռուսաստան է մեկնում:
Հունվարի 1-ից ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածքում մնալ 90 оր'յուրաքանչյուր 180 оրվա ընթացքում: ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումները շփոթմունք են առաջացրել ԱՊՀ երկրների, մասնավորապես, Հայաստանի քաղաքացիների շրջանում, ովքեր որեւէ կերպ չէին կարողանում տեղեկություն ստանալ' իրենց մուտքը Ռուսաստան արգելվում է, թե ոչ: ՌԴ միգրացիոն ծառայության կայքում բացվել է հատուկ էջ, որտեղ օտարերկրացիների համար նախատեսված հատուկ հարցաթերթիկում լրացնելով անձնական տվյալները' կարելի է ճշտել, քաղաքացու մուտքը Ռուսաստան արգելվում է, թե' ոչ: ՌԴ միգրացիոն ծառայության կայքը' առցանց ծառայությունը պահանջում է լրացնել անուն-ազգանուն, անձնագրի տվյալներ, որից հետո ՌԴ միգրացիոն ծառայության տվյալների շտեմարանով ճշտվում է' օտարերկրացին մուտքի թույլտվություն կստանա՞, թե' ոչ:
***
ՀՀ միգրացիոն գործակալությունն ուսումնասիրում է ադրբեջանցի ընտանիքի Հայաստան գալու պատճառները
«Դեպքը դիտարկում ենք որպես ապաստանի հերթական հայց: Մեզ համար բացարձակապես որևէ կապ չունի, որ երկրից են եկել' Ադրբեջանից, թե աֆրիկյան որևէ երկրից»,- նշեց Գագիկ Եգանյանը' հավելելով, որ ապաստան տրամադրելու հայցի հետ կապված կան որոշակի ընթացակարգեր եւ իրենք շարժվում են ըստ այդ կարգի:
«Ժամկետը սահմանված է վարչարարության մասին օրենքով' մեկ ամիս, առանձին դեպքերում' երեք ամիս: Այս պահին հարցը լուծման գործընթացի փուլում է, հետեւաբար, ավելին ասել չեմ կարող»,- ասաց Գագիկ Եգանյանը:
ՀՀ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն' հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը' իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ' Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին' Ջավիդ Օրուջևը պարտադրված համաձայնել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և կնոջ' արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ:
Գիտակցելով իր և ընտանիքի սպառնալից իրավիճակը' Օրուջևը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները: Հայտնվելով անելանելի իրավիճակում և, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանո ւթյուններից:
***
Մերկացվել են Էրդողանի կոռուպցիոն գործողությունները
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, Քըլըչդարօղլուն իր գործընկերներին հանձնարարել է անտարբեր չմնալ վարչապետի ապօրինությունների բացահայտման հետ կապված գործընթացի նկատմամբ: Հրապարակված ձայնագրություններում Էրդողանը որոշ գործարարների հետ խոսում է որոշ պետական տարածքներ եւ օբյեկտներ, այդ թվում' Sabah թերթն ու ATV հեռուստաալիքն առանց պաշտոնապես հայտամրցույթ հայտարարելու վաճառքի մասին:
«Այս բոլոր հեռախոսային լսումները կատարվել են դատարանի տված որոշումների համաձայն եւ օրինական են: Այստեղ երեւում է, թե ինչպես են կառուցել Ուրլայի վիլլաները, ինչպես է գործարարը պաշտոն հաջողեցրել կայմակամի համար, ինչպես են օրինապահ նահանգապետին քշել Դիարբեքիր, ինչպես է Էրդողանը մեդիա կառույցը այլ հոլդինգի վերածել եւ կոռուպցիայի մեջ հովանավորել տրանսպորտի եւ տեղեկատվության նախարար Բինալի Յըլդըրըմին: Կապալառուին նշանակելուց հետո սկսվում է հարկահավաքը:
Ստացած կաշառքից հետո գործարարներին 87 մլրդ դոլար են հատկացրել: Մենք ապրում ենք կաշառակեր իշխանությամբ նման Թուրքիայում: Մենք խոսել ենք իշխանությունների ստացած կաշառքների, Halkbank-ի տնօրենի տանից 4,5 մլն դոլար կանխիկ գումար հայտնաբերվելու մասին…Այսքանից հետո ինչ զուգահեռ պետության մասին է խոսքը», -ասել է Քըլըչդարօղլուն:
Կայքը հայտնում է, որ Քըլըչդարօղլուի կողմից Էրդողանի հեռախոսային ձայնագրությունների հրապարակման ընթացքում, բացի Halk TV եւ CNNTurk հեռուստաալիքներից, մնացած բոլոր հեռուստաալիքները դադարեցրել են հեռարձակումը, եւ վերականգնել, երբ նա շարունակել է ելույթը:
Դեկտեմբերի 17-ին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալի հետ կապված Էրդողանը հայտարարել էր, որ այդ բոլորը արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների կողմից ստեղծված «զուգահեռ պետության» անդամների գործն է, որոնք թափանցել են իրավապահ մարմիններ եւ արդարադատության համակարգ, եւ Թուրքիայում հեղաշրջում իրագործելու նպատակ են հետապնդում:
***
Գիշերվա ընթացքում հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ 60 կրակոց է արձակել
Սահմանի ողջ երկայնքով փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը խախտել է հրադադարն ու հայկական կողմի ուղղությամբ կրակահերթեր բացել: Հակառակորդը կրակել է Արցախի դիրքապահների, իսկ ՀՀ Տավուշի մարզում կրակ բացել նաեւ բնակավայրերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 60 կրակոց, դրանց մեծ մասը' անկանոն: «Հայկական զինված ուժերը պատասխան կրակ չեն բացել»,- ասաց Հովհաննիսյանը'հավելելով, որ հայկական կողմը զոհեր կամ վիրավորներ չունի, իսկ առավոտյան սահմանին վիճակը կայունացել է:
***
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիան հակագրոհի է պատրաստվում. թուրքագետ
«Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ թե՛ Սփյուռքը, թե՛ Հայաստանի Հանրապետությունը արդեն սկսել են բավականին լուրջ աշխատանք իրականացնել: ՀՀ-ում ստեղծված է Հայոց ցեղասպան ության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով, որի մշակած միջոցառումների ծրագիրը կդրվի կոնկրետ գործողությունների մեջ»,- նշեց թուրքագետը:
Թուրքիան ևս իր հերթին պատրաստվում է համակարգված գործողություններ իրականացնել: Հովսեփյանը պատահական չի համարում, որ որոշ ժամանակ առաջ Անկարայում կայացած թուրք դեսպանների 6-րդ համաժողովի ընթացքում հրապարակայնորեն քննարկվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հարցը: «Թուրքիան քաղաքական, դիվանագիտական, գիտական և հասարակական ողջ ռեսուրսն ուղղում է այս հարցին, հատկացվում են բավականին մեծ ֆինանսական միջոցներ, նույնիսկ հաստատված են բյուջեներ լոկալ առանձին կառույցների, ինչպես նաև պետական ֆորմատով»,- նշեց նա:
Թուրքագետի խոսքով, պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, արտերկրի ինստիտուտների և տարբեր այլ կազմակերպությունների միջոցով Թուրքիան պատրաստվում է հակագրոհի կամ առնվազն' գոնե պաշտպանության: «Պատահական չէ, որ Էրդողանը դեսպանների համաժողովի ընթացքում հայտարարեց, որ սա մարտահրավեր է Թուրքիայի համար և դեսպաններին հորդորեց ամենայն լրջությամբ մոտենալ այս հարցին»,- ասաց Հովսեփյանը:
Նրա խոսքով, սա արդեն մեսիջ է, որպեսզի նաև պետական ապարատը, դիվանագիտական կորպուսը և արտերկրում առկա դիվանագիտական և համալսարանական կառույցներն ավելի ակտիվ լինեն:
***
«ՀայՌուսգազարդ»-ն անհիմն է որակում հայտարարությունը գազը կալորիազրկող սարքի վերաբերյալ
«Ներազգային ազատագրական շարժման» հիմնադիր Վահան Մարտիրոսյանի պնդումները գազը կալորիազրկող սարքի վերաբերյալ անհիմն են և անհեթեթ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը։ Նրա խոսքով՝ Վահան Մարտիրոսյանի պնդումներն անլուրջ են և արժանի չեն մեկնաբանման։ «Ասուլիսում Վահան Մարտիրոսյանի արած հայտարարությ ունները ես որակում եմ անհեթեթ։ Դրանք որևէ մասնագիտական ուսումնասիրություն և փորձագիտական եզրահանգում չեն պարունակում։ Ես մեկնաբանություն չունեմ մի հարցի շուրջ, որն անհիմն է»,-ասաց Սարդարյանը։ Նա նշեց, որ Մարտիրոսյանը չի ներկայացնում որևէ փաստ և չի տալիս այն մարդու անունը, որին ներկայացնում է իբրև «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակից։
Փետրվարի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ «Ներազգային ազատագրական շարժման» հիմնադիր Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց մի լուսանկար, որտեղ, ըստ նրա պնդումների, պատկերված է մի սարք, որով գազը ազոտի միջոցով կալորիազրկվում է և ավելանում է գազի ծավալը։ Նա նշեց, որ այդ լուսանկարն իրեն է տրամադրել «ՀայՌուսգազարդի» մի աշխատակից։