Սահմանի ողջ երկայնքով փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը խախտել է հրադադարն ու հայկական կողմի ուղղությամբ կրակահերթեր բացել: Հակառակորդը կրակել է Արցախի դիրքապահների, իսկ ՀՀ Տավուշի մարզում կրակ բացել նաեւ բնակավայրերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 60 կրակոց, դրանց մեծ մասը' անկանոն: «Հայկական զինված ուժերը պատասխան կրակ չեն բացել»,- ասաց Հովհաննիսյանը'հավելելով, որ հայկական կողմը զոհեր կամ վիրավորներ չունի, իսկ առավոտյան սահմանին վիճակը կայունացել է:

 

Թեպետ Միջազգային օլիմպիական կոմիտեն կոչ էր արել Սոչիի ձմեռային օլիմպիադայի ժամանակ հակամարտող երկրներին զերծ մնալ բռնությունից եւ պահպանել օլիմպիական զինադադարը, սակայն ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է այն' հայկական դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր բացելով եւ սահմանին իրավիճակը լարելով: Դրան ի պատասխան, հայկական կողմը պատրաստակամություն է ցուցաբերել որպեսզի օլիմպիական խաղերի ժամանակ սահմանին իրավիճակը չսրվի եւ զոհեր չգրանցվեն:

 

Սահմանային անվտանգության հարցը քննարկվել է նաեւ փետրվարի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ եւ պաշտպանության նախարարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը' հրադադրի ռեժիմը չպետք է խախտվի եւ պետք է բացառվի սահմանին լարված վիճակի ստեղծումը: Հայ դիրքապահները պատասխան գործողությունների են անցնում միայն, եթե ադրբեջանական կողմը դիմում է սադրիչ գործողությունների: