«Mediamall.am»   լրատվականն ամփոփում է անցնող օրը.













Մահացել է Հովիկ Աբրահամյանի հայրը

 

 

 

 

Ապրիլի 19-ին 87 տարեկան հասակում առողջական խնդիրների պատճառով մահացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայրը՝ Արգամ Աբրահամյանը:

 

 

 

 

***

 

 

 

Գյումրիում տեղի ունեցած սպանության գործով կատարվում է քննություն

 

 

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մուշի բաժնում ապրիլի 18-ին՝ ժամը 22.05-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել է, որ Գյումրիի Մհեր Մկրտչյան փողոցի 34/Ա շենքի մի բնակարանում դիակներ կան: Մեկնած օպերատիվ խումբը բնակարանում հայտնաբերել է նույն բնակարանի բնակչուհիներ 1964թ. ծնված Ալվարդ Շահումյանի և 1925թ. ծնված Քնարիկ Շահումյանի դիակները:

 

 

Արտաքին զննությամբ դիակների վրա հայտնաբերվել են բռնության հետքեր' մարմնի տարբեր մասերի սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

 

 

 

 

***

 

 

 

Թուրքիայում Նիշանյանի բանտարկության ժամկետը երկարաձգվել է

 

 

 

Թուրքիայում հայ լինելու համար շինծու մեղադրանքներով ձերբակալված պատմաբան, գրող, լեզվաբան, լրագրող Սեւան Նիշանյանի ազատազրկման ժամկետը եւս 4 տարի 7 ամիս ժամկետով երկարաձգվել է' հասցվելով 11 տարի 1 ամիս ժամկետով բանտարկության:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» թերթը' նշելով, որ թուրքական Վճռաբեկ դատարանը բավարարել է երեք տարբեր դատական գործերով նրա բանտարկության ժամկետը եւս 4 տարի 7 ամսով երկարաձգելու մասին դատարանի ընդունած նախկին որոշումը:

 

 

Ապրիլի 21-ին Ս. Նիշանյանը պետք է փակ բանտից տեղափոխվեր բաց բանտ, սակայն, այդ որոշումով, այժմ նա մինչեւ 2016 թվականը պետք է մնա փակ բանտում:

 

 

Թուրքիայում մինչ այժմ Ս. Նիշանյանի նկատմամբ մշակութային եւ բնական հուշարձանների պահպանության օրենքի խախտման մեղադրանքով 11 քրեական գործ է հարուցվել: Նրա փաստաբանների պնդմամբ, բոլոր քրեական գործերը միացնելու եւ մեկ դատական գործի շրջանակում պատիժ սահմանելու մասին բողոքին Թուրքիայի հանրապետական գլխավոր դատախազությունը դեռեւս չի պատասխանել:

 

 

Անդրադառնալով թեմային' թուրքական DemokratHaber կայքը գրել է, որ Ս. Նիշանյանի դեմ դատավարության եւ 1915 թվականին ձերբակալված եւ սպանված հայ մտավորականների միջեւ ոչ մի տարբերություն չկա:

 

 

Ս. Նիշանյանն ավելի վաղ բանտից նամակ էր հղել թուրքական իշխանություններին, որում հայտարարել էր, որ իրեն չեն կարող վախեցնել եւ ծնկի բերել:

 

 

Նամակում Ս. Նիշանյանը գրել էր. «Կարծում են, կարող են ինձ վախեցնել եւ ծնկի բերել: Չկարողացան: Հանրապետության ժամանակաշրջանում եւս շարունակաբար օգտագործելով նախկին բռնությունները' մտածեցին, թե հարյուր հազարավորներին այս վայրերից փախցրածների նման ինձ ևս կարող են հեռացնել այստեղից: Չկարողացան: Ձերբակալեցին եւ կարծեցին՝ կարող են ծնկի բերել: Չեն կարող…»:

 

 

Նամակում Ս. Նիշանյանը եւս մեկ անգամ նշել էր, որ իրեն ձերբակալել են ապօրինաբար, քանի որ ինքը Թուրքիայում այն հարյուր հազարավորներից մեկն է, ով առանց թույլտվության շինություն է կառուցել: «Ինչու՞ այդ հարյուր հազարավորներից միայն ինձ են պատժել: Երկրում ապօրինի շինարարություն միայն Նիշանյա՞նն է արել: Ես արել եմ այն, ինչ անում են բոլորը», -նշել էր նա: Նամակում Ս. Նիշանյանը մեկ անգամ եւս հավաստել էր, որ շարունակելու է քննադատել իշխանությունների թերությունները:

 

 

Ըստ DemokratHaber կայքի' Ս. Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը' հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը:

 

 

2014 թվականի հունվարից ազատազրկման մեջ գտնվող Ս. Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ օրենքով իրեն պատկանող տարածքում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հյատնել է, որ Ս. Նիշանյանի ձերբայալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:

 

 

 

***

 

 

 

Ֆրանսուա Օլանդը Երևանում կլինի ապրիլի 23-ի երեկոյան

 

 

 

 

Հայտնի է դարձել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի' Հայաստան կատարելիք այցի ժամանակացույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը, Ֆրանսիայի առաջնորդը Երևանում կլինի ապրիլի 23-ի երեկոյան և մեր երկրում կգտնվի ապրիլի 24-ին ամբողջ օրը: Օլանդը Հայաստան է ժամանում մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

 

 

Միաժամանակ, և Ելիսեյան պալատը, և Կրեմլը չեն բացառել, որ Երևանում հնարավոր է Օլանդի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այն հնարավոր է համարել Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ երկու նախագահների՝ Երևանում գտնվելու ժամանակացույցը համընկնում է, AFP-ն էլ, իր հերթին վկայակոչելով Ելիսեյան պալատում իր աղբյուրը, նշել էր, որ հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա:

 

 

 

 

***

 

 

 

 

 

Իմ մեջ ատելություն չեն դաստիարակել. Շառլ Ազնավուր

 

 

 

Հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցը ֆրանսիական մամուլի համար առիթ Է դարձել վերադառնալու այդ ողբերգական իրադարձությունների իմաստավորմանը: Այսօրվա «Փարիզիեն»-ը մի շարք հարցազրույցներ Է տպագրել ցեղասպանության զոհերի ժառանգների հետ: Նրանցից շատերը հարկադրաբար իսլամ ընդունելուց հետո շարունակում են ապրել Թուրքիայում: «Մոնդ»-ը «Հայկական մենության հարյուր տարին» խորագրի ներքո տպագրել Է Շառլ Ազնավուրի սրտառուչ հոդվածը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով RFI-ին:

 

 

«Այո, դա ճիշտ Է՝ ես մահացած եւ չթաղված այդ ժողովրդի մասնիկն եմ»,- գրում ֆրանսիացի մեծ երգիչը:

Հոդվածն սկսվում Է թուրքական ժխտողականության արձանագրմամբ. «Երկար ժամանակ քամին ավազով Էր պատում եւ մոռացության մատնում այդ զանգվածային կոտորածը, եւ միայն 1980-ական թվականներին աշխարհի երկրներն աստիճանաբար սկսեցին մեկուկես միլիոն հայերի սպանությունը ճանաչել որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

 

 

 

Այն մասին, թե ինչպես Է տեղի ունենում այդ ճանաչումը, երաժիշտը խոսում Է երաժշտական տերմիններով՝ mezza voce: Նա, ով բոլորից ավելի լավ Է տարբերում ձայների նրբերանգները (Time-ի եւ CNN-ի կողմից 1998 թվականին համատեղ անցկացված հարցման համաձայն Շառլ Ազնավուրը ճանաչվել Է 20-րդ դարի լավագույն Էստրադային կատարողը) բացատրում Է՝ ինչ Է նշանակում նման կիսաճանաչումը:

 

 

Խոսքը նախեւառաջ հալածանքների մասին Է, որոնք շարունակվում են: Շառլ Ազնավուրը վկայակոչում Է ոչ թե հարյուրամյա վաղեմության, այլ վերջին տարիների փաստեր: Դա նաեւ Թուրքիայի կողմից հրաժարվելն Է՝ վավեր ացնելու 2009 թվականին ստորագրված արձանագրությունները՝ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար, եւ այդ վավերացումը ղարաբաղյան խնդրով պայմանավորելը:Շարունակությունն՝ այստեղ.

 

 

 

 

***

 

 

 

 

Ադրբեջանը հայտնում է հերթական զինծառայողի կորստի մասին

 

 

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության Թառթառի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայողը ինքնասպանություն է գործել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթը հայտնում է պայմանագրային զինծառայող Շահին Բախտիյար օղլու Մամեդովը (ծնվ. 1992 թ.) ինքնասպանություն է գործել իրեն ամրակցված զենքից:

 

 

Զոհվածը զինծառայության էր կանչվել Գյուանբոյի շրջանից: Ադրբեջանի ՊՆ-ը դեռեւս չի արձագանքել այդ տեղեկատվությանը:

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 16 զինծառայողների մահը («Խազար» հետազոտական կենտրոնի տվյալներով' 20 զոհ, ըստ բլոգեր Հաբիբ Մունթազիրի' 22 զոհ): Պաշտոնական տվյալներով' նրանցից 10-ը մահացել են մարտական պայմաններում:

 

 

Ադրբեջանը մշտապես հերքում է առաջնագծում իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները: Որպես կանոն, այդ կորուստները ադրբեջանական կողմը միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:

 

 

Թեեւ Ադրբեջանը սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները մինչ այժմ թաքցրել է սեփական հանրությունից, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 67 զինծառայող եւ 31-ից ավելի վիրավոր:

 

 

 

 

***

 

 

 

 

«Որպես հայ մարդ' շնորհակալ եմ Ֆրանսիայի ղեկավարությանը». Ա. Աշոտյան

 

 

 

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում' Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանող բարձրաստիճան հյուրերի հնարավոր այցեր Հայաստանի Ֆրանսիական համալսարան, որտեղ վերջիններս հանդիպում կունենան բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: "Որպես հայ մարդ, առիթից օգտվելով ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի ղեկավարությանը' Հայաստանի համար այս շատ կարևոր օրերին մեր երկրին աջակցելու համար",-նշել է նախարարը:

 

 

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր հերթին ընդգծել է, որ Ֆրանիսական համալսարանն իրավամբ համարվում է հայ-ֆրանսիական հաջողված համագործակցության լավագույն օրինակը: Նրա խոսքով' մոտ ապագայում երկու կողմերի միջև կկնքվի համապատասխան համաձայնագիր, որով կճշգրտվեն կողմերի հանձնառությունները, ֆինանսական և իրավական պարտավորությունները, ինչպես նաև բուհի իրավական կարգավիճակի հետ կապվսծ մի շարք հարցեր:

 

 

Արմեն Աշոտյանը ողջունել է, որ Ֆրանսիայի կրթության նախարարն աձամբ է ներկա լինելու Բոլոնիայի գործընթացի շրջանակներում մայիսին Երևանում կայանալիք նախարարական գագաթաժողովին' ընդգծելով, որ վերջինս մեկ նիստ է վարելու' որպես Հայաստանից հետո Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը ստանձնող երկրի նախարար:

 

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ֆրանսիայի կրթության նախարարի այցի ընթացքում վերջինիս հետ երկկողմանի հանդիպման, ինչպես նաև Երևանի դպրոցներից մեկում ֆրանսիական դասարանի բացմանը ներկա գտնվելու հնարավորությունը:

 

 

 

 

***

 

 

 

Թանկյանը խոսել է իր արմատների և Ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողությունների մասին

 

 

 

 

Ամերիկյան National Public Radio-ն անդրադարձել է System of a Down ռոք խմբի «Wake Up The Souls» շրջագայությանն ու ապրիլի 23-ին Երևանում կայանալիք համերգին:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ NPR-ի հաղորդավար Արուն Ռաթի հետ զրույցում խմբի մենակատար Սերժ Թանկյանը խոսել է իր արմատների, հայ ժողովրդի հիշողության, Հայաստանի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների մասին: Թանկյանը պատմել է, որ մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմություններ լսելով, նա Ցեղասպանությունը վերապրածների սերունդ է, ու մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգությունն իր ազդեցությունն է թողել Թանկյանի կյանքի և երաժշտության վրա: Նա շեշտել է, որ այդ պատմությունները խորը հետք են թողել խմբի չորս անդամների վրա և նրանք հարցն ընկալում են անձնական տիրույթում:

 

 

«Մարդիկ իսկապես շատ հուզված են: System of a Down-ը հավանաբար ամենահայտնի խումբն է, որ կարող է նվագել Հայաստանում, որովհետև այնտեղ ոչ միայն երաժշտության երկրպագուներ կան, այլև խմբի արած քաղաքական աշխատանքի կամ Ցեղասպանության իրազեկվածությունը տարածելուն ուղղված աշխատանքի երկրպագուներ: Այնպես որ մենք այնտեղ մեծ քանակությամբ երկրպագուներ ունենք»,- ասել է Թանկյանը' հավելելով, որ չնայած նրան, որ Էրդողանի կառավարությունը Ցեղասպանությունը ճանաչելու որևէ նպատակ չունի և միլիոնավոր դոլարներ է ծախսում լոբբիստական գործունեությ ան համար՝ ապատեղեկատվություն տարածելու նպատակով, այնուամենայնիվ, գալու է այն օրը, երբ, ի վերջո, Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանությունը: