«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն իրադարձությունները
ՃՏՊ' Էջմիածին-Արմավիր ճանապարհին. 4 մարդ է տուժել
ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 22-ին' ժամը 07.56-ին, ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-16 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածում' Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Հ.-ը (ծնված 1986թ.), ուղևորներ' Ն. Վ.-ը (ծնված 1996թ.), Ա. Մ.ը (ծնված 1997թ.) և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ' Կ. Կ.-ը (ծնված 1988թ.) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:
***
Թուրքիան սահման կբացի իրաքյան քրդերի համար
Թուրքիան սահման կբացի, որպեսզի իրաքյան քրդերը կարողանան միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին՝ սիրիական Քոբանի քաղաքում: Այս մասին հայտնել է «Ալ Ջազիրա»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մովլութ Չավուշողլուին:
Նշվում է, որ այս որոշումը կարող էր ընդունվել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և նրա ամերիկացի պաշտոնակից Բարաք Օբամայի միջև զրույցից հետո: Աղբյուրի փոխանցմամբ՝ Օբաման նկարագրել է իրավիճակը Քոբանիում որպես «անհույս»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՊ-ի ապստամբներին հաջողվել է գրավել զինթամթերքով բեռնատարը, որը ԱՄՆ-ն փոխանցել էր սիրիական քրդերին:
***
Հայհոյանքներ, ծեծկռտուք, բարձր երաժշտություն. Քաղաքապետի ընկերոջը պատկանող գիշերային ակումբը խաթարում է բնակիչների հանգիստը
Գևորգ Քոչարի 4 հասցեում գտնվող «Sindy» գիշերային ակումբն ամեն օր անհանգստություն է պատճառում շենքի բնակիչներին: Գիշերային ակումբի դիմաց գտնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Մոսկովյան պուրակը և բնակելի շենք, որի բնակիչներն արդեն տևական ժամանակ է՝ կորցրել են իրենց հանգիստը:
Ամբողջ գիշեր՝ ժամը 23:00-ից մինչև լուսաբաց, ակումբի այցելուները մեքենաների աղմուկով, մեքենաներից հնչող բարձր երաժշտությամբ, բարձր խոսակցություններով, հայհոյանքներով, ծեծկռտուքներով խանգարում են բնակիչների անդորրը:
Լուրեր.com-ի խմբագրություն դիմած բնակիչները, ովքեր չցանկացան ներկայանալ, մեզ հետ զրույցում ասացին, որ ակումբն իր գործունեությունն սկսում է կեսգիշերին, և քեֆ-ուրախությունը շարունակվում է մինչև առավոտյան ժամը 6-ը. «Բնակիչները հանգիստ չունեն: Գիշերային ակումբի գործունեությունը ոտնահարում է մեր իրավունքները, դիմել ենք պատկան մարիններին, քաղաքապետարան, բայց ոչ մի արձագանք:
Քանի անգամ, մենք' բնակիչներս ենք դիմել ակումբի տնօրինությանը, դրսում աղմկողներին, բայց ամեն անգամ հո չե՞նք կարող դուրս գալ ինքներս բղավել, որ լռեն: Դիմել ենք անգամ ոստիկանություն, որ գան, կասեցնեն այդ ակումբի գործունեությունը, բայց այնտեղից մեզ ասում են, որ այդ գործառույթը պատկանում է միայն Տարոն Մարգարյանին»,- ասացին նրանք և հավելեցին, որ ոստիկաններն ակումբի դիմացից գրեթե ամեն օր բերման են ենթարկում հասարակական կարգը խախտող «հարբած այցելուներին»:
Գիշերային ակումբի աշխատանքը խաթարում է ոչ միայն բնակիչների հանգիստ քունը, այլ նաև «վանդալիզմի պատճառ» է դառնում: Հարբած այցելուները վերջերս ջարդուփշուր էին արել Մոսկովյան պուրակի կավե ծաղկամանները:
Բնակիչների խոսքով՝ բազում դիմումներ և բողոքներ են ներկայացվել քաղաքապետարան, բայց այնտեղ քար լռություն է: Ի դեպ, բնակիչը նշեց նաև, որ իրենց տեղեկություններով «Sindy» գիշերային ակումբը պատկանում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընկերներից մեկին՝ ոմն Ջոնի:
***
Վրաստանի պաշտպանության նախարար Ախալայան դատապարտվել Է 7,5 տարվա ազատազրկման
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային 7,5 տարվա ազատազրկման Է դատապարտել 2006 թվականի հունվարին երեք մարդու սպանության գործով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հոկտեմբերի 22-ին հրապարակված դատավճռի համաձայն, Ախալայայի հետ միասին բանտային պատժաժամկետներ են ստացել Վրաստանի ՆԳ նախարարության նախկին բարձրաստիճան աշխատակիցներ Լեւան Կարդավան, Գեորգի Մազվիշվիլին եւ Մեգիմս Կարդավան: Նրանցից երկուսը՝ Կարդավան եւ Մազվիշվիլին, դատապարտվել են անմիջականորեն Թբիլիսիի Նավթլուղի կայարանում հատուկ գործողության ընթացքում երիտասարդների սպանության համար:
Պաշտպանության նախկին նախարար Ախալայան, որը 2006 թվականին զբաղեցնում էր պատիժների կատարման դեպարտամենտի պետի պաշտոնը, մեղադրվում Է կալանավորներին՝ սպանված երիտասարդների ազգականներին, ծեծի ենթարկելու մեջ, որոնք իբր նախապատրաստում Էին նրանց փախուստը:
Ախալայան մեղադրվում Է եւս մի քանի քրեական գործերով: Նա արդեն երկու տարի գտնվում Է կալանքի մեջ եւ հայտարարում Է, թե ինքը մեղսակից չԷ իրեն վերագրվող բոլոր հանցագործություններին: Ախալայան Վրաստանի պաշտպանության նախարարությունը գլխավորել Է 2009-2012 թվականներին: 2012 թվականի հուլիսին նա զբաղեցրել Է ներքին գործերի նախարարի պաշտոնը, բայց արդեն սեպտեմբերին պաշտոնաթող Է եղել Թբիլիսիի Գլդանի բանտում կալանավորների կտտանքների հետ կապված սկանդալից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
***
4 տղամարդ անչափահասին բռնությամբ նստեցրել են ավտոմեքենա և տեղափոխել անհայտ ավտոտնակ. հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին առևանգելու դեպքի առթիվ։
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կենտրոն է տեղափոխել 15-ամյա Խաչատրյանին՝ կապկպված վիճակում։
Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում անչափահասը հաղորդում է ներկայացրել, որ 2014թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Զավարյան փողոցում 4 տղամարդ բռնության գործադրմամբ իրեն նստեցրել են մի ավտոմեքենա և տեղափոխել անհայտ ավտոտնակ, որտեղ կապել են ոտքերը, ձեռքերը, աչքերը և բերանը։ Ապա՝ իր և իր հոր հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ՝ նույն ավտոմեքենայով տեղափոխել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի 47 շենքի հարակից տարածք և փախուստի դիմել:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական՝ գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
***
Անրի Ռենոն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում
Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Մամուլի ազգային ակումբի հրավիրած ասուլիսին դեսպանը նշեց, որ Հայաստանից հեռանալիս իր հետ տանելու է հայուհիների ժպիտները և խաչքար, որը, նրա գնահատմամբ, լավագույնս է արտահայտում հայկական ինքնությունը:
Անդրադառնալով մեր երկրում իր քառամյա գործունեությանը' դեսպանը նշեց, հայ-ֆրանսիական համագործակցության և գործընկերության բոլոր տարբերակները փորձել է գործի դնել և օգտագործել: «Քառամյա պաշտոնավարման ընթացքում ինձ բախտ է վիճակվել մասնակիցը լինել Ֆրանսիայի Հանրապետության երկու նախագահների այցերին Հայաստան: Ես Հայաստանից հեռանում եմ ոչ նվազ կարևոր իրադարձության նախօրեին. մոտ օրերս կկայանա Փարիզի գագաթնաժողովը, որի շրջանակում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը»,- ասաց Ֆրանսիայի դեսպանը:
Նրա խոսքով' տնտեսական ոլորտում շատ կարևոր առաջընթաց է գրանցվել' մասնավորապես ֆոնդերի կառավարիչ «Ամունդ» ֆրանսիական ընկերության հաստատումը Հայաստանում, ինչպես նաև' մոտակա ամիսներին ֆրանսիական «Քարֆուր» ընկերության ցանցի մուտքը: Անրի Ռենոն նաև հույս հայտնեց, որ վերջինն իր մուտքով բավականին արգասաբեր ազդեցություն կունենա ՀՀ արդյունաբերողների և սպառողների համար:
Բացի այդ, ֆրանս-հայկական տնտեսական ֆորումը նոր հեռանկարներ բացեց տնտեսական համագործակցության համար: «Ես իմ անմիջական մասնակցությունն եմ ունեցել 2011 թվականին նախագահ Սարկոզիի' Հայստան կատարելիք այցի նախօերին ֆրանս-հայկական գործարար ակումբի հիմնադրման գործում: Հաջորդ ձեռնարկը, որ ցանկանում եմ նշել, այն է, որ մեզ հաջողվեց պատրատել ՀՀ տնտեսությանը վերաբերող տեղեկատվական թերթիկ' ֆրանսիացի գործարարների համար»,- նշեց դեսպանը:
«Իհարկե, կարելի է միշտ ավելին անել: Սակայն սկզբում իմ կողմից նախանշված բոլոր գերակայությունները հաջողվել է իրականացնել»,- հավելեց նա:
Ղարաբաղյան հարցի զարգացումները և այն ամենը, ինչ վերաբերում է Հայաստանին, հետագայում էլ մնալու են ֆրանսիացի դիվանագետի ուշադրության կենտրոնում: «Առաքելությունն ավարտելուց հետո ևս ամեն օր հետևելու եմ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին»,- խոսքն ամփոփեց Անրի Ռենոն:
Անրի Ռենոն ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն է իրականացնում 2010 թ. հոկտեմբերի 25-ից:
***
«Արա»-ներով կռիվ ԱԺ-ում՝ Նիկոլ Փաշինյանի և Վարդան Այվազյանի միջև
Այսօր Ազգային ժողովում շարունակվեց «Սահմանամերձ գյուղերում գործունեության իրականացումը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծի և հարակից փաթեթների քննարկումը, որի ընթացքում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը վեճի առիթ դարձավ վերջինիս և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հարակից զեկուցող Վարդան Այվազյանի միջև:
Փաշինյանի խոսքով՝ քննարկվող օրենքի 90%-ն առնչություն չունի սահմանամերձ գյուղերի հետ և այս օրենքով ինչ նախագիծ ցանկացել են, փաթեթով ներկայացրել են՝ անցկացնելու համար:
«Այս օրենքով ցույցերի եք հանում սահմանամերձ գյուղերի փոքր օբյեկտների աշխատողներին, որ այս օրենքից հետո դուրս են գալու ճամփա փակեն, ասելու են՝ ձեր արտոնությունները չենք ուզում, թողեք աշխատենք:
Ասում եք՝ տատիկները, պապիկները վարսավիրանոց են գնում, ասեմ, որ նույն տատիկ-պապիկները կամ մազ չեն կտրում, կամ էլ իրար մազ են կտրում, դրանով հարցը լուծվում է, իսկ հոսանքի ու գազի փող ամեն օր են տալիս, հիմա դուք էդ մարդկանց ասում եք՝ գիտահետազոտական արտոնություններ, որոնք այդպես էլ այդ մարդիկ երբեք չեն տեսնի»,- ասաց պատգամավորը:Շարունակությունն՝ այստեղ:
***
Օրբելի փողոցի շենքներից մեկում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ Երևան քաղաքի Օրբելի եղբայրներ փողոցի թիվ 33 շենքի 51-ամյա բնակչից հոկտեմբեր ի 21-ին ահազանգ է ստացվել, որ նույն շենքի մեկ այլ բնակարանի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման բան է նկատել։
Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ անհայտ անձը, ապօրինի ձեռք բերված, ռազմամթերք հանդիսացող «Ֆ1» տեսակի նռնակի օղակը դուրս քաշելով, գործարկուն լծակը մարտական դիրքում սևեռելով, այն դրել է սպորտային կոշիկի մեջ և միաջիլ մետաղական լարով ամրացրել Երևան քաղաքի Օրբելի 33 շենքի բնակիչ Հակոբյանին պատկանող բնակարանի մուտքի դռան բռնակին։ Կատարողի կամքից անկախ պատճառներով հանցագործությունն ավարտին չի հասցվել. նռնակը վնասազերծվել է ՀՀ պաշտպանության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում'առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
***
Շիրակում մայրը փորձել է վաճառել նորածին երեխային. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ։
2014 թվականի հոկտեմբերի 10-ին Գյումրի քաղաքի բնակչուհուց ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դուստրը, լինելով հղի եւ միջոցներ չունենալով երեխային պահելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերել Շիրակի մարզի մեկ այլ բնակչի հետ, որ երեխայի ծնունդից հետո նրան հանձնի երեխային՝ 1.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց: Երեխան ծնվել է սեպտեմբերի 18-ին եւ, պայմանավորվածության համաձայն, դուստրը երեխային հանձնել է նրան, սակայն վերջինս խոստացված գումարը չի վճարել։
Նկատի ունենալով, որ հաղորդումը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հոկտեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը):
Նախաքննությունը շարունակվում է:
***
Գավառում 17-ամյա երիտասարդ է դանակահարվել
Հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հոկտեմբեր 18-ին' ժամը 02.20-ին, հաղորդում է ստացվել, որ «ձախ ենթակողի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1997թ. ծնված Խաչիկ Կ.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է ծառից վայր ընկնելու հետևանքով:
Ժամը 11.20-ին Կորյուն Կ.-ն հաղորդում է տվել, որ որդին' Խաչիկ Կ.-ն, զանգահարել է իրեն և հայտնել, որ հոկտեմբերի 17-ին' ժամը 19.00-ի սահմաններում, ծառից վայր է ընկել և ստացել վնասվածք ու խնդրել է որդուն տալ դատաբժշկի ուղեգիր' հանգամանքները պարզելու համար: Խաչիկ Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խաչիկ Կ.-ն վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու հետևանքով, այլ հոկտեմբերի 17-ին' ժամը 19.00-ի սահմաններում, Օգոստոսի 23-ի փողոցի հարևանությամբ գտնվող այգում վաճաբանության ժամանակ 1998թ. ծնված Ն. Ս.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով:
Ն. Ս.-ն հրավիրվել է բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել է հանցագործության գործիք դանակը: Ն. Ս.-ն ստորագրությամբ հանձնվել է ծնողին:
***
ՀՀ վարչապետը Հայաստանում իշխանափոխության հիմքեր չի տեսնում
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում իշխանափոխության որևէ հիմք չի տեսնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իշխանափոխությունը միայն ասելով չի լինում. դրա համար հիմքեր են պետք:
«Ես այս պահին իշխանափոխության հիմքեր չեմ տեսնում: Ի՞նչ պահանջներ ունի ընդդիմությունը: Պետք է հիշե ցնեմ, որ ընդդիմության ներկայացրած 12 կետերին էլ մենք գրավոր պատասխանել ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունն այսօր ակտիվորեն աշխատում է, և պետք է էլ ավելի ակտիվ և արդյունավետ աշխատի։
Նա ընդգծեց, որ որևէ ճգնաժամ չի տեսնում, հակառակը՝ տեսնում է ավելի ընդգրկուն համագործակցություն քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի և խորհրդարանական խմբակցությունների հետ։ «Ես նրանց այսօր էլ եմ կոչ արել, որ միասին աշխատենք։ Եթե իրենց նպատակն է մեր ժողովրդի, մեր երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին լուծում տալը, ապա ես դա տեսնում եմ միայն միասնական ձևով»,- շեշտեց Հովիկ Աբրահամյանը։