«Mediamall.am» լրատվականն ամփոփում է օրը.






Արտաշատի քաղաքապետի ընտրություններում Արգամ Աբրահամյանը կպայքարի միայնակ



 Արտաշատի քաղաքապետի ընտրություններում Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, մրցակից չի ունենա: Բանն այն է, որ ընտրություններում ինքնառաջադրված Հովհաննես Ղազարյանը («Գազի Հովո») ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

 

Հովհաննես Ղազարյանի՝ ինքնաբացարկի լուրերը տարածվել էին օրեր առաջ, իսկ ահա այսօր ԿԸՀ ընտրացուցակում Ղազարյանի անվան դիմաց ինքնաբացարկ է գրանցվել: 

 

Քաղաքապետի ընտրություններում ինքնաառաջադրված մեկ այլ թեկնածու էլ՝ Գարեգին Համբարձումյանը, ավելի վաղ հետ էր վերցրել փաստաթղթերը: 

 

 

***

 

Հովիկ Աբրահամյանի գործոնը վճռորոշ է արտաշատյան ընտրություններում

 

Հունիսի 7-ին Արտաշատում ընտրելու են նոր քաղաքապետի: Այս ընտրությունը տարբերվում է նրանով, որ քաղաքացիները չունեն թեկնածուների ընտրության հնարավորություն, քանի որ ընտրապայքարում մնաց մեկ թեկնածու` Արգամ Աբրահամյանը:

 

 

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանից հետաքրքրվեց` ինչու ընդդիմադիր ուժերը, մասնավորապես՝ ՕԵԿ-ը, Արտաշատում թեկնածու չունի: Արդյո՞ք ճնշումներ, գուցե նաև ներքին պայմանավորվածություն է եղել: Իշխան Խաչատրյանը պատասխանեց.

 

 

 

 

««Օրինաց երկիրը» երբեք ժողովրդի մեջքի հետևում կուլիսային պայմանավորվածություններ ձեռք չի բերում այլ ուժերի կամ գործիչների հետ: Դա մեր գործելաոճը չէ: Եթե կա ասելու բան, ասում ենք բաց ու հրապարակային, եթե կա գործընթաց, ապա դրան մասնակցում կամ չենք մասնակցում՝ կրկին բաց ու հրապարակային: Բացառում եմ նաև ճնշման վարկածը: Մենք այն քաղաքական ուժը չենք, ում կարող են ճնշել կամ վախեցնել: Իր գոյության ողջ ընթացքում ՕԵԿ-ը գործել է բացառապես իր քաղաքական օրակարգին համահունչ»:

 

 

 

 

Ինչ վերաբերում է արտաշատյան ընտրություններին՝ ինչու ընդդիմադիր ուժերը առանձին թեկնածուով չեն մասնակցում, պատգամավորը խորհուրդ տվեց հետաքրքրվել այդ ուժերից, իսկ թե ինչու ՕԵԿ-ը չի առաջադրել իր սեփական թեկնածուին, ասաց, որ կուսակցությունը նպատակահարմար չի գտել մասնակցելու ընտրություններին սեփական թեկնածուով.

 

 

 

«Ինքս բացասական եմ վերաբերում առանց մրցակցության ընտրություններին: Ժողովրդավարության, հանրային և քաղաքական պատասխանատվության տեսանկյունից դրանք բավականին խոցելի են: Բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Իշխան Խաչատրյանը:

 

 

 

 

Իսկ թե որն է այստեղ թեկնածուի հայրիկի՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դերը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ լինելու փաստն ինքնին, կարծում եմ, կարևոր, եթե չասեմ՝ վճռորոշ գործոն է քաղաքական այս գործընթացում»:

 

 

***

 

Ամեն ինչ կանենք, որ ամբողջական մնա Արցախի ժողովրդի խաղաղ արարման տարածքը՝ ԼՂՀ-ն. Սեյրան Օհանյան

 

 

 

Հայաստանը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային ճանապարհով կարգավորման ճանապարհի կողմնակիցը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված հռչակագրին, որում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

 

 

«Սա այն ճանապարհն է, որը կտանի երկխոսության և հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչը շատ կարևոր նշանակություն ունի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու առումով»,- ասաց նախարարն՝ ընդգծելով, որ հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը կհանգեցնի հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև շփման գծում հրադադարի պայմանագրի իրականացմանը: «Մենք ամեն ինչ իրականացնում ենք համապատասխան ռազմական փորձագիտության շրջանակներում: Այն ամենը, ինչը կնպաստի այս խնդիրների կարգավորմանը, մենք դրա կողմնակիցն ենք»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:

 

 

Անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչ է նշանակում փոխնախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, թե անվտանգության գոտին մեզ չի բավարարում, Օհանյանն ասաց. «Սա նշանակում է, որ մենք մեր առջև դրված խնդիրները ՀՀ-ի և Արցախի անվտանգության գոտում իրականացնում ենք պատշաճ կերպով: Եթե հրահրեն և սադրանքներ լինեն, ագրեսիա լինի Արցախի հանդեպ, իսկ մենք Արցախի ժողովրդի խաղաղ արարման երաշխավորն ենք հանդիսանում, ապա մենք անպայման ամեն ինչ կանենք, որպեսզի խաղաղ արարման տարածքը՝ ԼՂՀ-ն, ամբողջական մնա և ըստ անհրաժեշտության, կարող ենք ռազմական գործողությունների դաշտը տեղափոխել այլ տարածք»: