Հունիսի 7-ին Արտաշատում ընտրելու են նոր քաղաքապետի: Այս ընտրությունը տարբերվում է նրանով, որ քաղաքացիները չունեն թեկնածուների ընտրության հնարավորություն, քանի որ ընտրապայքարում մնաց մեկ թեկնածու` Արգամ Աբրահամյանը:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանից հետաքրքրվեց` ինչու ընդդիմադիր ուժերը, մասնավորապես՝ ՕԵԿ-ը, Արտաշատում թեկնածու չունի: Արդյո՞ք ճնշումներ, գուցե նաև ներքին պայմանավորվածություն է եղել: Իշխան Խաչատրյանը պատասխանեց.

 

 

««Օրինաց երկիրը» երբեք ժողովրդի մեջքի հետևում կուլիսային պայմանավորվածություններ ձեռք չի բերում այլ ուժերի կամ գործիչների հետ: Դա մեր գործելաոճը չէ: Եթե կա ասելու բան, ասում ենք բաց ու հրապարակային, եթե կա գործընթաց, ապա դրան մասնակցում կամ չենք մասնակցում՝ կրկին բաց ու հրապարակային: Բացառում եմ նաև ճնշման վարկածը: Մենք այն քաղաքական ուժը չենք, ում կարող են ճնշել կամ վախեցնել: Իր գոյության ողջ ընթացքում ՕԵԿ-ը գործել է բացառապես իր քաղաքական օրակարգին համահունչ»:

 

 

Ինչ վերաբերում է արտաշատյան ընտրություններին՝ ինչու ընդդիմադիր ուժերը առանձին թեկնածուով չեն մասնակցում, պատգամավորը խորհուրդ տվեց հետաքրքրվել այդ ուժերից, իսկ թե ինչու ՕԵԿ-ը չի առաջադրել իր սեփական թեկնածուին, ասաց, որ կուսակցությունը նպատակահարմար չի գտել մասնակցելու ընտրություններին սեփական թեկնածուով.

 

«Ինքս բացասական եմ վերաբերում առանց մրցակցության ընտրություններին: Ժողովրդավարության, հանրային և քաղաքական պատասխանատվության տեսանկյունից դրանք բավականին խոցելի են: Բայց ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Իշխան Խաչատրյանը:

 

 

Իսկ թե որն է այստեղ թեկնածուի հայրիկի՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դերը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ լինելու փաստն ինքնին, կարծում եմ, կարևոր, եթե չասեմ՝ վճռորոշ գործոն է քաղաքական այս գործընթացում»: