2014 թվականին, երբ Հովիկ Աբրահամյանը, դեռևս, ԱԺ նախագահ էր, իսկ Նիկոլ Փաշինյանը շարքային ընդդիմադիր պատգամավոր, վերջինս հաճախ էր թիրախավորում Աբրահամյանի բիզնեսները, հարցադրում անելով՝ դուք ի վերջո պաշտոնյա՞ եք, թե՞ բիզնեսմեն: Հատկապես Փաշինյանին հանգիստ չէին տալիս Աբրահամյանի միլիոնները և հանքերը: Աբրահամյանն էլ հայտարարում էր, որ ուրիշի գրպանում փող հաշվելը այնքան էլ գեղեցիկ չէ: Թերևս, Փաշինյանը այս հարցում համաձայնվել է Աբրահամյանի հետ և դա է պատճառը, որ հեղափոխությունից հետո Աբրահամյանի բիզնեսները և, հատկապես, հանքերը մոռացության են մատնվել:
2018-ին գործարարներից մեկը բողոքել էր, որ ժամանակին Աբրահամյանը իրենից խլել է հայտնի ավազի հանքը: Հետաքննություն սկսվեց, որը, սակայն, հայտնի չէ, թե ինչ ավարտ ունեցավ, համենայնդեպս՝ Հովիկ Աբրահամյանը այսօր կալանքի տակ չէ: Ավելին, նրա և նրա մերձավոր շրջապատի՝ հանքերի հանդեպ ունեցած սերը այսօր էլ է խրախուսվում նոր իշխանությունների կողմից: Օրերս տեղեկություն տարածվեց, որ 2020 թվականի հունվարի 9-ին, գրանցվել է մի նոր ընկերություն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն, որը հասցրել է մի քանի օրվա ընթացքում դիմել Վայքի և Զառիթափի համայնքապետարաններ՝ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։ Կարճ ժամանակում հայտնի է դառնում, որ լսումներ կանցկացվեն միայն Զառիթափում, իսկ Վայք համայնքում, որի վարչական տարածքում է Ազատեկը՝ լսումներ չեն լինի։ Ամեն դեպքում այդ մասին տեղեկությունները Վայքի համայնքապետարանի կայքում բացակայում են։ Նորահայտ «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը խաչվում են Արամ Օսիկյանի անվան հետ, ով Հայաստանի տարբեր տարածքներում ընդերքօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիաներ ստացած մի շարք ընկերությունների հիմնադիրներից է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մերձավոր անձ է և նախկինում նաև ղեկավարել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերությունները. նրանց կապերի մասին ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Իսկ ահա նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ընկերության համասեփականատերերից մեկը գրանցված է Արամ Օսիկյանի դստեր բնակության հասցեում։
Եթե ընդդիմադիր Փաշինյանին այդչափ հուզում էր Հովիկ Աբրահամյանի հանքերի օրինականության հարցը, ապա նույնը չի կարելի ասել վարչապետ Փաշինյանին մասին, ով, ըստ էության, մոռացել է ժամանակին իր իսկ հնչեցրած մեղադրանքները, կամ չի ցանկանում դրանք հիշել: Հետաքրքիր է, որ օրինակ Ռանչպարի ավազի հանքում շատ օպերատիվ կերպով ստուգումներ անցկացվեցին, իսկ հանքը, ինչպես գիտենք, պատկանում էր Ալիկ Սարգսյանին, ում հետ Աբրահամյանը, ըստ մամուլի, լարված հարաբերությունների մեջ է եղել: Սակայն Աբրահամյանի նախկին և ներկա հանքերին իշխանությունների ձեռքերը չեն հասնում: Ստացվում է՝ կամ Փաշինյանը նախկինում զուտ պոպուլիստական հայտարարություններ է արել, կամ էլ առկա են ինչ-ինչ պատճառներ, գուցե նաև որոշակի պայմանավորվածություններ, որոնք թույլ են տալիս Հովիկ Աբրահամյանին ջրից չոր դուրս գալ և նույնիսկ Նոր Հայաստանում նրա մերձավորները իրենց անչափ հարմարավետ և արտոնյալ են զգում…