Հայաստանը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային ճանապարհով կարգավորման ճանապարհի կողմնակիցը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված հռչակագրին, որում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
«Սա այն ճանապարհն է, որը կտանի երկխոսության և հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչը շատ կարևոր նշանակություն ունի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու առումով»,- ասաց նախարարն՝ ընդգծելով, որ հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը կհանգեցնի հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև շփման գծում հրադադարի պայմանագրի իրականացմանը: «Մենք ամեն ինչ իրականացնում ենք համապատասխան ռազմական փորձագիտության շրջանակներում: Այն ամենը, ինչը կնպաստի այս խնդիրների կարգավորմանը, մենք դրա կողմնակիցն ենք»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչ է նշանակում փոխնախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, թե անվտանգության գոտին մեզ չի բավարարում, Օհանյանն ասաց. «Սա նշանակում է, որ մենք մեր առջև դրված խնդիրները ՀՀ-ի և Արցախի անվտանգության գոտում իրականացնում ենք պատշաճ կերպով: Եթե հրահրեն և սադրանքներ լինեն, ագրեսիա լինի Արցախի հանդեպ, իսկ մենք Արցախի ժողովրդի խաղաղ արարման երաշխավորն ենք հանդիսանում, ապա մենք անպայման ամեն ինչ կանենք, որպեսզի խաղաղ արարման տարածքը՝ ԼՂՀ-ն, ամբողջական մնա և ըստ անհրաժեշտության, կարող ենք ռազմական գործողությունների դաշտը տեղափոխել այլ տարածք»: