Ադրբեջանական կողմը առաջին հերթին պետք է պատասխան տա ահաբեկչական կազմակերպություններին հարիր այն պատերազմական հանցագործությունների համար, որոնք իրականացրել է Արցախի ժողովրդի դեմ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքներին, թե հայկական կողմն Ադրբեջանի դեմ զանգվածային ոչնչացման հենք է կիրառել:

 

 

«Հայկական կողմից, պաշտպանության բանակի կողմից նույնիսկ հնարավոր ամեն ինչ արվել է, որ Ադրբեջանի խաղաղ բնակչությունը խոցման տակ չգտնվի»,- ասաց Օհանյանը: Նախարարը շեշտեց, որ Ադրբեջանի դեմ հայկական կողմից զանգվածային զենք կիրառելու մասին խոսակցություններն ու լուրերը հերյուրանք են ու բացահայտ սուտ:

 

 

Սեյրան Օհանյանը նաև հավելեց, որ Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցով պաշտպանության նախարարությունը իրավապահ ոլորտի հետ մեկտեղ աշխատանքներ է իրականացնում: «Նախարարությունն արդեն համապատասխան նյութեր պատրաստել է և նշված գործընթացում իր դերակատարումն ունենալու է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ճիշտը ջրի երես դուրս գա»,- ասաց նախարարը: