ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ԶՈւ ողջ հրամանատարական կազմն ամեն ինչ անում են հակառակորդի հետ խելացի «հարաբերությունների» ձևավորման, խելացի պաշտպանության իրականացման և հրադադարի ապահովման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարի 21-ամյակի առնչությամբ նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Նոյեմբերյանի զորամասերից մեկում կայացած ասուլիսի ժամանակ:

 

«Այսօր էլ ամեն ինչ անում ենք, որ հակամարտության խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով: Հետևողականորեն գնում ենք դրան: Եթե չի ստացվում, ապա պետք է հարցնել հարևաններին: Մենք անում ենք ամեն ինչ, որ հարաբերությունները չսրվեն և հարցերը լուծվեն փոխըմբռնման և մեր շահերի գերակայման պայմաններում»,- ասաց Սեյրան Օհանյանը' հավելելով, որ այս տարիների ընթացքում հրադադարի ռեժիմը լիարժեք կերպով չի պահպանվել: Նախարարը շեշտեց, որ պարբերաբար ինտենսիվ կրակոցներ, դիրքերի առաջ տալու ժամանակներ, դիվերսիոն հետախուզական գործողություններ են եղել: Այս առումով Օհանյանը շեշտեց, որ նախորդ տարի դիվերսիոն գործողությունների լարվածությունը հասել է գագաթնակետին:

 

Նախարար Օհանյանը մայիսի 12-ին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ, եղել առաջնագծում:

 

1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին զինադադար, որը' չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր: Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Վերջին տասնամյակում հիմնախնդրի կարգավորման համանախագահների առաջարկած մի քանի տարբերակներ մերժվել են Ադրբեջանի կողմից: