«Mediamall.am»-ն  ամփոփում  է  անցնող  օրը.


Զինվոր է մահացել

 

Ս.թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության ետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը /ծնվ. 1992թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ/:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

***

 

Սևանա լիճն ընկած ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը դուրս են գրվել հիվանդանոցից

 

Սեպտեմբերի 7-ի երեկոյան, ժամը 19-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 77-րդ կիլոմետրում «Մերսեդես-600» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել Սեւանա լիճ: Տուժածներին օգնության են հասել ՀՀ ԱԻՆ Սեւանի հրշեջ -փրկարարները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Սեւանի հրշեջ-փրկարարական ծառայության պետ Էվելինա Խաչատրյանը, տեղ հասած փրկարարները ձորակը գլորված ավտոմեքենան գտել են լճի ափին, դեռեւս ջրի մեջ չընկղմված վիճակում: Նրանք Սեւանի հիվանդանոց են տեղափոխել մարմնական վնասվածքներ ստացած Երեւան քաղաքի բնակիչներ, 1983 թվականին ծնված Աշոտ Մեդոյանին եւ 1980 թվականին ծնված Գուրգեն Աբգարյանին:

 

Սեւանի հիվանդանոցի տնօրեն Վարուժան Մանուկյանի տեղեկացմամբ' տուժածներին տեղում ցույց է տրվել համապատասխան բուժօգնություն: Նրանք անցած գիշերվա ընթացքում դուրս են գրվել հիվանդանոցից առողջ վիճակում:

 

Խոսրով Խլղաթյան


***



Աշխարհազորայինները նշել են ուկրաինացի ռազմագերիներին ազատելու պայմանները


Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները շարունակում են պահել շուրջ հազար ուկրաինացի զինվորականների, քանի որ Կիեւը հրաժարվում է տրամադրել գերեվարված աշխարհազորայինների ցուցակները, որոնց նա պատրաստվում է ազատել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԴԺՀ-ի պետանվտանգության նախարար Լեոնիդ Բարանովը:

ԴԺՀ-ում զգուշանում են, որ Ուկրաինայի իշխանությունները, որոնք հայտարարել են, թե իրենց մոտ գտնվում է 200-300 մարդ, ստանալով իրենց ազատված զինվորականներին, չեն վերադարձնի գերեվարված աշխարհազորայիններին: Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականներին գերությունից կազատեն միայն այն բանից հետո, երբ կհամաձայնեցվեն ցուցակները:

 

***

 

Սիս գյուղում հայտնաբերվել է տանտիրոջ դին

 

Սեպտեմբերի 7-ին ժամը 22:52-ին ոստիկանության սպա մայոր Մարգարյանից ահազանգ է ստացվել Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատ այն մասին, որ Արարատի մարզի Սիս գյուղի Արցախի փողոցի 12 տանը հայտնաբերված տանտիրոջ' Վալերիկ Վաղարշակի Կարողլարյանի դին շտապօգնության մեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, փրկարարները Մասիսի ՀՓՋ-ից մեկնել են ժամը 23:00-ին: Դին շտապօգնության մեքենային են մոտեցրել ժամը 23:45-ին:

 

Վալերիկ Վաղարշակի Կարողլարյանը ծնվել էր 1964 թվականին: Նա տառապում էր հոգեկան հիվանդությամբ, եւ մահացած է եղել չորս օր առաջ: Ըստ Մասիսի ոստիկանության Արարատի մարզային փրկարարական վարչությանը տված տեղեկությունների, փորձաքննությունը կպարզի մահվան հանգամանքները:

 

Լիլիթ Մաճկալյան

 

***


Պատասխանատու է իշխող ռեժիմը. Լևոն Զուրաբյան



Իշխանություններն առաջնահերթությունների մասին իրենց պատկերացումների սահմաններում ձևավորել են աշնանային նստաշրջանի մի օրակարգ, որում, միգուցե, ընդգրկված են կարևոր հարցեր, բայց կա մի հարց, որն արտացոլված չէ ներկայացված օրակարգում: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Վերջինիս նշեց, որ այդ հարցը վերաբերում է արտագաղթին:

«Այն Հայաստանի գոյության, անվտանգության համար այսօր ամենաճակատագրական հարցն է, այնքան կարևոր, որի բացը լրացնելու համար մենք պահանջում ենք ԱԺ նախագահից, օգտագործելով կանոնակարգի մասին օրենքի 18-րդ կետով տրված լիազորությունները, անհապաղ հրավիրել ԱԺ լսումներ այդ անհետաձգելի հարցով: Այս առաջարկն անում եմ նաև քառյակի անունից: Խոսքն աղետալի չափերի հասնող լայնածավալ արտագաղթի մասին է: Երկրից, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2008-2013թթ. 212 000 մարդ է հեռացել: Հայաստանի ամբողջ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ խաղաղ պայմաններում բնակչությունն արտագաղթում է: Երկրի քաղաքական ուժերը պարտավոր են բաց քննարկումներ սկսել արտագաղթի և նրա հաղթահարման շուրջ: Մենք՝ ՀԱԿ-ը, իհարկե կասկած չունենք, որ նման իրավիճակի համար պատասխանատու է իշխող ռեժիմն իր համատարած կոռուպցիայով և անարդարություններով, բայց մենք պատրաստ ենք բաց քննարկումների, և եթե դուք խնդրի առթիվ ասելու որևէ բան ունեք՝ եկեք բաց խոսակցություն սկսենք մեր ժողովրդի հետ՝ Հայաստանը դատարկելու վտանգից փրկելու նպատակով»,- ասաց Զուրաբյանը:

Վերջինիս արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ասելով. «Ժողովրդի հետ մենք շփվում ենք առանց միջնորդների»:

 

 

***



Ուկրաինայում հակամարտության զոհ Է դարձել արդեն 3 հազար մարդ. ՄԱԿ



Ուկրաինայի արեւելքում հակամարտության զոհ Է դարձել առնվազն 3 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյադ Ռաադ ալ Հուսեյնի հայտարարությանը:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել Էր, որ ապրիլի կեսից մինչեւ օգոստոսի 27-ը Ուկրաինայում սպանվել են ավելի քան 2,5 հազար խաղաղ բնակիչներ, եւս շուրջ 6 հազարը վիրավորվել են:

Կիեւի իշխանություններն ապրիլից ուժային գործողություն են իրականացնում Ուկրաինայի արեւելքում, որն ուղղված Է տարածաշրջանի՝ փետրվարյան պետական հեղաշրջումից դժգոհ բնակիչների դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



***



Ոստիկանները չեն ընդունել հանցագործության մասին հաղորդումը. ՀՔԾ


 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մեծամոր քաղաքի բնակչուհի Վիոլետա Հ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր նախկին ընկերը' Կարեն Ք.-ն, 2014թ. օգոստոսի 11-ին կոտրել է իր ավտոմեքենայի դիմապակին, այնուհետև բռնելով մեքենայի ղեկը' խոչընդոտել է ավտոմեքենայի կառավարմանը, որի հետևանքով այն վթարի է ենթարկվել:

Կատարվածի մասին նույն օրը Վիոլետա Հ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին, սակայն ոստիկանության աշխատակիցները նախ՝ համոզել են հաղորդում չտալ, ապա' երբ Վիոլետա Հ.-ն պնդել է, հրաժարվել են հաղորդումն ընդունելուց: Կատարվում է նախաքննություն:

 

 ***

 

Վրաերթ' Երևանի Արտաշիսյան փողոցում

 

Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.15-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 81 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Սոնյա Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

***

 

Էդուարդ Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին (տեսանյութ)

 

Ով, եթե ոչ կուսակցության նախագահը պետք է բարձրացնի այն հարցերը, որոնք կարևոր են քաղաքական մեծամասնության թե′ մարտավարական, թե′ ռազմավարական տեսանկյունից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած այս խոսքերին. «Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը»:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ ինքը շատ բնական է համարում, որ կուսակցության նախագահը բարձրացնում է հարցեր, և այդ հարցերի շուրջ կուսակցականներն իրականացնում են քննարկումներ:

«Քաղաքական աշնան նախաշեմին քաղաքական մեծամասնության ղեկավարը, կուսակցության առաջնորդը հանձնարարականներ տվեց, թե’ կառավարությանը, թե’ մեծամասնությանը, և բնականաբար, այդ հանձնարարականները քննարկվեցին և ընդունվեցին»,- ասաց նա:

 



***




Թող ձեր գրիչը լինի արգասաբեր ու բեղուն' ի նպաստ մեր հայրենիքի ու զինված ուժերի առավել հզորացման. Սեյրան Օհանյան




ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Լրագրողների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մանավորապես, ասված է.

«Այսօր' սեպտեմբերի 8-ին, ամբողջ աշխարհում նշվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը: Այդ օրը բոլոր երկրների լրագրողներն ու պարբերականները դրսևորում են իրենց համերաշխությունը և աշխարհին ցուցադրում իրենց միասնությունը:

Գաղտնիք չէ, որ զինված ուժերի առջև դրված խնդիրների լուծման կատարելությունը մեծապես կախված է բանակի, զինծառայության և զինծառայողների նկատմամբ հասարակության վերաբերմունքից: Այս տեսակետից հատկապես կարևոր է լրատվության միջոցների և լրագրողների աշխատանքը: Զինված ուժերի գործունեության, իրադարձությունների անաչառ լուսաբանման միջոցով լրագրողների բանակը նպաստում է ոչ միայն զինված ուժերի զարգացմանը, այլև մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը:

Արցախյան շարժման առաջին իսկ օրերից բազմաթիվ լրագրողներ լծվեցին հայենիքի պաշտպանության գործին: Զինվորական լրագրողներից ոմանք նահատակվեցին այդ պայքարում: Հավերժ հիշատակ և փառք նրանց: Նրանց անունները ամենուր պետք է հնչեն հպարտությամբ:

Այսօր էլ մեր պաշտպանական համակարգի ստորաբաժանումներում իրենց ծառայությունն են կրում բազմաթիվ լրագրողներ: ՀՀ պաշտպանության նախարարությունը վերջին տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալել հայաստանյան լրատվամիջոցների և լրագրողների հետ: Կազմակերպվել են բազմաթիվ լրագրողական այցելություններ սահմանային զորամասեր, ասուլիսներ, հանդիպումներ, վերապատրաստման դասընթացներ: Միշտ լինելով դեպքերի և իրադարձությունների կենտրոնում, մեր լրագրողներն իրենց մեծ կամ փոքր նյութերով և շեշտադրումներով ներկայացնում են ազգային բանակը, զինվորականի առօրյան, նպաստել են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:

Լրագրողները նաև յուրօրինակ կամուրջ են հասարակության և զինված ուժերի միջև: Եվ վստահ եմ, որ բոլորն են գիտակցում այդ առաքելության ողջ պատասխանատվությունը ու հուսով, որ մեր լրագրողները կշարունակեն պատվով կատարել իրենց առաքելությունը' հավատարիմ մնալով բարոյականության սկզբունքներին, հավասարակշիռ, կառուցողական և օբյեկտիվ հրապարակումներով անդրադառնով բանակաշինության խնդիրներին, զինված ուժերում ընթացող բարեփոխումներին:

Հուլիս-օգոստոսյան դեպքերը հերթական անգամ ապացուցեցին վտանգի պահին հայ հասարակության տարբեր շերտերի, նաև' լրագրողների համախմբվելու և Հայկական բանակին սատար կանգնելու կարողությունն ու պատրաստակամությունը' մոռանալով բոլոր տարաձայնություններն ու գաղափարական տարակարծությունները: Մարտական հենակետերում և մարտիկների հետ ունեցած նրանց զրույցներում ծնված հրապարակումներն առավել բարձրացրին հայ զինվորի մարտական ոգին: Ամենայն պատասխանատվությամբ կատարելով իրենց մասնագիտական պարտքը և մեկնելով սահմանամերձ բնակավայրեր ու մարտական հենակետեր, լրագրողները ներկայացրին սահմաններում տիրող իրական պատկերը, սահմանամերձ գյուղերի բնակչության ամենօրյա հերոսական կյանքը, Հայկական բանակի ստորաբաժանումների վտանգաշատ, բայց վստահ ծառայությունն ու աներեր կեցվածքը:

Լրագրողների բանակը նույնպես հաստատեց, որ հայրենիքի պաշտպանության և իրենց հրապարակումներով բանակին աջակցություն ցուցաբերելու առումով միասնական են, համախմբված և պատրաստ իրենց մասնագիտական հմտություններով ծառայել հայրենիքին: Ներկայացնելով մեր զինվորների ու սպաների մասին բազմաթիվ հրապարակումներ, լուսանկարներ, տեսանյութեր' լրագրողն աջակցում է հայրենիքի սահմանին կանգնած զինվորին, բարձրացնում է անձնակազմի մարտական ոգին և վերջապես' զինվորների ծնողները տեսնում են իրենց զավակներին ծառայության մեջ' հայրենանվեր գործ կատարելիս:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրագրողներին' դժվարին այդ օրերին ծավալած ակտիվ գործունեության և ուժերի ներածին չափով բանակին սատարելու, միասնական ջանքերով պաշտպանության նախարարությանն աջակցելու համար:

Շնորհավորում եմ բոլոր լրագրողներին և մաղթում համախմբվածություն, համերաշխություն, քաջառողջություն, երջանկություն ու հաջողություններ անձնական կյանքում եւ աշխատանքում:

Թող ձեր գրիչը լինի արգասաբեր ու բեղուն' ի նպաստ մեր հայրենիքի ու զինված ուժերի առավել հզորացման»:

 

***

 

Ռուբեն Հայրապետյանը՝ Ճանապարհային երթևեկության խախտումների «առաջամարտիկ». shamshyan.com

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Նեմեց Ռուբո» մականվամբ, միշտ աչքի է ընկնում ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարելով: Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, նա, վարելով Rolls-Royce մակնիշի ավտոմեքենան և իրեն զգալով ֆուտբոլի խաղադաշտում, մեքենան վարում էր առանց ամրագոտու, ավտոմեքենայի վրայից էլ բացակայում էին համարանիշն ու տեխզննման կտրոնը: 

 

Մանրամասները` shamshyan.com-ում:



***



ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ընթանում է բնականոն հունով. Էդվարդ Նալբանդյան


 

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվում է առանց խոչընդոտների եւ բնական հունով: Սեպտեմբերի 8-ին Ավստրիայի' Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ բանակցություններն ընթանում են բնական ճանապարհով, եւ շուտով որոշակի քայլեր կլինեն: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության տեսանկյունից ղարաբաղյան հարցին, նախարարը նշեց, որ բարձր մակարդակով հստակ հայտարարություններ են արվել, որ խոսքը Ղարաբաղի հետ մեկտեղ անդամակցության մասին չէ, եւ հարցը չի կարող խոչընդոտ լինել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

Ավստրիացի լրագրողի հարցին, կարելի՞ է արդյոք ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման մասին շարունակել խոսել, Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը եւ ԵՄ-ն հայտարարել են համագործակցությունը շարունակելու մտադրության մասին, դա երեւում է թե’ Վիլնյո ւսում ընդունված համատեղ հայտարարության տեքստում, թե Քեթրին Էշթոնի հետ նամակագրության ժամանակ:

Եվրասիական տնտեսական միությունը վերպետական տնտեսական կառույց է, որի հիմնադիր փաստաթղթերը ստորագրել են ՌԴ-ն, Ղազախստանն ու Բելառուսը: ԵՏՄ-ն կսկի գործել 2015թ. հունվարի 1-ից: 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային Միությանը: Ամենայն հավանականությամբ, 2014թ. հոկտեմբերին կվճռվի կառույցի հիմնադիր փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը:



***



Ալիեւը լոբբիստներին զրկել է իր օգտին գործելու «զենքերից». «Ազադլըգ»



Ամբողջ աշխարն այլեւս տեղյակ է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող աղետալի իրավիճակի մասին եւ անգամ մինչ երեկ լռություն պահպանողները եւս չեն խուսափում խոսել ճշմարտությունից:


Վերջին շրջանում միջազգային կազմակերպությունները խիստ զեկույցներ են պատրաստում Ադրբեջանի մասին, միջազգային հարթակներում դժվար հարցեր են տրվում Ադրբեջանի կառավարությանը եւ հայտարարվում է, որ զիջումների ժամանակաշրջանն արդեն ավարտվել է: Ադրբեջանակա ն կառավարության կողմից տարբեր երկրներում կյանքի կոչվող բարեգործական նախագծերը, «խավիարային դիվանագիտությունը», արեւմտյան լոբբիստները, սփյուռքի գործունեությունն արտասհմանում այլեւս չեն կարողանում թաքցնել Ադրբեջանում տիրող իրական իրավիճակը:

Ադրբեջանական լոբբիստների համար այլեւս անհնար է դարձել հաստատել ադրբեջանական իշխանության կողմից առաջ տարվող' «մածունը սեւ է» պնդումը: Ադրբեջանի իշխանությունն էլ ստեղծված փակուղուց դուրս գալու համար ուժեղացրել է ներքին բռնաճնշումները: Սակայն, այս քաղաքականությունն ավելի մեծ փակուղի է տանում եւ Իլհամ Ալիեւի ռեժիմի վարձու կողմնակիցներին թողնում առանց փաստարկների, զրկում նրանց նրա օգտին գործելու «զենքերից», քանի որ իշխանության կողմից «կարմիր գիծն» անցնելու փաստը տեղ չի թողել որեւէ ստի համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «Ազադլըգ»-ը' նշելով, որ մինչ երեկ քաղաքական կուսակցությունների ակտիվիստներին «թմրանյութերի», «խուլիգանության» մեղադրանքներով ձերբակալողները աշխարհով մեկ հայտարարում էին, թե այդ մարդիկ քաղբանտարկյալներ չեն, բայց իրավիճակն այնպիսի սահմանի հասավ, որ Եվրոպական դատարանում տասնյակ գործեր շահած Ինտիգամ Ալիեւը, Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը պատրաստած Լեյլա Յունուսը, երկրում ընտրությունների մոնիտորին գ անցկացրած եւ միջազգային հարթակներում հայտնի Անար Մամեդլին ու ուրիշները ձերբակալվեցին կեղծ մեղադրանքներով:

«Այս մարդկանց ձերբակալությունն իշխանությունը չկարողացավ թաքցնել, ինչպես դա անում էր շարքային ընդդիմադիրների նկատմամբ: Այդ ձերբակալություններից հետո Ֆրանսիան, Լեհաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտեցին Ադրբեջանի իշխանությունը: Վերջին օրերին նույնիսկ խոսվում է Ադրբեջանի իշխանության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Չնայած այս բոլորին, իշխանությունն ավելի խայտառակ քայլ կատարեց եւ արգելեց երկրից դուրս գալ Ադրբեջանի քաղաքացի Սաիդ Նուրիին:

Նման քայլերով Ադրբեջանի իշխանությունը շարժվում է դեպի միջազգային մեկուսացում: Միտումը ցույց է տալիս, որ առաջիկայում Ադրբեջանի իշխանությանն ավելի ծանր քննություններ, ավելի վճռական հայտարարություններ են սպասում: Վիճակը ծանրանալու է այն պատճառով, որ ադրբեջանական իշխանությունը փաստարկներից զրկել է արտասահմանի իր կողմնակիցներին եւ հանդիսավոր խոստումներն այլեւս պաշտպանվելու խթան չեն:

Մի խոսքով' Ալիեւի կառավարությունն այնքան արագորեն է կացնահարում այն ճյուղը, որի վրա բստած է, որ ոչ ոք փրկելու նպատակով մոտ չի գալիս նրան, քանի որ այդ ճյուղին յուրաքանչյուր մոտեցողին ներքեւում լուրջ վնասվածք է սպասում:

Այժմ «ամենամեծ խորամանկությունը ճշմարտությունն է» սկզբունքն ավելի հաջող քաղաքականություն է համարվում: Հենց այդ պատճառով էլ ճշմարտությունն անտեսողները կդատապարտվեն պարտության», -նշում է թերթը:

 

***

 

Բաղդադի մոտ տեղի ունեցած պայթյունի տուժածների թիվը գերազանցել է 70-ը

 

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մերձակայքում գտնվող Դալաուիա գյուղի մերձակայքում սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 18-ի, որոնց թվում ոստկանության աշխատակիցներ կան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, վիրավո րների թիվը հասել է 56-ի: Պարզվել է, որ պայթյունն իրականացրել են 2 մահապարտ-ահաբեկիչներ: Ավելի վաղ հայտարարվել էր 10 զոհերի մասին:

 

Մյուս կողմից' շարունակվում են բախումները ԻԼԻՊ-ի և իրաքյան ուժերի միջև: ԻԼԻՊ խմբավորման անդամները արդեն մի քանի անգամ հարձակվել են Դալաուիա գյուղի վրա, սակայն իրաքյան ուժերը ճնշել են հարձակումը:

 

Իրաքում վերջին շրջանում անվտանգության ոլորտում խորը ճգնաժամ է տիրում, որի հիմնական պատճառը ծայրահեղական ԻԼԻՊ խմբավորման գործողություններն են: ՄԱԿ-ի տվյալներով' օգոստոսին բռնությունների զոհ է դարձել 1420 մարդ:

 

Խմբավորումը հսկողություն է հաստատել երկրի տարածքի մեկ երրորդի վրա: