«Mediamall.am» լրատվականն ամփոփում է օրը.




Պայթյուն' Բաբաջանյան փողոցի գազալցակայանում. լրացված (լուսանկարներ)


 

Մայիսի 12-ին, ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն (վնասվել է գազալցակայանի տանիքը), հրդեհի նշաններ չեն նկատվում:

 

 

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

 

 

Պարզվել է, որ Ա. Բաբաջանյան փողոցին հարող տարածքում (թիվ 75 շենքի մոտակայք) գտնվող «Օլիվեստա» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «Մերսեդես» մակնիշի 81 ZL 777 պետհամնարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գ. Գ., ծնվ. 1991 թ.) վառելիքի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, վնասվել են ավտոմեքենան (ամբողջությամբ) և գազալցակայանի տանիքը (մոտ 3 քմ):

 

 

Փրկարարները կատարել են ավտոմեքենայի հովացման աշխատանքներ, հանել են մարտկոցը, կատարել տարածքի լվացման աշխատանքներ:


***

 

Վանաձորի 64-ամյա բնակիչը մեղադրվում է կնոջը սպանելու մեջ

 

 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի բնակչուհի Նատալյա Սերգեևայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ 2014 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 1 2:10-ին, Վանաձոր քաղաքի Թամանցիների 2Բ հասցեի տան բակում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության անձնակազմի կողմից հայտնաբերվել էր նույն հասցեի բնակչուհի, 1965 թվականի հոկտեմբերի 25-ին ծնված Ն. Սերգեևայի դիակը՝ գլխի շրջանում բազմաթիվ պատռված վերքերով:

 

 

49-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության վարույթում կատարված նախաքննությամբ պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, սպանության հանգամանքները։ Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ Վանաձորի 64-ամյա բնակիչը մտերմացել է իր հարևանուհու՝ ազգությամբ ռուս մի կնոջ հետ, նրա հետ մասնակցել գինարբուքներին, դարձել բաժակընկերը, այնուհետև փաստացի ամուսնացել և բնակվել են միասին: Քննության տվյալներով՝ տղամարդը մանկահասակ տարիքում զրկվել է տեսողությունից և տարիների ընթացքում մյուս զգա յարաններն աստիճանաբար զարգացնելով՝ սովորել է առանց ձեռնափայտի ազատ տեղաշարժվել և շփվել հասարակության հետ:

 

 

Նախաքննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համատեղ բնակվելու ընթացքում պարբերաբար միասին խմելուց հետո գինովցած տղամարդը հայհոյել և ծեծել է կնոջը։ 2014թ. դեկտեմբերի 24-ի ուշ երեկոյան տանը հերթական գինարբուքից հետո տղամարդը վիճաբանել է Նատալյայի հետ, իսկ դեկտեմբերի լույս 25-ի գիշերը՝ ժամը 01:00-ից մինչև 03:00-ն ընկած ժամանակահատվածում, բութ, կարծր առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի շրջանին և սպանել, ապա թևատակերից բռնած, դիակը քարշ տալով դուրս է բերել տնից, իջեցրել բակ, իսկ ինքը գնացել իր տուն:

 

 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի 64-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն, քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

 

***
 
 
Դատապարտյալը հայտնել է, որ խցում կատարված խուզարկությունից հետո անհետացել է իրեն պատկանող 1.000 ԱՄՆ դոլարը
 
 
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վարդան Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 11-ին՝ ժամը 17:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկություն են կատարել խցում, որից հետո հայտնաբերել է, որ անձնական դարակից անհետացել է իրեն պատկանող 1.000 ԱՄՆ դոլոր գումարը:
 
 

Վարդան Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով զգալի չափերի գողության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

***

 

Հայկական Զինված ուժերն ամեն ինչ անում են հակամարտության խաղաղ լուծման համար. Սեյրան Օհանյան


ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ԶՈւ ողջ հրամանատարական կազմն ամեն ինչ անում են հակառակորդի հետ խելացի «հարաբերությունների» ձևավորման, խելացի պաշտպանության իրականացման և հրադադարի ապահովման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարի 21-ամյակի առնչությամբ նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Նոյեմբերյանի զորամասերից մեկում կայացած ասուլիսի ժամանակ:

 

 

«Այսօր էլ ամեն ինչ անում ենք, որ հակամարտության խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով: Հետևողականորեն գնում ենք դրան: Եթե չի ստացվում, ապա պետք է հարցնել հարևաններին: Մենք անում ենք ամեն ինչ, որ հարաբերությունները չսրվեն և հարցերը լուծվեն փոխըմբռնման և մեր շահերի գերակայման պայմաններում»,- ասաց Սեյրան Օհանյանը' հավելելով, որ այս տարիների ընթացքում հրադադարի ռեժիմը լիարժեք կերպով չի պահպանվել: Նախարարը շեշտեց, որ պարբերաբար ինտենսիվ կրակոցներ, դիրքերի առաջ տալու ժամանակներ, դիվերսիոն հետախուզական գործողություններ են եղել: Այս առումով Օհանյանը շեշտեց, որ նախորդ տարի դիվերսիոն գործողությունների լարվածությունը հասել է գագաթնակետին:

 

 

Նախարար Օհանյանը մայիսի 12-ին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ, եղել առաջնագծում:

 

 

1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին զինադադար, որը' չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր: Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Վերջին տասնամյակում հիմնախնդրի կարգավորման համանախագահների առաջարկած մի քանի տարբերակներ մերժվել են Ադրբեջանի կողմից:

 

***

 

Վրաերթ Երևանում. բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար. shamshyan.com



Այսօր՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:20-ի սահմաններում Toyota մակնիշի 18 RR 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ Արեգ Թամազյանը Լենինգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը, ով փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, տեղափոխվի Արմենիա բժշկական կենտրոն:

 

 

 

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: