«Mediamall.am»-ն ամփոփում է օրվա կարևորագույն իրադարձությունները.
ՃՏՊ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին. տուժածների վիճակը ծանր է
Հուլիսի 29-ին, ժամը 02.11-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին' Արտաշատ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 18-րդ կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի 066 ՏՏ 03 պետհամարանիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչից Ա. Ջ.-ն (ծնվ.1956 թ.), ուղևորներ Է. Մ.-ն (ծնվ.1959 թ.) և Հ. Ջ.-ն (ծնվ.1988 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Է.Մ.-ին և Հ.Ջ.-ին:
Տուժածները տեղի ուժերով և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները Է.Մ.-ի, Հ.Ջ.-ի առողջական վիճակները գնահատել են ծանր, իսկ Ա.Ջ.-ինը՝ միջին ծանրության:
***
Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել բնական գազի պաշարներով հարուստ դաշտերի վրա
Սիրիական բանակը Հոմսի արևելյան գյուղերում գտնվող Շահեր բնական գազի պաշարներով հարուստ դաշտերն իր վերահսկողության տակ է վերցրել՝ այդտեղից վտարելով «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման զինյալներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակը հայտարարել է, որ իրեն հաջողվել է վերահսկողություն հաստատել Շահեր լեռան ու այն շրջապատող դաշտերի վրա: Այժմ բանակը վնասազերծում է ԻԼԻՊ-ի կողմից լարված ականները:
ԻԼԻՊ խմբավորումը մեկ շաբաթ առաջ հարձակում էր իրականացրել Շահեր լեռան և նրա մերձակայքում գտնվող գազի պաշարներով հարուստ դաշտերի վրա՝ վերահսկողության տակ վերցնելով դրանցից որոշները:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Դամասկոսի նահանգի Մլեհա, Զիբդին, ան Նաշշաբիա գյուղերում, ինչպես նաև Ադրա ալ Բալադ, Ադրա ալ Օմմալիա և Արևելյան Ղուտայի շրջաններում սիրիական բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել:
Զինյալները լուրջ կորուստներ են կրել նաև Հալեպի աս Սուխուր, աշ Շաար, աշ Շեյխ Լուտֆի թաղամասերում:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 150 հազար մարդ:
***
Հայաստանի քաղաքացիներն առանց մուտքի վիզայի Վրաստանում կարող են մնալ 90 օր
Սեպտեմբերի մեկից արտասահմանյան բոլոր երկրների քաղաքացիների համար Վրաստանը կսահմանի վիզային ռեժիմի նոր կարգ: Առանց մուտքի արտոնագրի Վրաստան կարող են այցելել այն երկրի քաղաքացիները, որոնց հետ Վրաստանն ուներ ազատ վիզային ռեժիմ: Հայաստանն այդ երկրների թվում է, եւ առանց վիզային ռեժիմի Հայաստանի քաղաքացիները կարող են այցելել Վրաստան180 օրվա ընթացքում 90 օր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վրաստանի ԱԳՆ-ի հյուպատոսական վարչության ղեկավար Գրիգոր Տաբատաձեն նշեց, որՎրաստանի միգրացիոն քաղաքականության կարգավորումն ուղղված չէ որևէ պետության կամ որևէ օտարերկրացու դեմ:
Կառավարության վերջերս ընդունած «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի նպատակն է կարգավորել ինտեգրացիոն հարաբերություններն այլ պետությունների հետ: «Դա նշանակում է միանման վերաբերմունք բոլոր պետությունների եւ օտարերկյա քաղաքացիների հանդեպ: Այս պարագայում ասել, որ Վրաստանը վիզային ռեժիմ է սահմանում Հայաստանի հետ' սխալ է»,- ասաց Տաբատաձեն' հավելելով, որ գոյություն ունի ձեւաչափ, համաձայն որի օտարերկրյա քաղաքացին, որի պետության հետ Վրաստանն ունի առանց վիզայի ռեժիմ, կարող է այցելել Վրաստան 180 օրվա ընթացքում, բայց այնտեղ մնալ 90 օր:
Ըստ Տաբատաձեի, սա ստանդարտ ռեժիմ է, որն իրականացնում է ԵՄ-ն շենգենյան գոտի այցելողների համար: «Մենք նույնպես կիրառում ենք այդ ձեւաչափը բոլոր օտարերկրյա քաղաքացիների հանդեպ»,- ասաց նա: Տաբատաձեի փոխանցմամբ, այն քաղաքացիները, ովքեր կգան Վրաստան երկարաժամկետ սովորելու կամ աշխատելու, բիզնես գործունեություն իրականացնելու կամ բարեկամների մոտ մնալու համար, պետք է հայտ ներկայացնեն վիզա ստանալու համար եւ ըստ միգրացիոն վիզայի կտրվի կեցության վկայական:
«Դա երկարաժամկետ այցերի համար է, իսկ կարճաժամկետ այցելությունների համար կգործի նախկին ռեժիմը, երբ Վրաստան կարելի է այցելել առան վիզայի»,- ասաց Տաբատաձեն' հավելելով, որ Կեցության իրավունքն իր հերթին կարող է լինել ժամանակավոր (1-ից մինչև 6 տարի) և մշտական:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
***
Սպանության մեջ կասկածվողը չի հիշում՝ ինքն է կրակել ռեկտորի եղբորը, թե ոչ
Ինչպես տեղեկացրել էինք' հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված գյուղի վարչական տարածքում' անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել էր 1964 թ. ծնված Հարություն Գրիգորյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ' որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների 1-ին մասի մասի հատկանիշներով:
Հուլիսի 27-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է ներկայացել 1978 թ. ծնված Արման Կ.-ն և հայտնել, որ հուլիսի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գետք գյուղի վարչական տարածքի գերեզմանատան մոտակա կիսաքանդ շինության մոտ վիճաբանել է Հ. Գրիգորյանի հետ, որի ընթացքում նկատելով նրա ավտոմեքենայի հետևի նստելատեղին դրված «Մակարով» տիպի ատրճանակը' վերցրել է այն, սակայն չի հիշում, թե վիճաբանության ժամանակ Հ. Գրիգորյանի վրա ինքը կրակել է, թե ոչ:
Ատրճանակն առգրավված է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Արման Կ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
***
Համացանցում մեկնարկել է ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի
Avaaz.org կայքում մեկնարկել է ստորագրահավաք' ի պաշտպանություն հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարությունը, որն ուղղված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, կոչ է անում ազատ արձակել Լևոն Հայրապետյանին' համաձայն ՌԴ Քրեական օրենսգրքի:
«Լևոն Հայրապետյանը տարեց մարդ է, որ տառապում է շաքարախտով և վերջերս կաթված է ստացել: Հաշվի առնելով նրա առողջական վիճակը, նա չի կարող մնալ կալանավայրում, նրան անհրաժեշտ է մշտական բժշկական օգնություն, որը նրան կարող է տրվել միայն ազատության պայմաններում: Դմիտրի Մեդվեդևի նախագահության օրոք ՌԴ Քրեական օրենսգրքում որոշ լրացումներ կատարվեցին, համաձայն որի, արգելվում է կալանքի վերցնել մարդուն, ով տնտեսական բնույթի հանցագործություն է կատարել իր ձեռնարկատիրական գործունեության ընթացքում: Այդ փոփոխություններն ազդում են Հայրապետյանի գ ործի վրա: Աշխարհի բոլոր երկրներում մարդը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ճանաչվել և նրան ձերբակալում են բացառապես ծայրահեղ իրավիճակներում:
Հայրապետյանից կարելի էր քաղաքից չբացակայելու թուղթ վերցնել և ազատ թողնել, սակայն նրան ձերբակալեցին' չունենալով որևէ հիմք, բացի այն ծիծաղելի պնդումներից, որ նրան է պատկանում «Զրուցակից» թերթն ու դրա շնորհիվ նա կարող է ազդեցություն ունենալ նախաքննության վրա: Բոլորին է հայտնի, թե ինչպիսի բարեգործական գործունեություն է իրականացնում Հայրապետյանը, ինչպես իր հայրենիքում, այնպես էլ Ռուսաստանում, որը նրա համար դարձել է երկրորդ հայրենիք: Տարիներ շարունակ նա ջանք չի խնայել երկու երկրների բարեկեցության համար և հանդիսանում է երկու ժողովուրդների բարեկամության կարևորագույն օղակներից մեկը»,- ասված է հայտարարության մեջ:
Վերոնշյալ հայտարարության տակ արդեն ստորագրել է 4072 մարդ:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լևոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:
Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. Դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել:
Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի:
***
Մոսկվայում շոգի վտանգի «կարմիր» մակարդակ է հայտարարվել
Մոսկվայում հայտարարվել է շոգի և օդի աղտոտման վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է «Մոսէկոմոնիտորինգի» հաղորդագրության մեջ: Վտանգի մակարդակի սահմանման չափանիշն օրվա միջին ջերմասիճանն է, կախյալ մասնիկների օրվա միջին պարունակությունը:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ հուլիսի 29-ին Մոսկվայում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 30-32 աստիճան, մարզում՝ մինչև 33 աստիճան: Կարող է գերազանցվել հուլիսի 28-ի ռեկորդը, որն ամենաշոգ օրն է 2014 թվականի սկզբից ի վեր: Նախօրյակին ԺՏՆՑ-ի բազային օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը հասել է 31,9 աստիճանի, հաղորդել է «Ինտերֆաքսը»:
***
Գորիսի քաղաքապետը՝ Սյունիքի ներկա և նախկին մարզպետերի և ընտրությունների մասին
«Երկու օր է, ինչ աշխատում եմ, նոր եմ ստանձնել պարտավորությունները, նորմալ է, ծանոթանում եմ ընդհանուր համակարգին, փորձում ենք կազմակերպել աշխատանքները»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Գորիսի նորընտիր քաղաքապետ Վաչագան Ադունցը՝ պատասխանելով հարցին, թե ընտրությունների ժամանակ քաղաքում լարված մթնոլորտ էր տիրում, ի՞նչ իրավիճակ է հիմա:
Քաղաքապետը չցանկացավ անդրադառնալ այն լուրերին, թե իրեն ընտրություններին աջակցում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
«Ընտրություններն արդեն վերջացել են, չէի ցանկանա նորից անդրադառնալ, բայց իմ թեկնածությունը պաշտպանել է ՀՀԿ-ն, իսկ նախկին մարզպետը ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարն է և այդքանով պաշտպանել է իմ թեկնածությունը: Իմ թեկնածությունը պաշտպանել է ՀՀԿ ողջ կառույցը, այդ թվում նաև՝ գործող մարզպետը: Պետք չէ խիստ անձնավորել»,- ասաց Ադունցը:
Հարցին, թե ինչպիսին են հարաբերությունները գործող մարզպետ Վահե Հակոբյանի հետ, Գորիսի քաղաքապետը պատասխանեց. «Լավ են հարաբերությունները, դրա ապացույցն իմ ներկայությունն է այստեղ» (քաղաքապետը մասնակցում էր Կապանում սահմանադրական բարեփոխումների քննարկմանը- խմբ.):
***
Հաքերներն արգելափակել են Ուկրաինայի նախագահի կայքը
Ահա արդեն ավելի քան մեկ ժամ Է, ինչ արգելափակված Է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ուկրինֆորմ»-ին, պորտալի աշխատանքի արգելափակման պատասխանատվությունն ստանձնել Է «ԿիբեռԲերկուտ» հաքերների խումբը:
«Մենք՝ ԿիբեռԲերկուտը եւ ԿիբեռԲանակը, արգելափակել ենք Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի կայքի աշխատանքը»,-հաղորդվում Է հաքերների խմբավորման կայքում:
«ԿիբեռԲերկուտ» խումբը երեւան Է եկել միլիցիայի «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման կազմացրումից հետո: Ավելի վաղ այս խմբավորումը խանգարել Է Ուկրաինայի ԿԸՀ-ի աշխատանքին, ժամանակավորապես արգելափակել Է Ուկրաինայի ՆԳ նախարարության եւ Գլխավոր դատախազության կայքերի աշխատանքը, ինչպես նաեւ գրոհներ Է կազմակերպել ՆԱՏՕ-ի կայքերի վրա:
***
Ղրիմում հավաքի ժամանակ 10 «օրենքով գող» է ձերբակալվել
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, ոստիկանությունը Ղրիմի Ինքնավար Հանրապետության Յալթա քաղաքում ձերբակալել է 10 «օրենքով գողի»: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ-ն:
«Օրենքով գողերն» այնտեղ էին եկել Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից, այսպես կոչված, «ազդեցության ոլորտների» վերաբաշխման համար:
«Հավաքը խափանվել է Յալթա քաղաքի հյուրանոցներից մեկի տարածքում: Արդյունքում ձերբակալվել է 10 «օրենքով գող», ովքեր բնակվում են Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններում»,- ասվում է Ռուսաստանի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
***
Փրկարարները Սևանա լճից 17-ամյա քաղաքացու են փրկել
Հուլիսի 29-ին, ժամը 11.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հանրային-2» լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները ջրում նկատել են քաղաքացու, ով չի կարողանում լողալ:
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ն. Ս.-ին (ծնվ. 1997 թ.) և ցուցաբերել համապատասխան բուժօգնություն:
***
Ականի պայթյունից վիրավորված Ռուբեն Խլղաթյանին 2 օրից դուրս կգրեն հիվանդանոցից
Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում ականի պայթյունից վիրավորված Ռուբեն Խլղաթյանը երկու օրից դուրս կգրվի հիվանդանոցից: Այդ մասին«Արմենպրես»-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Նրա տեղեկացմամբ' տուժածներից Արթուր Բաղդասարյանը տեղափոխվել է հիվանդասենյակ, իսկ Գառնիկ Ավետիսյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում է և պետք է վիրահատվի: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբեն Խլղաթյանն ու Գառնիկ Ավետիսյանը վիրահատվել են: Վիրահատել էին Ռուբեն Խլղաթյանի ձեռքի 5-րդ կոտրված մատը, իսկ գանգուղեղային սալջարդի համար վիրահատության կարիք չէր եղել: Գառնիկ Ավետիսյանը, ով սրունքի բաց կոտրվածք էր ստացել, ևս բարեհաջող վիրահատության է ենթարկվել:
Հուլիսի 22-ին' առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում, ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել էր ականապատ տարածքում: Մեքենայում գտնված 4 անձանցից մեկը տեղում մահացել էր, իսկ 3-ը, որոնց թվում է նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ուղղաթիռով տեղափոխվել էին Երևան:
***
Հյուսիսային պողոտան շահագործման կհանձնվի օգոստոսի վերջին
Երևանի Հյուսիսային պողոտայի վերգետնյա հատվածը շահագործման կհանձնվի օգոստոսի վերջին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Քաղաքապետի տեղակալի խոսքով, պողոտայի ստորգետնյա հատվածում «Տաշիր գրուպ» ընկերությունն իրականացնում է կառուցապատում:
«Վերգետնյա հատվածում որևէ կառուցապատում չկա և չի էլ լինի: Ստորգետնյա հատվածում կառուցվելու է առևտրի, ժամանցի կենտրոն: Երևանի բյուջեից մեկ լումա անգամ չի ծախսվում Հյուսիսային պողոտայի բարեկարգման և վերանորոգման աշխատանքների համար: Ամբողջությամբ ներդրումային ծրագիր է՝ մոտ հինգ միլիոն դոլար արժողությամբ»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ, նշեց Դավիթ Օհանյանը:
Քաղաքապետի տեղակալի խոսքով, եղանակային պայմանները որոշ ժամանակով թույլ չտվեցին, որպեսզի աշխատանքներն արագ իրականացվեն: «Սակայն ամբողջ թափով այժմ իրականացվում են շինարարական աշխատանքներ, և վերանորոգումը կավարտվի սահմանված ժամկետում»,-հավելեց նա:
Հյուսիսային պողոտան իրար է կապում օպերային թատրոնի շենքը և Հանրապետության հրապարակը։ Երկարությունը ավելի քան 500 մ է։ Պողոտայի կազմի մեջ մտնում են բնակարաններ, ռեստորաններ, խանութներ և գրասենյակներ։
***
Կորել է Երևանի թիվ 6 հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Գագիկ Ավագյանը
Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվում է 1997թ. ծնված, Երևանի թիվ 6 հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Գագիկ Ավագյանը, ով հուլիսի 10-ին, ժամը 19.00-ին, դուրս է եկել իրենց տնից' Մարգարյան փողոցի 37 շենքի 38 բնակարանից, և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Ավագյանը տառապում է տկարամտությամբ:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն անհայտ կորածի վերաբերյալ'ոստիկանությունը խնդրում է զանգահարել ոստիկանության Մաշտոցի բաժին' հետևյալ հեռախոսահամարներով' 010-34-02-02, 010-39-11-09, 055-00-22-46 կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։
***
Ղրիմի խորհրդարանի մոտ պայթյուն է որոտացել
Ղրիմի խորհրդարանի առջև, ուր ավելի վաղ սկսվել էին նոր ուկրաինական իշխանությունների հակառակորդների ու կողմնակիցների միջև բախումները, պայթյուն է տեղի ունեցել:
Ղրիմի Ինքնավար Հանրապետության դիմաց ցույց իրականացնող քաղաքացիները փորձել են ներխուժել Ղրիմի Վերին պալատ, ուր պետք է սկսվեին երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկումները: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով vz.ru-ն:
Կառույցի դիմաց հավաքվել է մոտ 7 հազար մարդ: Ղրիմյան թաթարները կոտրել են խորհրդարանի կողմնային դուռը, այնուհետև մի կողմ են նետել կահույքը, որը որպես բարիկադ տեղադրվել էր կոտրված դռան առջև:
Ղրիմի խորհրարանից հայտնել են, որ իրավիճակը շատ անհանգստացնող է:
Մինչ այդ ամբոխը քարեր ու փայտեր է շպրտել: Դիմակներով մարդիկ այրել են «Ռուսական միասնություն» կազմակերպության բուկլետները:
Բախումների ալիքի պատճառն է Ռուսաստանի դրոշի բարձրացումը:
***
Երևանում ապամոնտաժվել է օրենքին հակասող 485 գովազդային միջոց
Արտաքին գովազդի ոլորտում 2014թ. առաջին կիսամյակում իրականացված հսկողության արդյունքում Երևան քաղաքում հայտնաբերվել և ապամոնտաժվել են շենք-շինությունների վրա տեղադրված և գովազդի մասին ՀՀ օրենքին հակասող 485 գովազդային միջոցներ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ ներկայացնելով արտաքին ձևավորման և գովազդի ոլորտում 2014թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունը:
«Բոլոր տնտեսվարողներին տրվել է հնարավորություն' իրականացնել ապամոնտաժման աշխատանքներ սահմանված ժամանակահատվածում: Նշված տնտեսվարողների համար, ում գովազդը չի ապամոնտաժել, կազմվել են վարչական արձանագրություններ՝ թվով 124»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ ընդգծեց Դավիթ Օհանյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալի խոսքով' արտաքին գովազդից տեղական տուրքերի հավաքագրումը կազմել է 663 միլիոնից ավելի, ինչը գերազանցում է պլանային ցուցանիշը 5,8 տոկոսով:
«Բոլոր վարչական շրջաններում կատարվել է գովազդի մասին օրենքին հակասող գովազդային պաստառների ապամոնտաժում: Ապամոնտաժվել է 1200 քմ գովազդային տարածք»,- հավելեց Օհանյանը:
***
Աֆղանստանի նախագահի հորեղբոր որդին սպանվել է մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հորեղբոր որդին՝ Հաշմաթ Քարզայը, սպանվել է Ղանդահար քաղաքից ոչ հեռու գտնվող իր տանը մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
«Ահաբեկիչը որպես հյուր եկել է Հաշմաթ Քարզայի տուն՝ նրան ողջունելու Իդ ալ Ֆիթր տոնի առթիվ»,-ասել է Ղանդահարի նահանգի մամուլի քարտուղարը և հավելել, որ դրանից հետո մահապարտը գործի է դրել պայթուցիկ սարքը: Հաշմաթ Քարզմայից բացի, ոչ ոք չի զոհվել:
Հուլիսի 17-ին մահափորձ էր կատարվել հենց Աֆղանստանի նախագահի դեմ, որը շուտով թողնելու է իր պաշտոնը: Զինյալները նրա ավտոշարասյան վրա գոհել էին երկրի արևելքի Պակտիայի նահանգում, ինչի հետևանքով վիրավորվել էին պետության ղեկավարի պահպանության ծառայության չորս աշխատակիցներ, հաղորվել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: