Անցնող օրն ամփոփ ՝ ըստ «Mediamall.am» լրատվականի.
Սերժ Սարգսյանը հանդիպել է Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի հետ
Հորդանանի Հաշիմյան Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի հետ:
Զրուցակիցները հայ-հորդանանյան քաղաքական երկխոսության զարգացման հետ միասին կարևորել են տնտեսական ակտիվ համագործակցությունը՝ նկատի առնելով առկա մեծ ներուժը:
Հայաստանի Նախագահը և Հորդանանի վարչապետն ընդգծել են փոխգործակցության զարգացմանն ուղղված իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը և այդ առումով ողջունելի համարել երկու երկրների ղեկավարների ներկայությամբ հոկտեմբերի 29-ին ստորագրված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթերը, ինչպես նաև երկու երկրների գործարարների միջև շփումները խրախուսելու երկկողմ պատրաստակամությունը:
Նախագահը նշել է, որ վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրիի գլխավորած կառավարության իրականացրած սոցիալ-տնտեսական բարեփոխումները տեսանելի են և վկայում են երկրի վարչապետի՝ որպես իմաստուն ղեկավարի, հարուստ փորձառության և արդյունավետ կառավարման մասին:
Սերժ Սարգսյանի խոսքով, Հորդանանի բաց տնտեսությունը գրավիչ է ցանկացած երկրի գործարարների համար, ներդրումային բարենպաստ միջավայր է ստեղծված նաև Հայաստանում: Հանրապետության Նախագահը ուրախալի է համարել, որ չնայած բոլոր դժվարություններին, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներում որոշակի դրական տեղաշարժ կա:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրին համակարծիք են եղել, որ զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը, ինչին կարող է մեծապես նպաստել երկու երկրների միջև ուղիղ չվերթների բացումը:
Զրուցակիցները տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացման համար մեծապես կարևորել են նաև մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում հակամարտությունների կարգավորումը, խաղաղության ու կայունության հաստատումը:
Վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրին մեծագույն հարգանքով է խոսել հայ ժողովրդի մասին՝ ընդգծելով, որ թեև փոքրաթիվ, բայց իր մեջ մեծ ուժ ունեցող և տոկուն ժողովուրդ է, որը համաշխարհային քաղաքակրթության մեջ իր մեծ ներդրումն ունի: Հորդանանի վարչապետն իր խոսքում կարևորել է կրոնական հանդուրժողականությունը, շեշտել, որ և՛ իսլամը, և՛ քրիստոնեությունը քարոզում են համատեղ խաղաղ գոյակցություն՝ զերծ արյունահեղություններից ու բարբարոսությունից:
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի օրինակը, որը շատ լավ հարաբերություններ ունի հարևան Իրանի, արաբական բազմաթիվ երկրների հետ, որոնք հայ ժողովրդի համար դժվարին պահերին ձեռք են մեկնել և այսօր էլ այդ երկրներում ապրող հայկական համայնքների նկատմամբ ջերմ ու բարյացակամ վերաբերմունք են ցուցաբերում: Կրոնական հակամարտություն քարոզողները, Նախագահի համոզմամբ, հաջողություն ունենալ չեն կարող:
***
Հանրապետության մի շարք մարզերում մառախուղ է
Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերի ավտոճանապարհներին հոկտեմբերի 30-ին' ժամը 09:30-ի դրությամբ, թույլ մառախուղ է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
***
Ոստիկանները տևական ժամանակ քաղաքացուն անօրինական պահել են ոստիկանության բաժնում, վիրավորել ու նսեմացրել. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, նյութերի նախապատրաստման ընթացքում, Կարեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին հրավիրվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին' ձեռքի վնասվածքի կապակցությամբ բացատրություններ տալու համար: Նույն օրը' ժամը 13:00-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության հիշյալ բաժին:
Կարեն Մ.-ի հաղորդմամբ' ոստիկաններն իրեն տևական ժամանակ անօրինական պահել են ոստիկանության բաժնում, վիրավորել ու նսեմացրել են' ոտնահարելով իր իրավունքներն ու օրինական շահերը:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
***
Քալիֆորնիայում կարանտին է սահմանվել Էբոլա տենդով վարակված հիվանդների հետ շփում ունեցած ուղևորների համար
Քալիֆորնիայում, Էբոլա տենդով վարակված հիվանդների հետ շփում ունեցած և Արևմտյան Աֆրիկայից ժամանող ուղևորների համար 21-օրյա կարանտին է սահմանվել: Այս մասին հայտնել է Reuters գործակալություւնը:
Բացի այդ, Քալիֆորնիայի առողջապահության դեպարտամենտից ստացված տվյալների համաձայն՝ այն մարդիկ, ովքեր գտնվել են վարակի տարածքում, բայց չեն շփվել հիվանդների հետ, կարանտինի չեն ենթարկվելու:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էբոլա տենդից մահացությունը հասել է 70%-ի:
***
Հովիկ Աբրահամյանը խոստանում է՝ աշխատող հղիները չեն տուժի
Կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում հղիները տուժեն: Այս մասին այսօր՝ կառավարության նիստում, «Ժամանակավոր անաշխատունակության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների վերաբերյալ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունն անելու է հնարավորը, որպեսզի օրենսդրական փոփոխություններից հղիները չտուժեն. «Կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում հղի կանայք տուժեն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը և դիմեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ նկատելով, որ դա պետք է ի գիտություն ընդունել:
Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ նախագծի լրամշակման արդյունքում հաշվի են առնվելու բոլոր արդյունավետ առաջարկությունները,
Հովիկ Աբրահամյանն էլ նկատեց, որ ինքը հեռուստացույցով դժգոհություններ է լսել. «Ես լավ արձագանք չեմ տեսել»:
Նախարարն, ի պատասխան, նշեց, որ հաշվի են առնվում ներկայացված առաջարկությունները: Արդեն լրամշակված նախագիծը կներկայացվի հաջորդ շաբաթ:
***
ԻՊ-ն նոր զանգվածային սպանություն է իրականացրել Անբար մարզում
«Իսլամական պետություն» կազմակերպությունը նոր զանգվածային սպանություն է իրականացրել Անբար մարզում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կազմակերպությունը շրջափակման մեջ է առել Հիթ քաղաքի 500 ընտանիքի և քաղաքի ալ Բաքր թաղամասում մահապատժի ենթարկել ավելի քան 46 մարդու: Մի քանի օր առաջ բնակիչները հայտնվել են Անբարի անապատում առանց ուտելիքի, դեղամիջոցների: Նրանք ստիպված լքել են իրենց բնակավայրերը, ունեցվածքը և հեռացել:
Ավելի վաղ Ռամադի քաղաքի արևմուտքում ԻՊ-ն մահապետժի էր ենթարկել բունմար ցեղախմբի 35 երիտասարդների:
Ցեղախմբերը դիմել են երկրի վարչապետ Հեյդար ալ Աբադիին՝ պահանջելով միջազգային դաշինքի օդանավեր ուղարկել ԻՊ-ի դիրքերը ռմբակոծելու համար:
Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ , Թիրքիթի հարավում իրաքյան օդային ուժերի ռմբակոծության հետևանքով ԻՊ-ի 15 անդամ են սպանվել, ոչնչացվել են նրանց պատկանող մեքենաները:
«Իսլամական պետությունը» արդեն մի քանի ամիս սպառնալիք է ներկայացնում Իրաքի և Սիրիայի համար: Կազմակերպությունը կարճ ժամանակում վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:
«Իսլամական պետությունը» համարվում է աշխարհում խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկը: Կազմակերպությունը 2014թ. հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Կազմակերպությունը կարճ ժամանակում վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:
***
Մահվան ելքով վրաերթ' Արմավիր-Գյումրի ճանապարհին
Անհայտ ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 29-ին' ժամը 04.50-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 67.7 կմ-ին վրաերթի է ենթարկել 1975թ. ծնված Վահրամ Անտոնյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
***
Լեյլա Յունուսին զրկել են փաստաբանի ծառայություններից օգտվելու հնարավորությունից
Ադրբեջանի դատախազությունը իրավաբան Ջավադ Ջավադլըին զրկել է հայտնի իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի պաշտպանությամբ զբաղվելու լիազորութուններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Դատախազությունը չի մեկնաբանել, թե որն է եղել փաստաբանին լիազորություններից զրկելու պատճառը: Ինքը' իրավաբանը նշել է, որ նման որոշումն անօրինական է համարում: Ջավադլըն հայտնել է նաև, որ ինքը ներառված է քրեական գործերից մեկում իբրև վկա, սակայն չի մանրամասնել, թե ինչ գործի մասին է խոսքը:
***
Սպառնալից տեսանյութ ԻԼԻՊ-ից Էրդողանին
Ամեն օր մարդկանց գլխատելու եւ պատանդ առնված զինվորներին սպանելու տեսանյութեր հրապարակող «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումն այս անգամ էլ հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ արեւմտյան պետություններին թիրախ դարցրած տեսանյութ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, մինչ այժմ հայտնի ահաբեկչական կազմակերպություններից ամենարյունռուշտը' ԻԼԻՊ-ը համացանցում տարածած տեսանյութում, դիմելով Էրդողանին, հայտարարում է. «Քո խալիֆայությունն ավարտվել է»:
2.38 րոպե տեւողությամբ տեսանյութում ԻԼԻՊ-ը հայտարարում է, որ Թուրքիան կարեւոր դեր է ունեցել Աֆղանստանում մահմեդականների դեմ արեւմտյան պետությունների կողմից սկսված գործողություններում:
2014 թվականի հոկտեմբերի 10-ին հրապարակված տեսանյութում ասվում է. «Թուրքիան մահմեդականների դեմ գործող ՆԱՏՕ-ի ուժերի հրամատարն է եղել: Այսօր էլ գործում է ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված սատանայական կոալիցիայի հետ»:
Տեսանյութում «Մահմեդական եղբայրների խալիֆ Էրդողանին…» վերտառությամբ ուղերձում ասվում է, որ Թուրքիան իրենց առաջ բացվելու է Ալլահին ուղղված աղոթքներով: Ուղերձում իսլամիստ ահաբեկիչները համոզմունք են հայտնում, որ «իրենց ոչ ոք չի կարող խանգարել գրավել Թուրքիան», քանի որ «Ալլահի ուժը սատանա կոալիցիայից ավելի ուժեղ է»:
***
Ինքնասպանություն՝ Հաղթանակ կամրջից
Հոկտեմբերի 30-ին, ժամը 14.49-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի է ինքնասպան եղել, նետվելով Հաղթանակ կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Ադրբեջանցի դիվերսանտների ցուցմունքները կրկին հակասական էին
Ստեփանակերտում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ հոկտեմբերի 30-ին շարունակվել է հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, դատաքննության ժամանակ ամբաստանյալները կրկին հակասական ցուցմունքներ են տվել։
Մասնավորապես, Դիլհամ Ասկերովը, ով նախորդ ցուցմունքում նշել էր, թե ԼՂՀ սահմանը հատել էր Շահումյանի շրջանում թաքցված ոսկին գտնելու նպատակով, այսօր ասել է, որ մինչ Քարվաճառի մոտակայք հասնելն է հասկացել, որ թաքցված ոսկու մասին պատմությունը հորիված է։ Այնուամենայնիվ, նա խմբի հետ շարունակել է ճանապարհը Շահումյանի շրջանի տարբեր բնակավայրերով՝ ընթացքում տեսանկարահանումներ կատարելով խմբի սպանված անդամ Հասան Հասանովի տեսախցիկով։Շարունակությունն՝ այստեղ:
***
Ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող Անդրանիկ Սողոյանը
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հոկտեմբերի 30-ին հայտնաբերել և բերման են ենթարկել Անդրանիկ Սողոյանին:
1968թ. ծնված Անդրանիկ Սողոյանը (մականունը «Զապ») 2013թ. փետրվարի 28-ին Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասի (սպանություն), 235 հոդվածի 1-ին մասի (շորթում) մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման:
2014թ. հոկտեմբերի 20-ին Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Անդրանիկ Սողոյանը ձերբակալված է, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:
***
Առողջապահության նախարարությունը դատապարտել է Գյումրիում շտապօգնության աշխատակիցների նկատմամբ բռնության դեպքը
ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է բուժաշխատողների նկատմամբ բռնության դրսևորումները և ակնկալում պատկան մարմինների խիստ արձագանը նման դեպքերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, որում ասված է.
«ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ վրդովմունքով տեղեկացավ, որ Գյումրիում հերթական անգամ բռնություն է կիրառվել շտապօգնության աշխատակիցների նկատմամբ։
Կանչը ստանալուն պես բուժաշխատողները հասել են նշված վայր, սակայն վիրավորված 25-ամյա երիտասարդն արդեն մահացած է եղել։ Սպանված տղայի ընկերն առանց որևէ պատճառաբանության հարձակվել է շտապբուժօգնության բուժքրոջ և վարորդի վրա, ծեծել նրանց և վնասել մեքենան: Իսկ սպանվածի հայրը, հայհոյելով բուժաշխատողներին, պահանջել է փրկել որդուն:
Բուժաշխատողների հանդեպ կատարված բռնության, ծեծի ցանկացած փաստ ինքնին դատապարտելի է։ Մասնագիտական պարտականությունները կատարող բժշկի, բուժքրոջ կամ այլ աշխատակցի նկատմամբ ձեռք բարձրացնելու փաստի որևէ արդարացում չի կարող լինել։
Շատ ավելի մեծ է նման արարքների մեր ողջ հասարակությանը պատճառած բարոյական վնասը։ Դրանք անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։ Հիվանդների հարազատներին կոչ ենք անում հարգալից վերաբերել բուժաշխատողներին, ձեռնպահ մնալ միջամտելու կամ որևէ այլ կերպ խոչընդոտելու նրանց պատասխանատու և մարդասիրական գործը:
Վստահ ենք, որ պատկան մարմիններն օրենքի ամբողջ խստությամբ կվերաբերվեն բուժաշխատողների հանդեպ ոտնձգություն կատարած անձանց նկատմամբ։ Առողջապահության նախարարությունը նաև ակնկալում է, որ հանրությունը, հասարակական կազմակերպությունները ևս խստագույնս պարսավանքի կենթարկեն ցանկացած նման դեպք։ Միաժամանակ բուժաշխատողներին հորդորում ենք չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ ու լիարժեք»։
***
Ո՞ւր են նայում կրթության ոլորտի պատասխանատուները
835թ. Հռոմի Գրիգոր 4-րդ Պապի օրհնությամբ Արևմտյան եկեղեցին հաստատեց «Բոլոր սրբերի տոնի հիշատակումը նոյեմբերի 1-ին կատարելու կարգը, ինչի համար հոկտեմբերի 31-ի՝ լույս նոյեմբերի 1-ի գիշերը սկսեց կոչվել «All Hallows Eve» (թարգմ.՝ բոլոր սրբերի նախօրե): Հետագայում արտահայտությունը բառափոխվեց և ստացավ Hallowen անվանումը:
Ամերիկացիները այն նաև անվանում են «Դդումի տոն»։ Դդումը Հելոուինի չար ուժերի գլխավոր հատկանիշն է։ Այս օրը նրանք դդումից տարբեր ուտելիքներ են պատրաստում ու համտեսում։ Բացի ուտելիքներից՝ դդումներով փորագրություններ են անում, մոմեր վառում դդմի ներսում և այլն։ Սա կարճ նկարագրությունն էր մի տոնի, որ Հայաստանում լայն տարածում չունի ու հիմնականում նշվում է երիտասարդական Party-ների ձևով՝ տարբեր ակումբներում:
Մի խոսքով՝ այս տոնը մեր ազգայինի հետ որևէ աղերս չունի, սակայն տոնի «հերոսներից» մեկը՝ դդումը, իսկական պատուհաս է դարձել երևանցի շատ ծնողների համար:
Ընկերներս ասում են, որ վաղվա համար երեխաներից դդում են ուզել դպրոցներում Հելոուինը նշելու համար:
Անկեղծ ասած՝ կարգին զարմացած եմ ու մի քիչ էլ զայրացած մեր անհարկի օտարասերության, օտարամոլության վրա: Մենք ունենք բազմաթիվ ազգային-հոգևոր համարժեք տոներ: Ինչո՞ւ ենք մատաղ սերնդին «վարժեցնում» օտար տոներին, արժեքներին մերը ներկայացնելու, սերունդներինը դարձնելու փոխարեն: Հազիվ ենք հասնում նրան, որ «Վալենտինի» փոխարեն նշվի մեր «Սուրբ Սարգիսը», հիմա էլ Հելոուին, որի ո’չ իմաստը, ո’չ էլ բովանդակությունը, համոզված եմ, ո’չ դպրոցականները գիտեն, ո’չ էլ նրանց տոնին նախապատրաստող ու դդում ուզող ուսուցիչներից շատերը:
Այս պարագայում տեղին է հարցը, թե ուր են նայում ոլորտի պատասխանատուները: Գուցե գործ ունենք հերթական գրանտի՞ ու նրա պարտադիր թելադրանքների՞ հետ:
Մի այլ վարկած էլ կա. գուցե բարձարստիճան որևէ պաշտոյա կամ նրա «տանիքի» տակ գործող ինչ-որ մեկը դդումի բիզնեսով է զբաղվում ու որոշել է Հելոուինի անվան տակ մի լավ փող աշխատել:
Հայաստանում ինչ ասես, տեսել ենք: Էլ ոչ մի բանի վրա չենք զարմանա, սակայն ամեն բան չափի մեջ է գեղեցիկ ու չի կարելի ինչ-որ բան անել երեխաների, նրանց ազգային դաստիարակության ու նաև ծնողների գրպանի հաշվին:
Սուրեն Սուրենյանց