«Mediamall.am»  լրատվականն ամփոփում է անցնող օրը. 













Հռոմի պապը Գրիգոր Նարեկացուն հռչակել է «Եկեղեցու ուսուցիչ»

 

 

 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը «Եկեղեցու ուսուցիչ» կոչում է շնորհել հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ և փիլիսոփա Գրիգոր Նարեկանցուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Vatican Radio-ն: Մինչ Մեծ պահքի համար Արիկա քաղաք մեկնելը՝ Հռոմի պապը Վատիկանի Սրբերի միաբանության ղեկավար, կարդինալ Անգելո Ամատոնիի հետ հանդիպման ժամանակ հաստատել է տասներորդ դարի հայ սրբին համընդհանուր եկեղեցու տիտղոս շնորհելու առաջարկությունը:

 

 

Կայքը գրում է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է գրողների ընտանիքում մոտ 950 թվականին Հայաստանի փոքրիկ գյուղում, որը կոչվում էր Նարեկ: Նա մորը կորցնում է վաղ հասակում, հայրը' Խոսրովը, հետագայում դառնում է արքեպիսկոպոս: Նարեկացին մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու մոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։

 

 

Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։ Ուսումը ստանալուց հետո Գրիգորը վարդապետ է ձեռնադրվել նույն Նարեկա վանքում և ստացել Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։

 

 

Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով գործեր՝ «Մեկնութիւն գրգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար։

 

 

 

***

 

 

 

Ընդդիմությունը Վարդան Այվազյանին «Կովկասի գերուհին» է հիշեցնում

 

 

 

«Ընդդիմությունը կարող է ճչալ, բողոքել, բայց դա հին կովկասյան ավանդույթ է»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը:

 

 

Նշենք, որ ԱԺ-ում այսօր շարունակվեց երկրում ստեղծված «Կառավարման ճգնաժամի» վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագծի քննարկումը:

 

 

Ելույթի սկզբում Վարդան Այվազյանը և Հրանտ Բագրատյանը վիճեցին, Այվազյանը Բագրատյանին խոստացավ անհրաժեշտության դեպքում նրա հիշողությունը թարմացնել. «Ընդդիմությունը պետք է վեր դասենք չուզողների դասից: Այս ամենը ինձ հիշեցնում է «Կովկասի գերուհին», երբ ասում է՝ ինքը կարող է ճչալ, բողոքել, դատախազություն դիմել, բայց, սիրելինե՛րս, ձեր գործն արեք, դա հին կովկասյան ավանդույթ է»:

 

 

 

***

 

 

 

Ընդդիմությունը կաղում է վաղուց և կաղում է երեք ոտքից. Հերմինե Նաղդալյան

 

 

 

ԱԺ-ում երկրում ստեղծված «Կառավարման ճգնաժամի» վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:

 

 

Վերջինս ընդդիմությանը հորդորեց ելքեր առաջարկել, այլ ոչ թե նույն մտքերը ներկայացնել հանրահավաքներին, այնուհետև նախագծով ներկայացնել խորհրդարան:

ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի այն դիտարկմանը, որ ընդդիմությունը մի քիչ «թոփալ է»՝ Նաղդալյանը նշեց.

 

 

«Ընդդիմությունը նոր չի կաղում, կաղում է վաղուց, կաղում է երկու ոտքից, կարող եմ ասել՝ նույնիսիկ երեք ոտքից»,- ասաց Նաղդալյանը:

 

 

 

***

 

 

 

Սերժ Սարգսյանի ելույթը Ռուբեն Հակոբյանին հիշեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանի 1994 թվականի ելույթը

 

 

 

Այսօր ԱԺ-ում «Կառավարման ճգնաժամի մասին» նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ինքը տագնապած է. «Մենք գնում ենք կործանման»:

 

 

Հակոբյանի խոսքով՝ այսօր երկրում կա անհրաժեշտություն խոսելու ոչ թե կառավարման ճգնաժամի մասին, այլ քաղաքական ճգնաժամի մասին, ինչի ապացույցն էլ ԲՀԿ-ի անհետանալն է քաղաքական եթերից:

 

 

«Ընդդիմությունը հիվանդ չի, եթե հիվանդ է՝ մենք բոլորս ենք հիվանդ: Ցինիզմն ուր է հասել, եթե արտագաղթի մեջ մեղադրում են ընդդիմությանը»,- ասաց Հակոբյանը:

 

 

Վերջինս ասաց նաև, որ առանձնազրույցներում միշտ ասել է՝ հարգեք այստեղ նստած մարդկանց և ոչ միայն հաջողություններն ասեք, այլ թերությունները:

 

 

«Երբ փետրվարի 12-ին լսում էի Սերժ Սարգսյանի ելույթը, միանգամից հիշեցի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1994թ.-ի դեկտեմբերին»,- ասաց նա:

 

 

 

***

 

 

 

Եթե չեք ուզում գնահատել, որ վիճակը վատ է՝ ինչի՞ եք լուծումներ ուզում

 

 

 

ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Հայաստանում «Կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության քննարկման ժամանակ, դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին, իր ելույթում ասաց, որ եթե չեք ուզում համակերպվել նրա հետ, որ վիճակը վատ է, կա ճգնաժամ, էլ ի՞նչ լուծումներ եք պահանջում:

 

 

«Մեզանից ուզում եք լուծումներ, իհարկե, լուծումներ կան, բայց եթե չեք ուզում գնահատել, որ վիճակը վատ է, ինչի՞ եք լուծումներ ուզում: Եթե ճիշտ դիագնոզ չտաք՝ չեք կարող հիվանդությունը բուժել: Պրոբլեմը չնկատելով՝ խնդիրը չի լուծվի: Եթե դուք խուսափում եք խնդիրներից, ձեր նկատմամբ անվստահությունը խորանում է»,- ասաց Մանուկյանը:

 

 

 

***

 

 

 

Ադրբեջանցի դիվերսանտների գործով վճիռը կայացած է, այն որևէ փոփոխության ենթակա չէ. Դավիթ Բաբայան

 

 

 

Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ադրբեջանցի դիվերսանտներին հետ վերադարձնելու հարցով որևէ բանավոր, առավել ևս գրավոր առաջարկ չեն ստացել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

 

 

ԱՄՆ պետդեպի ամենօրյա ճեպազրույցի ժամանակ պետդեպի խոսնակ Ջեյն Փսակին հայտնել է, որ Ստեփանակերտում կալանավորված երկու ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի հանձնումը Ադրբեջանի կառավարությանը կնվազեցնի լարվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև:

 

 

«Ես կարծում եմ, որ տեղի է ունեցել հետևյալը. ադրբեջանական կողմում ինչ-որ հանդիպումների ժամանակ թե ամերիկյան համանախագահի, թե այլ ներկայացուցիչների հետ, խնդրել են, որպեսզի ամերիկացիները բարձրացնեն այդ հարցը: Որովհետև չեմ կարծում, թե ԱՄՆ շահերից է բխում դիվերսանտների և ահաբեկիչների կյանքի ու ճակատագրի նկատմամբ մտահոգություն ցուցաբերելը, մանավանդ, որ նրանց որևէ վտանգ չի սպառնում: Այդ մարդիկ բանտում են, և իրենց մեղքն ապացուցվել է, հաստատվել է թափանցիկ ու ժողովրդավարական դատավարության ընթացքում»,-ասաց Դավիթ Բաբայանը:

 

 

ԼՀՂ նախագահի մամուլի խոսնակն ավելացրեց, որ դիվերսատների նկատմամբ արցախյան իշխանությունները ցուցաբերել են բարձր մարդասիրություն' թույլ չտալով նրանց հանդեպ որևէ հաշվեհարդար, քանի որ դա հայկական ազգային արժեքներին և քաղակրթությանը հակառակ երևույթ է: «Նրանց դատավարությունն անցավ թափանցիկ և ժողովրդավարական ուղիով' մարդու իրավունքների պաշտպանների, ԶԼՄ-ների մասնակցությամբ:

 

 

Այդ մարդկանց մեղքն ու բոլոր մեղադրանքներն ապացուցվել են, իրենք էլ ընդունել են դա ու դրա համար էլ նույնիսկ խնդրել են Արցախի հանրապետության նա խագահին թեթևացնել իրենց պատիժը: Բայց եթե ինչ-որ մեկն ուզում է այդպիսի մարդասիրական ժեստ ցուցաբերվի, ես կուզենայի, որ նախևառաջ Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ մտնեն, թող Սաֆարովին որպես բարի կամքի դրսևորում վերադարձնեն նվազագույնը Հունգարիային, թող գնա նորից այնտեղ ու կրի իր պատիժը, ոչ թե բաց թողնեն ու հերոսացնեն»,-շեշտեց Դավիթ Բաբայանը:

 

 

Խոսնակի բնորոշմամբ' հակամարտության կողմերի միջև փոխվստահության մակարդակ կձևավորվի, եթե դիվերսանտներից մեկը փոխանակվի հայ սպային քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի հետ: «Մենք պատրաստ ենք փոխանակել նրանցից մեկին նույն Սաֆարովի հետ, կարծում ենք, որ դա կլինի փոխհամագործակցության և փոխվստահության մակարդակում: Իսկ եթե լուրջ խոսենք, վճիռը կայացած է, և չեմ կարծում, թե այն ենթակա է որևէ փոփոխության»,-հայտնեց Դավիթ Բաբայանը: