«Եթե ժողովրդի մեծամասնության կամքը դա էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տար, ուրեմն այդպես ճիշտ էր: Միգուցե ես փոշմանել եմ, այո՛»,- այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի ժամանակ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի փեսա, Ոuկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդի Դավիթ Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է պատահել և արդյոք չի՞ փոշմանել, որ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում, իսկ հիմա մասնակցում է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ ուղղված երթին:

 

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վարդան Բոստանջյանը ևս, թեև կողմ էր քվեարկել Սերժ Սարգսյանին, սակայն այսօր մասնակցում է ընդդիմութայն երթին: Նա նշեց, որ ինքը կողմնակից է համաժողովրդական շարժմանը. «Իսկ այն ժամանակ, որ կողմ եմ քվեարկել, միգուցե համարեք, որ սխալ եմ արել: Ես ոչ թե ֆիզիկական անձին եմ կողմ եղել, այլ քվեարկել եմ մեր երկրի անվտանգության, հարաբերական կայունության համար: Տեղի է ունեցել սխալ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ընդունում է իր սխալը:

Հիշեցնենք՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրելու ժամանակ «Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորներից միայն 12-ն է դեմ քվեարկել Սերժ Սարգսյանին:

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։