Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի օր ապրում է կառավարական առանձնատանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ուղիղ եթերում ցույց տվեց առաձնատունը և տարածքում գտնվող առանձնատներից մեկը, որում, ըստ նրա ունեցած տեղեկության, բնակվել են խորհրդային շրջանի ղեկավարները, այդ թվում՝ Կարեն Դեմիրճյանը, հետո արդեն նորանկախ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները:

Փաշինյանը հեռվից ցույց տվեց նաև նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի առանձնատունը և նշեց, որ դեռ որևէ անգամ չի հանդիպել ոչ նրան, ոչ էլ տարածքում բնակվող այլ պաշտոնյաների։

 

«Այն օրն Աշոտը՝ տղաս, անցնելիս տեսել է Սերժ Սարգսյանին»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց՝ առանձնատաների տարածքում նախօրեին երկու շնագայլ է տեսել. «Շատ հետաքրքիր էր, տարածքն այնպիսին է, որ վայրի կենդանիներն իրենց նույնպես այնքան լավ են զգում, որքան բարձրաստիճան պաշտոնյաները»,- կատակել է Փաշինյանը։