Ցավով եմ արձանագրում, որ հնարավոր չեղավ հավաքել ԱԺ 44 պատգամավորի ստորագրություն՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծն արտահերթ կարգով Ազգային ժողովում քննարկելու համար: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ նախագիծը մնալու է ԱԺ-ում, որոշակի լրամշակումից հետո, այն օրենսդրական կարգով կդրվի շրջանառության մեջ:
Նշենք, որ փաստաթղթի տակ ստորագրել են երեք պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը և Ալեքսանդր Արզումանյանը:
«Վերջին օրերին տարբեր վարկածներ են առաջ քաշվել նախաձեռնությունը շրջանառության մեջ դնելու շարժառիթների մասին: Ներկայացնեմ շարժառիթները: Առաջին՝ վերջին տարիներին քաղաքական խմորումները ներքաղաքական կյանքում առաջացրել են բազմաթիվ անորոշություններ: Այս նախագծով «Քաղաքացիական պայմանագիր» միավորումն արձանագրում է իր կոորդինատները քաղաքական դաշտում, հիշեցնում ՀՀ-ում հաստատված աղետային իրավիճակի պատասխանատուների և նրանց գործունեության քրեաիրավական բնույթի մասին:
Երկրորդ՝ նախագծում արծարծված են հարցեր, որոնց անդրադարձել եմ ԱԺ-ում: Այս գործընթացն, արձանագրում է, որ խորհրդարանի ամբիոնից բարձրացրած հարցերի լուծման գործում լինելու եմ հետևողական:
Երրորդ պատճառն այն է, որ ԱԺ պատգամավոր եմ ընտրվել ՀԱԿ դաշինքից: Խնդրում եմ չշփոթել համանուն կուսակցության հետ, ընտրվել եմ ՀԱԿ դաշինքի համամասնական ցուցակով, որի առանցքային դրույթներից մեկը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցի հարուցումն է: Այս առաջարկով հանդես եմ եկել նաև հրապարակային»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ պատրաստ է միանալ նման ցանկացած նախաձեռնության, որը կկազմակերպվի որևէ խմբակցության կամ պատգամավորի կողմից: