ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին: Ավելին՝ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում:

Բացի այս, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կկատարվի, ըստ որի՝ պաշտոնաթող վարչապետներին ՀՀ տարածքում կտրամադրվի անձնական պետական պահպանություն՝ 10 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել Կառավարության սահմանած կարգով: ՀՀ պաշտոնաթող նախագահներին ՀՀ տարածքում կտրամադրվի անձնական պետական պահպանություն՝ 7 տարի ժամկետով: Բացի այս, պաշտոնաթող վարչապետին կտրամադրվի ավտոտրանսպորտ եւ, իր ցանկությամբ, կահավորված գրասենյակ: Գրասենյակի գործունեության ապահովման համար կտրամադրվի ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր, ֆինանսավորումն էլ կիրականացվի Կառավարության սահմանած կարգով: Բացի այս, պաշտոնաթող վարչապետի' մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տեւողությամբ այցի ծախսերը կհատուցվեն պետական բյուջեի միջոցների հաշվին: Նաեւ պաշտոնաթող վարչապետի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, կնշանակվի հատուկ կենսաթոշակ' վարչապետի' օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:

Ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները բուռն քննադատության էին արժանացնում Սերժ Սարգսյանի՝ ինքն իրեն նման շռայլություններ թույլ տալու մոտեցումը: Եղածն էլ, ի դեպ, այսօրվա համեմատ մեծ բան չէր, ընդամենը կառավարական առանձնատանը ապրելու հնարավորություն և գրասենյակ: Ավելին՝ 2018 թվականի ապրիլի 19-ի կառավարության նիստում, որը վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի համար միակն էր, նա հրաժարվեց իրեն կառավարության որոշմամբ հատկացված առանձնատան սեփականության իրավունքից: Եվ ավելին' նա հայտարարել էր, թե իր բնակարանի հարցը կքննարկվի միայն այն ժամանակ, երբ վարչապետի աթոռին այլ մարդ կլինի: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ արդեն կառավարության մայիսի 11-ի նիստը վարում էր Նիկոլ Փաշինյանը, որի ժամանակ էլ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը խնդրեց քննարկման առարկա դարձնել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու եւ սոցիալական երաշխիքներ տրամադրելու հարցը:

Ինչ վերաբերվում է ՀՀ պետական բյուջեից պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության իրականացման համար ֆինանսական միջոցներ տրամադրմանը, ապա մինչ այս այն տրվում էր հետևյալ ուղղություններով'

1) գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն.

2) գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում:

Ինչպես տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է խփել Սերժ Սարգսյանի ևս մեկ ռեկորդ և այս հարցում էլ շրջանցել նախկին նախագահին: Թերևս հեղափոխական վարչապետը մոռացել է, թե ինչպես էր ժամանակին քննադատում Սարգսյանի՝ բյուջեի հաշվին իր ապագան դասավորելու ցանկությունը: Այսօր կարող ենք վստահաբար ասել, որ Փաշինյանն արդեն իսկ սկսել է կառուցել ապագան, սակայն դեռևս միայն իր անձնականը...