«Նիկոլ Փաշինյանն ու Ելք դաշինքը սատարում են Սերժ Սարգսյանին և դրա համար էլ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական կեղծված ընտրություններն ընդունեցին: Իսկ հաշվի առնելով, որ  Նիկոլ Փաշինյանը չի հայտնվի քաղաքապետարանում, այլ կգնա Ազգային ժողով, հետևաբար, նրա հետ խնդիր չունենք և մեր պայքարը տանելու ենք Սերժ Սարգսյանի հետ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը: 

 

Վերջինս լրագրողներին հավաստիացրեց, որ ինքն ու իր թիմը վստահաբար գնում են հաղթելու և իշխանությունը վերցնելու, քանի որ դա է պահանջում քաղաքացու շահը: 

 

Զարուհի Փոստանջյանը ևս մեկ անգամ անդրադարձավ ԵԼՔ դաշինքի առաջարկին՝ շեշտելով, որ եթե դա իշխանությունների հետ համաձայնեցված չլիներ, ապա այդ հայտարարությանը կարձագանքեր ԿԸՀ-ն: 

 

«Անկախ նրանից՝ քաղաքացուն կաշառք է տալիս ընդդիմադիր կեցվածք ունեցողը, թե ՀՀԿ-ն, ես վստահ եմ, որ այս քայլն աշխատելու է ի վնաս այս դաշինքի: Ո՞վ է ասել, որ մեր՝ քաղաքացիներիս կողմից տրված հարկերն այդ դաշինքը պետք է ծախսի կաշառք տալու համար»: 

 

Զարուհի Փոստանջյանը նաև վստահեցրեց, որ իր քաղաքապետ ընտրվելու դեպքում քաղաքապետարանում կադրային ջարդ չի անելու, քանի որ իրենց համար կուսակցական պատկանելությունը նշնակություն չի ունենալու և Տարոն Մարգարյանի կադրերը կարող են աշխատել իր մոտ. «Ոչ մի կադրային ջարդ չենք անելու. եթե կադրը զինված է գիտելիքով, նա իր աշխատատեղը չի կորցնի, կշարունակի աշխատել՝ իմ քաղաքապետության շրջանում»:

 

Զարուհի Փոստանջյանը նաև հավելեց, որ  մայիսի 12-ին, ժամը վեցին «Երկիր Ծիրանի» կուսակցությունը  և երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը կիրականացնեն հանրահավաք, համերգ և երթ, որի ընթացքում հանդես կգան նոր ասելիքով: 

 

Աղավնի Սուքիասյան