2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած իր ասուլիսի ժամանակ ներկայացրեց' որն է իր և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «կոստյումների» տարբերությունը։ Փաշինյանն անդրադարձավ այս թեմային' պատասխանելով հարցին, թե շատերն ասում են, որ Սարգսյանի համար կարած «կոստյումը» նաև Փաշինյանին է սազում։ Ըստ Փաշինյանի' իր և Սարգսյանի միջև եղած տարբերությունը մեծ է և ցանկացողները կարող են պարզ համեմատականներ անցկացնել։ Դե ինչ' անցկացնենք։
2015 թվականին Սերժ Սարգսյանի կողմից կատարվեցին սահմանադրական բարեփոխումներ, որոնց համաձայն նախագահի լիազորությունների մեծ մասը փոխանցվեց վարչապետին՝ էլ ավելի մեծ լիազորություններով։ Փաշինյանն այս քալը որպես ընդդիմադիր քննադատության արժանացրեց։ Սակայն որպես վարչապետ՝ Փաշինյանը ոչ միայն ակտիվորեն օգտագործում է իր «սուպերվարչապետական» լիազորությունները, այլ նաև, ժամանակ առ ժամանակ, հրապարակային գործունեությամբ ստանձնում է ներկայիս Սահմանադրությամբ հիմնականում արարողակարգային դեր ունեցող նախագահի լիազորությունները։ Բացի այդ, արդեն Փաշինյանի կառավարման շրջանում իրավապահ («ուժային») մարմիններից ամենաազդեցիկները՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը, դրվեցին վարչապետի ուղիղ ենթակայության տակ, իսկ նախկինում՝ կառավարությանն առընթեր մարմինների էին' գոնե ֆորմալ առումով։
Օրեր առաջ Փաշինյանը հայտնեց, որ իշխանությունները որոշում են կայացրել փոխել ԶՈւ կառավարման մոդելը։ Ըստ այդմ, ենթադրվում է ՀՀ վարչապետին վերապահել զինված ուժերի կառուցվածքի և թվաքանակի, ՀՀ պաշտպանության նախարարության՝ որպես պետական մարմնի, և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի՝ որպես ենթակա պետական մարմնի, կանոնադրությունների հաստատման լիազորությունը: Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին այս խնդրի իրականացումը դրված էր Գլխավոր շտաբի պետի վրա։
Թե ինչպես Նիկոլ Փաշինյանը գրավեց գործադիր իշխանությունը և դարձավ Երկրի վարչապետ' բոլորին է հայտնի: Պարզապես հիշեցնենք, որ սկզբում, այսինքն մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները, դա կոալիցիոն կառավարություն էր: Բայց կառավարության հենց առաջին նիստերից մեկի ժամանակ, երբ քննարկվում էր կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխությունների հարցը և վարչապետի կարծիքին հակադրվեցին կոալիցիոն ուժերից երկուսի ներկայացուցչները, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց' «Ես թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում, այլ հաշվարկներով, այլ մոտեցումներով փորձեն մարդկանց բաժանել առավել սկզբունքայինների և պակաս սկզբունքայինների և ես ուզում եմ շատ հստակ լինի մեր բոլորիս տեսակետը և ես ձեր տեսակետը հասկացա, դուք էլ հույս ունեմ իմ տեսակետը հասկացաք, չենք կարող կիսադիրքորոշումներով առաջ շարժել, կիսադիրքորոշումներից արվելու են հետևություններ»։ Դրանից հետո կառավարության կիսափակ նիստերը, լավագույն դեպքում Գենադի Խազանովի «Одобрям»-ն են հիշեցնում։ Եթե համեմատականներ անցկացնենք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցկացվող կառավարության նիստերի հետ, ապա այնտեղ անշուշտ մտքերի պլյուրալիզմն ավելի էր ողջունվում, կառավարության օրակարգի կետերի առյուծի բաժինն էլ հրապարակային էր, ոչ թե փակ' ինչպես այժմ։
Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններին ընդառաջ փոփոխությունների ենթարկեց գործող ընտրական օրենսգիրքը: Սակայն, նայելով թե հատկապես ինչ փոփոխություններ են դրանք՝ պարզ է դառնում, թե ինչի համար են վերը նշված փոփոխություններն արվում: Օրինակ՝ Փաշինյանը ցանկանում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը և անցնել համամասնականի: Հասկանալի է, որ սա արվում է այն պարզ պատճառով, որ Փաշինյանի թիմում չկան այնպիսի դեմքեր, որոնք կունենա բարձր ռեյտինգ և կկարողանան ձայն հավաքել, իսկ անել դա' երդվելով Փաշինյանի անունով, ինչպես երկու տարի առաջ էր, այլևս չի ստացվի: Սյունիքի ցանկացած գյուղապետ այսօր ավելի շատ ձայն կհավաքի ընտրություններին, քան Փաշինյանի մարզպետները: Այդ պատճառով էլ վարչապետը որոշել է գնալ նման փոփոխությունների՝ ոչ լավ օրից' ինչպես ասում են: Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին հակառակ փոփոխությունն էր տեղի ունեցել և համամասնական ընտրակարգը փոխվել էր ռեյտինգայինով:
Ստացվում է, որ հեղափոխական ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ընտրովի մոտեցում է ցուցաբերում հեղափոխական գործիքակազմի նկատմամբ՝ մազաչափ անգամ չի դիպչում այն ամենին, ինչն իրեն իշխանություն ու հարմարավետություն է ապահովում, սակայն հեղափոխականություն է դրսեւորում այն հարցերում, որոնք բավարարելու են լայն մասսաների ստորին բնազդային պահանջմունքները...