Իրեն ժողովրդի վարչապետ հռչակած Նիկոլ Փաշինյանն իշխանության էր գալիս' խոստանալով այդ ժողովրդի հետ լինել բաց և թափանցիկ։ Եվ դա 2018-ին տրամաբանական էր թվում, քանի որ նույն Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում բազմիցս էր քննադատել Սերժ Սարգսյանին' կարևոր, սակայն անցանկալի տեղեկությունները հանրությունից թաքցնելու մեջ։ Սակայն, ուշագրավ է, որ այդ նույն տեղեկությունները, որոնք Փաշինյանը Սարգսյանից պահանջում էր հրապարակել, այսօր պահվում են յոթ կողպեքի հետևում և համարվում են պետական գաղտնիք։
Դիցուք' Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ Հայաստանի բարձրագույն իշխանությանը՝ ժողովրդին, հասու չէ տեղեկատվությունն այն մասին, թե պետական բյուջեից որքան գումար է ծախսվել կառավարական առանձնատան վերանորգման համար: Այս նույն տեղեկությունը ընդդիմադիր Փաշինյանը պահանջում էր բացահայտել Սերժ Սարգսյանից և մեղադրում էր վերջինիս Գնումների մասին օրենքում նպատակաուղղված փոփոխություն անելու և հանրությունից ծախսված գումարները թաքցնելու մեջ։
Ընդդիմադիր Փաշինյանը Սերժ Սարգսյանից պահանջում էր բացահայտել, թե կարկառուն օլիգարխներից ով և որքան գումար է մուծվում ՀՀԿ-ին և ինչի վրա են ծախսվում այդ գումարները։ Կարկառուն օլիգարխները հեղափոխությունից հետո շատ արագ դարձան Փաշինյանի սրտի օլիգարխներ, սակայն, այդ ինֆորմացիան ՔՊ-ի մասով նույնպես մնաց փակ և հասարակության համար անհասանելի։
Փաշինյանը երրորդ նախագահից պահանջում էր հրապարակել ապրիլյան պատերազմի օրերին զոհվածների իրական թիվը։ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը և թիմը պետական գաղտնիք հռչակեցին ոչ միայն զոհվածների, այլ նաև գերեվարվածների թիվը։
Պատգամավոր Փաշինյանին հանգիստ չէին տալիս նաև այն գումարները, որոնք Սերժ Սարգսյանը ծախսում էր գործուղումների վրա։ 2018-ից հետո այդ տեղեկատվությունը հպարտ քաղաքացիներին հասանելի չէ, դրա տրամադրումը մերժվում է' հղում անելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետին: Օրենքի այս կետի համաձայն՝ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի արարողակարգային, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ծախսերը համարվում են պետական գաղտնիք:
Պատգամավոր Փաշինյանը գտնում էր, որ Սերժ Սարգսյանը թաքցնում է իր եկամուտները, քանի որ վերջինիս հայտարարագիրը զբաղեցրած պաշտոնի համեմատ անչափ համեստ էր։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես հանրությունից թաքցնում է իր իրական եկամուտները, քանի որ վարչապետի պաշտոնում չի հայտարարագրել ոչ շարժական, ոչ էլ անշարժ որևէ գույք։
Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանից պահանջում էր բաց և թափանցիկ դարձնել մեկ անձից գնումների ընթացակարգը, որպեսզի իշխանությանը մոտ կանգնած գործարարները առիթից չօգտվեն և մեկ անձից գնումների տենդերների մշտական հաղթողներ չհռչակվեն։ 2018-ից հետո մեկ անձից կատարված գնումների բացարձակ ռեկորդ էր սահմանվել, իսկ Փաշինյանն էլ ավելի հեռուն է գնացել' փակելով պետական գնումների վերաբերյալ ողջ ինֆորմացիան հպարտ քաղաքացիներից։
Ընդդիմադիր Փաշինյանը Սերժ Սարգսյանից պահանջում էր ժողովրդին ներկայացնել արցախյան հարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների բոլոր մանրամասները և ժողովրդի թիկունքում քայլեր չանել։ Գալով իշխանության' Փաշինյանը խոստացավ որոշում կայացնելուց առաջ ժողովրդին հավաքել հրապարակում և նրանից քայլեր կատարելու մանդատ ստանալ, սակայն, արդյունքում ժողովուրդը ստացավ «ինչ ուզում եմ, էն էլ բանակցում եմ» սկզբունքը և իր թիկունքում կնքված կապիտուլյացիա։
Ինչպես տեսնում ենք՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բաց և թափանցիկ աշխատելու ջատագով էր և նույնն էլ պահանջում էր երրորդ նախագահից, սակայն, վարչապետ Փաշինյանը գաղտնապահությամբ արդեն իսկ գերազանցել է Սերժ Սարգսյանին...