Նոր Հայաստանի պաշտոնյաների աքիլեսային գարշապարն է դարձել պարգևատրումների հարցը: Պարբերաբար թե՛ նախկին, թե՛ ներկայիս պաշտոնյաները հանրությանը կոչ են անում համեմատել նախկին և այս իշխանությունների օրոք բաժանված պարգևատրումների թիվը և հասկանալ՝ ի վերջո ում օրոք է բյուջեն առավել անխնա մսխվել: 2019 թվականի վերջին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները շուրջ 1 միլիոն դոլարի պարգևատրումներ ստացան, սակայն այդ աշխատակիցների ցանկը գաղտնի է պահվում, թեև Տարոն Մարգարյանի օրոք այն հրապարակվում էր: 2016 թվականին Տարոն Մարգարյանի օրոք քաղաքապետարանի աշխատակիցներից տրամադրվել էր 94996000 ՀՀ դրամի պաարգևավճար: Մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ 2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում էր:
 
2017 թ. դեկտեմբերի 28-ին հաստատված 2018 թ. բյուջեում 1 հոդվածով («Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում») նախատեսված է եղել 32327.6 հազար դրամ պարգևավճար հատկացնել Արարատի մարզպետարանին, որը և վճարվել է մարզպետարանի աշխատակիցներին: 2019 թ. համար Արարատի մարզպետարանում վճարվել է 117.060.070 ՀՀ դրամ կամ շուրջ 245 հազար ԱՄՆ դոլար: Ամսական պարգևավճարների թիվն այդպիսով կազմում է շուրջ 20.500 ԱՄՆ դոլար: Ըստ ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի N 706-Ա որոշման՝ Արարատի մարզպետարանի հաստիքների առավելագույն թիվը 129 է:
 
2018 թ. մայիսից մինչ տարեվերջ ընկած հատվածում ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակիցներին 2 հոդվածներով («Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» և «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ») տրվել է 34.362.400 դրամ պարգևավճար: 2019 թ. արդեն հիշյալ երկու հոդվածներին ավելացվել է ևս մեկը («Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ»), ինչի շնորհիվ էլ նույն տարում պարգևավճարների թիվը շեշտակի աճել է՝ դառնալով 147.035.200 դրամ: Այսինքն՝ 09.05.2018 - 31.12.2019 թթ., այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք Լոռու մարզպետարանում վճարվել է 181.397.600 ՀՀ դրամ կամ շուրջ 380 հազար ԱՄՆ դոլար:
 
2017 թվականին ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն ինքն իրեն պարգեւատրել է 2 մլն 683 հազար դրամի չափով, մինչդեռ նշված անձի պարգեւատրման լիազորությունները պատկանում են ՀՀ վարչապետին: Իսկ 2017 թվականի ընթացքում Ս. Ավետիսյանն ինքն իրեն պարգեւատրել է 5 մլն 371 հազար դրամ: 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը ընկած ժամանակահատվածում (շուրջ 20 ամիս) ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 116.765.358 դրամ (շուրջ $ 245․000 դոլար)։