Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությանը խնդրեց քննարկման առարկա դարձնել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին բնկարանով ապահովելու և սոցիալական երաշխիքներ տրամադրելու հարցը:
Հարությունյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանը, հրաժարվելով օրենքով իրեն հասանելիք բնակարանից, հայտնել էր, որ այդ հարցին կարող են անդրադառնալ հաջորդ կառավարությունները:
Նախարարի պաշտոնակատարի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խնդիրը պարզ է, տեղի է ունեցել կառավարական առանձնատներից մեկի սեփականաշնորհում և պետք է գտնենք այլ լուծում, որով կլուծվի պաշտոնաթող նախագահի սոցիալական երաշխիքի հարցը:
Փաշինյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն, որով պետք է լուծվի Սերժ Սարգսյանին բնակարան հատկացնելու հարցը: