Այսօր տեղեկություն է տարածվել, որ իշխանություններն սկսել են աշխատանքից հեռացնել բողոքի ակցիաներին մասնակցող, կամ նույնիսկ սոցիալական ցանցերում լայք դնող պետական կառույցների աշխատակիցներին: Ֆեյսբուքի օգտատերից մեկը այսօր գրում էր՝ «Ֆեյսբուքում լայք դնելու համար համայնքային չծառայողը աշխատանքից ազատել է երկարամյա համայնքային ծառայողներ՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ԵՀԳԿ և Գովազդի բաժնի գլխավոր մասնագետներ Արթուր Ղազարյանին և Հովհաննես Օհանյանը:
Այս մոտեցումը հեղափոխականները ժառանգել են նախկին իշխանություններից: Բանն այն է, որ հենց ընդիմադիր Նիկոլ Փաշինյանը բազմիցս էր բողոքել, որ իր կողմնակիցների և ընդհանրապես ընդդիմադիր հայացք ունեցողների հանդեպ պետական կառավարման համակարգում ապօրինի քայլեր են կիրառվում
Դիցուք՝ 2015 թվականին Վանաձորի քաղաքապետարանին կից «Նեցուկ» ՊՈԱԿ֊ի աշխատակից, բանվոր Սաթենիկ Ափինյանը աշխատանքից հեռացվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «like» դնելու համար։ Այս մասին Ափինյանը պատմել էր «Լոռի TV»֊ին։ Կինը հուլիսի 10֊ին լայքել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը։ Այդ օրն ավելի ուշ նա հեռախոսազանգ էր ստացել համադասարանցուց՝ Սուսաննա Դարբինյանից, ով Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ֊ական Սամվել Դարբինյանի քույրն է։
2014-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքել էին Մետրոպոլիտենի աշխատակիցները: Գործատուն առանց նրանց գիտության աշխատավարձից պարտադիր կենսաթոշակի պահում էր կատարել: Ցույցից ընդամենը 30 րոպե անց 3 մեքենավար ազատվել էր աշխատանքից: «Դեմ եմ» նախաձեռնությունը եւ մեքենավարները համզոված էին, որ իրենց հեռացրել են ցույցին ակտիվ մասնակցելու համար:
Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այսպես կոչված` գազավիկների հետ կապված ընկերությունները՝ դիցուք` «Գազպրոմը» կամ Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող ընկերությունը, աշխատանքից հեռացնում են այն անձանց, ովքեր հանդգնում են մասնակցել հեղափոխությանը:
Ի՞նչ է փոխվել այսօր, իշխանությունը պահելու համար Փաշինյանը և թիմը մոռացան, որ այս ձեռագիրը բնորոշ էր ոչ թե հեղափոխականներին, այլ իրենց իսկ խոսքերով ասված՝ մերժված նախկիններին, մոռացան, որ խոստանում էին հեղափոխությունից հետո բոլոր քաղաքացիներին շնորհել հավասար իրավունքներ, ամրապնդել ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը: Փոխարենը` հասարակությունը ստացել է նախկինների՝ ձևափոխված և ավելի անհանդուրժող դարձած գործելաոճը...