«Մենք առաջարկում ենք կառավարության այնպիսի կառուցվածք, որտեղ կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններ չլինեն, բոլորը լինեն կառավարության կառուցվածքի մեջ, այսինքն` չլինի սուպերվարչապետական համակարգ»,-այս մասին Աժ-ում ասուլիսի ընթացքում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` ներկայացնելով կառավարման իրենց նախագիծը, որով, ըստ նրանց՝ կթոթափվի սուպերվարչապետական համակարգը: Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց նախագծով պետք է լինի 14 նախարարություն: Նախագծով ԼՀԿ-ն առաջարկում է ԱԱԾ-ին և ոստիկանությանը տալ նախարարությունների կարգավիճակ:
Ոստիկանությունը միանա ԱԻՆ-ին՝ դառնալով Ներքին գործերի նախարարություն: Մշակույթի նախարարությունը չպետք է միանա ԿԳՆ-ին, այլ պետք է պահպանվի և կատարի ԱԳՆ-ին հավասար աշխատանք, և դա ոչ թե 3 միլիոն հայերի հետ, այլ աշխարհասփյուռ 12 միլիոն հայերի:
Գյուղնախարարությունը ևս պետք է պահպանվի, քանի որ Հայաստանը, լինելով գյուղատնտեսական երկիր, չի կարող գյուղնախարարություն չունենալ: ԼՀԿ-ն նաև ընդգծեց, որ Սփյուռքի նախարարության փակվելու մասին լուրերին խիստ բացասաբար են արձագանքում սփյուռքում, ճիշտ կլինի՝ փոխարենը մշակել սփյուռքի հետ պատշաճ աշխատելու մեթոդ:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե արդյո՞ք ԱԱԾ-ն և ոստիկանությունը, այժմ համարվելով ապաքաղաքական կառույց` ստանալով նախարարությունների կարգավիճակ, չեն քաղաքականացվի, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ցանկացած անկախ մարմին չի քաղաքականացվի, եթե այն լինի պատշաճ քաղաքական, խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողության տակ: Այդ կառույցների քաղաքականացման վտանգն այսօր է, այլ ոչ մեր առաջարկած տարբերակով»,-ընդգծեց Մարուքյանը:
Նշենք, որ ԼՀԿ-ն նախագիծն այսօր ուղարկել է կառավարություն, վարչապետի դիրքորոշումը նախագծի վերաբերյալ դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ ժամանակին, երբ ՀՀ այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, առիթը բաց չէր թողնում քննադատելու մեր երկրում հաստատված «սուպերվարչապետության» համակարգը, անընդհատ թմբկահարելով, որ այն Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյում է», սակայն վարչապետ դառնալուց հետո վարպետորեն շրջանցում է թեման ու այդ թեմայի շուրջ տրվող հարցերը: Փաշինյանի փոխարեն հիմա էլ խորհրդարանական ընդդիմություն «Լուսավոր Հայաստան»-ն է լծվել սուպերվարչապետության դեմ պայքարի գործին՝ իր առաջ խնդիր դնելով Փաշինյանի հագից հանել Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը:
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ