Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն այսօր շարունակում է Լոռու մարզում։ Սպիտակ քաղաքում նա անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը:
«Ես ինչքան հետևել եմ արձագանքներին՝ հանրությունը մի փոքր տարակուսած է, նրանք հարց են տալիս, ասում են՝ հիմա չհասկացանք Սարգսյանն ուզում էր վնա՞ս, թե՞ օգուտ տա։ Այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին ու ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որը վերջին յոթ ամսվա ընթացքում մենք արել ենք. ինչի՞ մասին է այդ պատմությունը, նրա մասին, որ 2018 թվականի մայիսին Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը ես ժառանգել եմ դեֆորմացված վիճակում ու որն է եղել ամենակարևոր պրոբլեմը, եղել է այն, որ միջնորդները հետագա զարգացումների ու կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ արտահայտել է Ադրբեջանը», -հայտարարեց Փաշինյանը։
Նա հայտարարեց, թե ապրիլյան պատերազմով լրջացավ «տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը»։
«Եվ մենք 2018-ին բանակցային գործընթացը ժառանգել ենք մի իրավիճակում, երբ որ սեղանի վրա դրված է եղել «տարածքներ ոչ մի բանի դիմաց» բանաձևը, շատ կարևոր է արձանագրել, որ միջնորդները ու միջազգային հանրությունը, որի վրա մենք երկար տարիներ հույս ենք ունեցել, մեր առաջ դրել է խնդիր՝ վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ 5+2 բանաձև գոյություն չի ունեցել։
«Այդ երկուսը այն պահեստային հատվածն էր, որով այս տարբերակը պետք է ֆորմալ առումով զիջվեր հետագայում այդ լուծումն Ադրբեջանի համար ընդունելի դարձնելու համար»,- ասաց նա։
Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց՝ զոհերի արյունը Ռոբերտ Քոչարյանը վաճառել է սեփական իշխանության դիմաց։
«Ղարաբաղ՝ իշխանության դիմաց բանաձևը գործի դրվեց 1998 թվականին», - ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե այդ ձայնագրությունը հրապարակում են, մոռանում են պատասխանել մի հարցի՝ «բա ի՞նչ եղավ, որ Դուբայում 5 միլիարդ դոլարով հողերը ծախել է, ի՞նչ եղավ այդ թեման»։
«Հիմա էլ հակառակի մեջ են մեղադրում, հիմա էլ հողերը չտալու մեջ են մեղադրում», - ասաց նա։