Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Ներման մասին» նոր օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։
Ըստ առաջարկվող փոփոխության՝ Սահմանադրությամբ դատապարտյալին ներում շնորհելու բացառիկ իրավունքը վերցվում է ՀՀ նախագահից և տրվում ՀՀ վարչապետին։ Ազգային ժողովի հատկապես ընդդիմադիր խմբակցության պատգամավորները Սահմանադրությամբ առաջարկվող այս փոփոխությունը համարում են անցում ժողովրդավարության և նշում, որ այս փոփոխությունը բնորոշ է բոլոր խորհրդարանական պետություններին։
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այս օրենքի նախագիծն աննորմալ է, քանի որ «Ներման մասին» օրենքի փոփոխություններով նախագահին զրկում են իր լիազորություններից․ «Ինչի՞ց եք վախենում, որ նախագահը մեծ լիազորություններ ունենալով՝ մեծ քաղաքական կշի՞ռ կունենա, հեղաշրջո՞ւմ կանի»,-նշեց նա։
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ի պատասխան շտապեց նշել, որ իշխանությունը ոչ ոքից էլ չի վախենում:
«Ներման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իր տեսակետն արտահայտեց նաև ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Սերժ Սարգսյանն այն ժամամանակ Մոսկվայից կանչեց, ասեց՝ արի՛, Կարեն ջան, դարձիր վարչապետ, դե հայտարարել եմ, որ էլ վարչապետ չեմ դառնալու։ Հիմա էլ՝ ստացվում է, որ Կարեն Կարապետյանին Սերժ Սարգսյանը պետք է «քցի» աչքերի մեջ նայելով։ Այս Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանի հագով կոստյում եք կարել։ Հիմա էս օրենքների մասով՝ տանում են, ասում են հագի, ասում է, որ ծայրը վարատնկի սուր ա, կլորացրա։ Հիմա էլ բերել են ժողովրդի նվերը: Մեծ Բրիտանիայի ժպտուն դեսպանն ա։ Բայց, քանի որ Սերժ Սարգսյանը մտածում ա , որ կարողա լուրջ վերաբերվի երկրի ղեկավարի իր կարգավիճակին։ Էսա կասեն՝ քեզ մի հատ եվրոռեմոնտ թազա կվարտիրա կտանք, ըտեղ նստի ու ժպտա։ Իսկ մենք այդ ընթացքում կիրականացնենք լրջագույն փոփոխություններ»։
Փաշինյանի այս դիտարկումներից հետո օրենքի նախագիծը պաշտպանող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա խորհրդարանական կառավարման սովորական ընթացակարգ է և այո՛, առաջին խաղացողը դառնում է գործադիրի ղեկավարը:
«Որևէ մեկդ գիտե՞ք՝ ով է Հունաստանի նախագահը: Որևէ մեկդ գիտե՞ք՝ ով է Իտալիայի նախագահը»,-հռետորական հացադրումներից հետո Շարմազանովը խորհուրդ տվեց կողմ քվեարկել այս օրենքի նախագծին։