2018 թվականին ՀՔԾ-ն հայտնել էր, որ Հուլիսի 14-ին ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել 2017թ. ԱԺ ընտրություններում ընտրողներին կաշառք բաժանելու համար: Ըստ պաշտոնական հաղորդագրության` պարզվել էր, որ Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանին կաշառք տվող պատգամավորը «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանն է եղել: Այս գործով Հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործը ուղարկել դատարան եւ դատարանում տեղի է ունեցել անսպասելին.ՀՔԾ-ն ԱԺ նախկին նախկին պատգամավորի եւ Մալիշկա համայնքի ղեկավարի դեմ ցուցմունք տված անձին մեղադրանք է առաջադրել սուտ մատնության համար՝ դրանով իսկ մաքրելով Աշոտ Արսենյանին:
Ամիսներ առաջ էլ կարճվել էր Արսենյանի որդու դեմ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ գործարարի որդուն մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար: Մինչդեռ այստեղ բավական ուշագրավ նրբություն կա: Եթե մինչև արտահերթ ընտրությունները Արսենյանը Փաշինյանի «դաշնակիցն» էր, ու Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անգամ հյուրընկալվեց Արսենյանի կրտսեր որդու՝ Վահագնի «անասնաֆերմայում», ապա ընտրություններից հետո Փաշինյանի իշխանության թիրախում էր հայտնվել նաև Արսենյանի որդին՝ նրան վերը նշված մեղադրանքն էր ներկայացվել: Դժվար էր հասկանալ, թե երբ և ինչ պատճառով սառեցվեցին երբեմնի դաշնակցային հարաբերությունները նոր իշխանությունների հետ: Սակայն, իմանալով այս իշխանությունների գործելաոճի առանձնահատկությունները, այն է՝ քրեական գործեր հարուցելով, պրեսինգի ենթարկելով ռեկետ իրականացնելը, կարելի է ենթադրել, որ այստեղ էլ մի բան այն չէ, և նախկին ՀՀԿ-ական գործարարի «պոչին» պարզապես նստել էին:
Իսկ այն ինչ եղավ հետո՝ անչափ հուզիչ էր: Արսենյան-Փաշինյան հարաբերությունները բավական ջերմացան, Արսենյանը ձյուն մաքրող մեքենաներ են նվիրում Երևանի քաղաքապետարանին, նրա որդու դեմ քրեական գործը կարճվում է, իր դեմ վկայություն տված անձը մեղադրվում է սուտ մատնության մեջ, նրա ընկերությունը կառավարության կողմից միլիոնների հասնող արտոնություններ է ստանում: Այս ամենը վկայում է այն մասին, որ գործող իշխանությունների և Սերժ Սարգսյանի երբեմնի մտերիմ օլիգարխի հարաբերություններում ակնհայտ ջերմացում է տեղի ունեցել: