ԿԸՀ-ում պարոն Մուկուչանը գեղեցիկ ձևով մի քանի ժամ կխափանի ամբողջ համակարգը և գեղեցիկ կնկարի Սերժ Սարգսյանի համար «այո»-ները: Որպեսզի դրան չհասնենք, ապա պետք է ցույց տանք մեր ուժը, պետք է բողոքենք մի քանի օր շարունակ՝ մինչև դեմտեմբերի 6-ը, դեկտեմբեր 6-ին, դրանից հետո, որպեսզի մենք կարողանանք հասնել իրական համակարգային փոփոխության: Այս մասին այսօր Ազգային ժողովում նույնականացման քարտերով քվեարկելու օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 

«Կասեք՝ քանի տարի շարունակ մենք մասնակցում ենք այսպիսի ոչ հետաքրքիր թատորնի, որը կոչվում է ընտրություններ, քանի անգամ մենք գնում ենք ընտրատեղամաս, քվեարկում ենք մեր խղճին համահունչ, բայց մեր քվեն տեղ չի հասնում, ինչո՞ւ, որովհետև ՀՀ-ում շուրջ 20 տարի ընտրություններ տեղի չեն ունենում, այլ տեղի է ունենում այս կամ այն անձի նշանակում, կամ էլ մի փոքր մասի, ովքեր ընտրվել են, թույլ են տալիս, որ գան խորհրդարան, որպեսզի ասեն՝ ՀՀ-ում կա բազմակարծություն և հնարավորություն՝ այլ կարծիքներ լսելու: Մինչդեռ դա ուղղակի այն փոքրիկ տարածքն է, որն ուղղակի թույատրվում է ոչ թե այն բանի համար, որ անհրաժեշտ է, այլ այն բանի, որ այս իշխանություններն ասեն՝ իբրև թե իրենք ժողովրդավար են:

 

Մինչդեռ վերջին 20 տարվա ընթացքում որևէ մեկս չկարողացանք մեր քվեն տեղ հասցնել և օրինական իշխանություններ ձևավորվել: Դրա հետևանքն է, որ ուզում են հանրաքվե անցկացնել և բերել են օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ավելի մատչելի դարձնեն այդ հանրաքվե կեղծարարությունը: Ո՞րը պետք է լինի մեր հանրության հետագա վարքագիծը՝ գնա՞ ընտրության, ասի՝ ոչ, թե չգնա: Մեր քաղաքացիները շատ լավ կողմնորոշվում են, գիտեն՝ ինչպես կվարվեն, բայց որպեսզի այդ «ոչ»-ը մենք կարողանանք իրականացնել, մեզ օգնելու է ոչ թե ընտրական օրենսգիրքը: Դրա համար կա մեկ ելք՝ համատարած ընդվզումը: Եթե դա տեղի չունենա, ապա նույնիսկ բոլոր հանձնաժողովի ազնիվ անդամները, ովքեր կպահեն այդ «ոչ» ձայները, միևնույն է՝ ԿԸՀ-ում պարոն Մուկուչանը գեղեցիկ ձևով մի քանի ժամ կխափանի ամբողջ համակարգը և գեղեցիկ կնկարի Սերժ Սարգսյանի համար «այո»-ները: Որպեսզի դրան չհասնենք, ապա պետք է ցույց տանք մեր ուժը, պետք է բողոքենք մի քանի օր շարունակ՝ մինչև դեկտեմբերի 6-ը, դեկտեմբերի 6-ին, և դրանից հետո, որպեսզի մենք կարողանանք հասնել իրական համակարգային փոփոխության: Մեր խնդիրը դա է»:

 

Պատգամավորն անդրադարձավ նաև վերջին 20 տարում տեղի ունեցած իշխանություններին, նախագահներին անվանեց «նշանակված», խոսեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելուց և խոսեց նաև գազի գներից:

 

«Մեկ միլիոնից ավելի մարդ շարունակելու է մնալ քաղցած, շարունակելու է արտագաղթել, ոչինչ չի փոխվելու: Եթե ուզում ենք փոփոխություններ, ապա այս թատրոնին մասնակցելու մեր ձևաչափը պետք է լինի չմասնակցել այս ծրագրի նախանշված քայլերին: Մեր ընտրությունը՝ գալ, մասնակցել, այլևս արդյունավետ միջոց չէ: Միակ արդյունավետ միջոցը բողոքներն են: Մեր ճանապարհը ռադիկալ փոփոխությունների օրակարգն է: Դրա միջոցով կարող ենք հասնել համակարգային փոփոխության: Թե չէ, այս 20 տարիներն ինչպես անցկացրինք, նորից կարող են լինել տարիներ, երբ նշանակովի ղեկավարություն ենք ունենալու:

 

Չէ՞ որ 2013 թվականին և դրանից առաջ, այն անձինք, ովքեր պաշտոնավարեցին և պաշտոնավարում են, նրանք չեն ընտրվել, իրենց ուղղակի նշանակեցին և նշանակության հետևանքն էր, որ մեր երկիրն այսօր դատարկվում է, մենք այսքան աղքատ ենք: Յուրաքանչյուր քաղաքացի իր կյանքում զգում է այդ նշանակման հետևանքը: Չունենք այլընտրանքներ:

 

Հիշատակվեց, որ եթե մենք ճանաչեինք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա պատերազմ կսկսվեր, իսկ ի՞նչ է, հիմա պատերազմ տեղի չի՞ ունենում, մեր խաղաղ բնակիչներն են զոհվում պատերազմի հետևանքով: Այդ պատերազմի պատճառով ենք մեր երեխաներին կորցնում, այնպես որ՝ եթե այլ պետություններ ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ուրեմն պատերա՞զմ կսկսվի: Դա սխալ մոտեցում է: Իհարկե, Արցախը պետք է ճանաչվի, իհարկե Արցախը պետք է դառնա միացյալ Հայաստանի մասը: Իհարկե, մենք պետք է ճանաչենք, որ Թուրքիայի Հանրապետությունը զավթել է Հայաստանի Հանրապետության տարածքները և դրանք հիմնարար փաստաթղթեր են, որոնք անհրաժեշտ են մեր ապագա, անկախ, ազատ, միացյալ պետության համար: Դրա համար չի եղել քաղաքական կամք, ինչո՞ւ, որովհետև քաղաքական ղեկավարումը նշանակված անձանց, ոչ թե ժողովրդի կողմից ընտրված անձանց միջոցով է տեղի ունեցել: Մենք չունենք այլընտրանք գազամուղի, նավթամուղի վերաբերյալ, կարող էինք լինել տարանցիկ պետություն, ինչու թույլ չեն տալիս, որովհետև նշանակված անձինք չունեն հնարավորություն ժողովրդի կամքը բանեցնելու, մենք կարող էինք ունենալ էժան գազ, էժան գազի սպառման հնարավորություն տալ մեր քաղաքացիներին, ինչո՞ւ չունենք, որովհետև Սերժ Սարգսյանին նշանակել են, ովքեր նշանակել են, նրանք էլ թելադրողներն են, չունենք այլընտրանք, կարող ենք գազ գնալ միայն Ռուսաստանից, այն էլ այնպիսի գնով, որոնք մատչելի չեն հանրության համար»:

 

Խոսքի վերջում Փոստանջյանը դիմեց նաև ՀՅԴ խմբակցության անդամներին և հարց ուղղեց՝ ինչպես կարելի է ոչ լեգիտիմ անձանց օգնել:

 

Արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը և հորդորեց խոսել քննարկվող թեմայի շուրջ: