Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում.

 

«Մենք` հայերս, կարծես թե գիտենք` ինչպես պետք է ապրենք օտար երկրներում: Оտարության մեջ մենք բավական հեշտ ենք հարմարվում և համակերպվում, ընդունում և հարգում տվյալ երկրի օրենքները: Մեր կողմից նման վարքագծի դրսևորումը տրամաբանական է և արդարացված, անկախ այն հանգամանքից դա մեր համար ընդունելի է, թե ոչ: Ամերիկան, Եվրոպան, Ռուսաստանը և աշխարհի այլ երկրամասերը մեր հայրենիքը չեն, այդ երկրամասերում մենք ազգային փոքրամասնություններ ենք:

 

Իսկ երբ մեր պատմական հայրենիքում, մեր պետության մեջ մեզ վերաբերվում են որպես օտարի, և մենք անմիտ լռում ենք և երբեմն փորձ ենք կատարում արդարացնել օտարամոլությունը, ուրվագծվում է հայկական պետականության կորստի տեսլականը:

 

Մեր ժողովուրդը կրկին ապրում է մի շրջան, երբ նրան զանգվածաբար տեղահանում են իր պատմական հայրենիքից, իսկ մնացողներին ամեն կերպ նվաստացնելով' փորձում ոչնչացնել նրանց ոգին: Այս հանցագործությունները կատարվում են առանց քողարկման, մեր բոլորիս ներկայությամբ:

 

Սերժ Սարգսյանը և նրա խմբավորման անդամները, ցանկանալով երկարացնել բռնազավթման ժամկետը, Մաքսային միության անդամակցության հայտարարությամբ փորձ են կատարում վաճառքի առարկա դարձնել երկու հայկական պետությունների ինքնիշխանությունը:

 

Իհարկե, ոչ Սերժ Սարգսյանին, ոչ էլ այլ բռնազավթչի չի հաջողվելու մեզանից օտարել մեր անգին Անկախությունը: Մեր երկրի հազարամյակների պատմության մեջ վերջին 20 տարվա ընթացքում վերականգնած երկու պետությունների ինքնիշխանությունը մենք թույլ չենք տալու որևէ ապօրինի իշխանությանը հանձնել որևէ այլ պետությանը կամ վերպետական միավորմանը:

 

Այսօրվա իրականությունը կարող է հաղթահարվել միայն ապստամբ գիտակցությամբ: Ապստամբ գիտակցությունն է, որ մերժում է անմիտ լռությունը:

 

Բոլորս ականատեսն ենք և հասկանում ենք այս անհեթեթությունը, անիմաստությունը և անարդարությունը, բայց մեր մեջ չենք գեներացնում խռովությունը:

 

Մեր ուղեղներին անհապաղ անհրաժեշտ է խռովություն: Խռովությունն է, որ մարտահրավեր է նետում անհեթեթությանը, անիմաստությանն ու անարդարությանը:

 

Խռովությունն է, որ կարող է միաժամանակ ցանկանալ և պահանջել' դադարեցնելու խայտառակ վիճակը:

 

Մեր խռովության նպատակն է ամրագրել Հայ ազգի շահերին համահունչ փոփոխությունը:

 

Ուրեմն, հանուն տապալված սահմանադրական կարգի վերականգնման ընդդեմ բռնազավթիչների՝ խռովության հրահրում համատարած և ամենուր»:

 

 

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն