ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր՝ ապրիլի 17-ին, Աժ-ում ունեցած իր ելույթում հերթով անդրադարձավ 2008-ից Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում տված խոստումներին: Ապա դիմելով վարչապետի միակ թեկնածու Սերժ Սարգսյանին հայտարարեց. «Ձեր նախագահությունը ես անվանել եմ կորսված տասնամյակ»։

Նա նշեց՝ 2008-ի կեղծ ընտրությունների և Մարտի 1-ի արդյունքում նախագահ ընտրված Սերժ Սարգսյանը խոստանում էր կատարել ֆանտաստիկ բարեփոխումներ. «Ի՞նչ ունենք 10 տարի անց։ Դուք ասել եք՝ Հայաստանում չպետք է լինի մեկը, ով ապահովագրված չէ կյանքի և աղքատության վտանգներից։ Ավելի քան մեկ միլիոն աղքատների մասին խոսելն արդեն նորություն չէ։ Հարյուր հազարավոր մարդիկ բժշկի են դիմում միայն ծայրահեղ դեպքերում, մահանում՝ անհասանելի բժշկության պատճառով։ 10 տարում արտագաղթած անձանց մեծ մասը մարզերից են, իսկ սահմանամերձ գյուղերում մնացել են թոշակի սպասող ծերեր»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

 

Նա, շարունակելով անդրադառնալ մի շարք ոլորտներում տիրող իրավիճակին, որտեղ որևէ փոփոխություն չի կատարվել՝ նշեց. «Որևէ խոստում չի կատարվել դպրոցների բարեփոխման հարցում: Կարևորն այդ դպրոցներում քվեատութ դնելն է, ի՞նչ դպրոց, ի՞նչ երեխա: Դուք խոստացել էիք աղքատության մակարդակը դարձնել 12 տոկոս, իսկ իրականում 32 տոկոս է։ ՀՀԿ անփոխարինելի թեկնածուի առաջնորդությամբ նույնիսկ չեք կարողացել հասնել անթիվ-անհամար խոստումների կատարմանը։ Դուք և Ձեր կուսակցությունը համատարած ընտրակաշառքի և վարչական ռեսուրսների միջոցով եկել եք իշխանության։ Համաձայնվել ենք, որ որևէ անձի՝ երրորդ ժամկետի գնալն անթույլատրելի է»,- ասաց Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանը խոսեց նաև դեռևս 2014-ին Սերժ Սարգսյանի տված խոստման մասին. «Եթե ես լինեի Ձեր փոխարեն, թերևս կկատարեի տվածս խոստումը՝ որևէ պաշտոնի չհավակնելու մասին։ Մարդիկ դա չեն մոռացել, դա Ձեր խոստումն էր»,- ասաց Թանդիլյանը։