Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ադրբեջանցի դիվերսանտներին հետ վերադարձնելու հարցով որևէ բանավոր, առավել ևս գրավոր առաջարկ չեն ստացել:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
ԱՄՆ պետդեպի ամենօրյա ճեպազրույցի ժամանակ պետդեպի խոսնակ Ջեյն Փսակին հայտնել է, որ Ստեփանակերտում կալանավորված երկու ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի հանձնումը Ադրբեջանի կառավարությանը կնվազեցնի լարվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև:
«Ես կարծում եմ, որ տեղի է ունեցել հետևյալը. ադրբեջանական կողմում ինչ-որ հանդիպումների ժամանակ թե ամերիկյան համանախագահի, թե այլ ներկայացուցիչների հետ, խնդրել են, որպեսզի ամերիկացիները բարձրացնեն այդ հարցը: Որովհետև չեմ կարծում, թե ԱՄՆ շահերից է բխում դիվերսանտների և ահաբեկիչների կյանքի ու ճակատագրի նկատմամբ մտահոգություն ցուցաբերելը, մանավանդ, որ նրանց որևէ վտանգ չի սպառնում: Այդ մարդիկ բանտում են, և իրենց մեղքն ապացուցվել է, հաստատվել է թափանցիկ ու ժողովրդավարական դատավարության ընթացքում»,-ասաց Դավիթ Բաբայանը:
ԼՀՂ նախագահի մամուլի խոսնակն ավելացրեց, որ դիվերսատների նկատմամբ արցախյան իշխանությունները ցուցաբերել են բարձր մարդասիրություն' թույլ չտալով նրանց հանդեպ որևէ հաշվեհարդար, քանի որ դա հայկական ազգային արժեքներին և քաղակրթությանը հակառակ երևույթ է: «Նրանց դատավարությունն անցավ թափանցիկ և ժողովրդավարական ուղիով' մարդու իրավունքների պաշտպանների, ԶԼՄ-ների մասնակցությամբ: Այդ մարդկանց մեղքն ու բոլոր մեղադրանքներն ապացուցվել են, իրենք էլ ընդունել են դա ու դրա համար էլ նույնիսկ խնդրել են Արցախի հանրապետության նա խագահին թեթևացնել իրենց պատիժը: Բայց եթե ինչ-որ մեկն ուզում է այդպիսի մարդասիրական ժեստ ցուցաբերվի, ես կուզենայի, որ նախևառաջ Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ մտնեն, թող Սաֆարովին որպես բարի կամքի դրսևորում վերադարձնեն նվազագույնը Հունգարիային, թող գնա նորից այնտեղ ու կրի իր պատիժը, ոչ թե բաց թողնեն ու հերոսացնեն»,-շեշտեց Դավիթ Բաբայանը:
Խոսնակի բնորոշմամբ' հակամարտության կողմերի միջև փոխվստահության մակարդակ կձևավորվի, եթե դիվերսանտներից մեկը փոխանակվի հայ սպային քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի հետ: «Մենք պատրաստ ենք փոխանակել նրանցից մեկին նույն Սաֆարովի հետ, կարծում ենք, որ դա կլինի փոխհամագործակցության և փոխվստահության մակարդակում: Իսկ եթե լուրջ խոսենք, վճիռը կայացած է, և չեմ կարծում, թե այն ենթակա է որևէ փոփոխության»,-հայտնեց Դավիթ Բաբայանը: