«Ադրբեջանը պատերազմը շարունակում է, չի դադարեցրել, մենք սա պետք է լավ հասկանանք։ Ի՞նչ է, որ Արցախը կողպել են, խեղդամահ են անում, սա պատերազմ չէ՞, պատերազմը ընթանում է, ուղղակի՝ տարբեր ձևերով` տեղեկատվական դաշտում, քաղաքական, տնտեսական»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանի՝ Twitter-ում արված գրառմանը, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչություն է իրականացնում։

«Ադրբեջանը ոչ միայն քարոզչությամբ է ազդեցություն ունենում, այլ նաև քաղաքականությամբ։ Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այն արատավոր թեզը, թե Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվի Ադրբեջանի կազմում, պետք է ընդհանրապես վերացնենք և երբևիցէ դրան չանդրադառնանք»,- ասաց Բաբայանը և նշեց, որ խոսքը վերաբերում է պաշտոնական Երևանին, որովհետև Ադրբեջանը ոչ թե քարոզչություն է վարում, այլ գործողություններ է անում այդ ուղղությամբ։

«Տեղեկատվական դաշտում մենք, բնական է, պայքարում ենք, բայց քարոզչությունը այլ ճյուղեր ունի․ մենք պետք է աշխարհին ներկայացնենք այն, ինչ կատարվում է այստեղ, չնայած, սա հարյուր տոկոսով չի փոխում քաղաքականությունը, որովհետև, այժմ արժեհամակարգը, արժեքներն ուղղված են հետին պլան, բայց, այնուամենայնիվ, պետք է աշխատենք այդ ուղղությամբ, միասին՝ ամբողջ հայության ներուժով»,-նշեց նա։

Մեր զրուցակիցը նկատեց` մենք պետք է պահենք մեր արժանապատվությունը, սա է ամենակարևորը.

«Եթե Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում՝ էլ ինչի՞ մասին մենք պետք է խոսենք, իսկ եթե մենք համառորեն կանգնած ենք մեր դիրքերում՝ որևէ մեկը չի կարող մեզ պարտադրել, որովհետև մենք այն ազգերից ենք, ում հնարավոր չէ ջարդել դրսից, բայց ներսից շատ հեշտ է՝ շատ քիչ ռեսուրսներ ծախսելով։ Մենք պետք է լինենք միասնական․ հասարակությունը խարխլված է, իսկ սա շատ վատ է»,- եզրափակեց նա։

 

Լիլիթ Զալիբեկյան