Վաղը Մոսկվայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես տեղեկացանք ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանից, ինքն այդ հանդիպման չեղարկման մասին որևէ տեղեկություն չունի, սպասելի է, որ հիշյալ հանդիպումը կկայանա:

 

Վաղվա հանդիպումը, դատելով դրա վերաբերյալ մինչ այժմ հրապարակված տեղեկատվությունից, լինելու է Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունը միմյանց և ՌԴ արտգործնախարարի հետ:

 

«Քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը վերաբերող հրատապ հարցեր,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:- Հատուկ ուշադրություն է հատկացվելու այն պայմանավորվածությունների կատարման ընթացքին, որոնք ձեռք են բերվել մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ընթացքում»:

 

Ի պատասխան Լուրեր.com-ի հարցին, թե ինչ ակնկալություններ ունի վաղը Մոսկվայում նախատեսված Մինսկի խմբի համանախագահների և ՌԴ արտգործնախարարի հանդիպումից, Դավիթ Բաբայանն ասաց.

 

«Իհարկե, ցանկացած նման հանդիպում արժևորում ենք, որովհետև դրանք, ի վերջո, նպաստում են խաղաղության և կայունության պահպանմանը տարածաշրջանում: Ակնկալում ենք, որ նման հանդիպումների ժամանակ կոնկրետ քայլեր կկատարվեն տվյալ ժամանակահատվածում այդ մեխանիզմների մշակման ուղղությամբ, որոնք պետք է ներդրվեն, որպեսզի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները հնարավոր լինի վերահսկել և պատասխանատվության կանչել այն կողմին, որը կկատարի այդ խախտումը: Այսինքն' երկու հիմնական ակնկալիք կա. մեկը' այն, որ կշարունակվի խաղաղ բանակցային գործընթացը և երկրորդը, որ քայլեր պետք է կատարվեն այդ մեխանիզմների մշակման ուղղությամբ» (նկատենք, որ այդ մեխանիզմներն արդեն պետք է մշակված լինեին):

 

Լուրեր.com-ի հաջորդ հարցին' Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներից հետո բավական ժամանակ է անցել, Ադրբեջանն այս ընթացքում որևէ քայլ կատարե՞լ է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, թեկուզ մեկ առաջընթաց քայլ, բացի նրանից, որ պահպանում է հարաբերական հրադադարը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը հավաստեց, որ բացի հարաբերական հրադադարի պահպանումից, Ադրբեջանը հիշյալ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ որևէ քայլ չի կատարել ու համառորեն հրաժարվում է կատարել: Միաժամանակ շարունակում է հայկական կողմից զոհերի պատճառ հանդիսացող հրադադարի խախտումները, ինչպես նաև իր հիստերիկ վարքը, օրինակ, ընդլայնել է որոշակի անձանց նկատմամբ իր կազմած սև ցուցակը և այլն: