Հայաստանի իշխանությունները կողմնակից են ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք դրական ենք գնահատում Մինսկի խմբի ջանքերը, որոնք միտված են հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն դրա համար նախ պետք է կյանքի կոչվեն Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները: Քանի դեռ դրանք մերժվում են Ադրբեջանի կողմից, հույս ունենալ, որ մենք առաջընթաց կունենանք այս հարցում, չի կարելի»,- նշեց Շարմազանովը:

Նա նշեց, որ խնդիրը ո՛չ Երևանում է, ո՛չ Ստեփանակերտում է, ոչ էլ Մոսկվայում, Փարիզում կամ Վաշինգտոնում, այլ Բաքվում է: «Ես հույս ունեմ, որ մենք կարող ենք միասնական ուժերով հասնել նրան, որ այս խնդիրը լուծվի ոչ թե պատերազմի, այլ խաղաղ ճանապարհով, բայց քանի դեռ մենք ունենք հակառակորդ, որը պատեհ ու անպատեհ առիթներով խոսում է պատերազմական ճանապարհով լուծման մասին, մենք պետք է ուժեղացնենք մեր անվտանգության համակարգը և դիվանագիտական ջանքերը»,- եզրափակեց նա: