Ադրբեջանի ահաբեկչական-ֆաշիստական էությունը ապացուցվեց եւս մեկ անգամ' դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում իրականացված դիվերսիոն գործողության ժամանակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ հայկական կողմի համար նորություն չէ Ադրբեջանի կերպարն ու գործողությունները, սակայն նման գործողություններով հերթական անգամ այդ երկրի ահաբեկչական տեսակն է ամրապնդվում միջազգային հանրության աչքում:

 

«Սա առաջին դեպքը չէ, եւ նախորդ բազմաթիվ դեպքերի պես Ադրբեջանի զինուժը հետ է շպրտվել: Ցավոք, գործողությունների արդյունքում հայկական կողմը մեկ զոհ է տվել, ադրբեջանական զոհերի թիվը հասնում է յոթի»,- հայտնեց Դավիթ Բաբայանը' հավելելով, որ սահմանին իրավիճակը վերահսկելի է. լարվածություն կա, սակայն սահմանին հայկական զինված ուժերն են իրավիճակի տերը:

 

«Խուճապ չկա ոչ երկրում, ոչ էլ, առավել եւս, սահմանին: ԼՂՀ պաշտպանական բանակը վերահսկում է իրավիճակն ու խուճապի որեւէ առիթ չկա եւ չի էլ կարող լինել»,- շեշտեց Բաբայանը:

 

Դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԼՂՀ Պաշտպանության բանակը կանխել է հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը: Հայկական կողմը կանխարգելիչ հարված է հասցրել և հակառակորդը 5-7 զոհ է տվել: Հայկական կողմը ունի մեկ զոհ. հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը: