Ստեփանակերտում' ԼՂՀ Գերագույն դատարանում, մայիսի 27-ին սկսվել է անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի վճռաբեկության կարգով դատական նիստը, որը վարել են դատավորներ Արսեն Հայրապետյանը և Գայանե Գրիգորյանը՝ Վոլոդյա Հովսեփյանի նախագահությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, զեկուցող դատավոր Արսեն Հայրապետյանի կողմից նախ ընթերցվել են այն հոդվածները, որոնցով մեղադրվում են Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը, այնուհետև ամբաստանյալների փաստաբաններ Էրիկ Բեգլարյանը և Արկադի Իսրայելյանը ներկայացրել են բողոքարկման հետ կապված այն հիմնավորումները, ըստ որոնց ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կայացրած որոշումները չեն բավարարում իրենց պաշտպանյալներին։
Մասնավորապես, Ասկերովի դատապաշտպան Էրիկ Բեգլարյանը նշել է, որ առաջին ատյանի դատարանի վճիռն իր պաշտպանյալ Ասկերովի մասով ենթակա է մասնակի բեկանման, իսկ մեղավորությունն ամբողջությամբ ապացուցվելու դեպքում դատապաշտպանը խնդրել է մեղմացնել պատիժը: Շահբազ Գուլիևի դատապաշտպան Արկադի Իսրայելյանը պնդել է, որ իր պաշտպանյալի մասով վճիռը պետք է ամբողջությամբ բեկանվի և կայացվի արդարացման վճիռ։
Նիստի ընթացքում Ասկերովը և Գուլիևը, ներկայացնելով իրենց բողոքները, մասնավորապես, նշել են, որ համաձայն չեն ԼՂՀ նախորդ դատական ատյանների կայացրած որոշման հետ, քանի որ, նրանց պնդմամբ, ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատելիս իրենք չեն գիտակցել, որ այն անում են ապօրինաբար, լրտեսություն չեն կատարել և սպանության մեջ իրենց մեղավոր չեն ճանաչում։ Երկու դատապարտյալներն էլ նշել են, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ ոչ մի կապ չեն ունեցել: Դիլհամ Ասկերովը ժխտել է նաև իր մեղավորությունը սպանված պատանու՝ Սմբատ Ցականյանի գրպանից գումար հափշտակելու մասով:
Իր հերթին պետական մեղադրող, դատախազ Կարեն Գաբրիելյանը հարցեր ուղղելով ամբաստանյալներին և ներկայացնելով դատավարությանը վերաբերող փաստարկներ՝ խնդրել է Գերագույն դատարանին չբեկանել Վերաքննիչ դատարանի վճիռը: Դատարանի կողմից ամբաստանյալներին ուղղված հարցերը վերաբերել են այն հանգամանքներին, որ դիվերսանտները, ովքեր պնդում են, որ ոսկու համար են հատել ԼՂՀ պետական սահմանը, համապատասխան սարքավորումների փոխարեն միայն զենքեր են վերցրել իրենց հետ:
Այդ առումով ադրբեջանցի դիվերսանտների պատասխանները կոնկրետ պատասխաններ չեն տվել: Դատարանը, լսելով կողմերին, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար, որը կհրապարակվի այսօր՝ մայիսի 27-ին:
Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7-րդ, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին՝ 5-րդ հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների վճիռներով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: