Օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունն ըստ՝ «Mediamall.am» լրատվականի.
Երևանում թունավորվել են ընտանիքի 3 անդամները
Երևանի Մանանդյան 1 ա շենքի բնակիչներ Ա. Ղ.-ը (ծնված 1969թ.), Մ. (ծնված 1990թ.) և Ա. Ճ.-երը դեկտեմբերի 11-ին' ժամը 05.01-ին, թունավորման նախանշաններով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
***
Այս գիշեր իրավիճակը սահմանին լարված էր. բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չունենք
Այս գիշեր իրավիճակը սահմանին լարված էր: Ադրբեջանական կողմը գիշերն ինտենսիվացրել է կրակոցները հայ դիրքապահների և գյուղերի ուղղությամբ: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հայկական կողմը ստիպված է եղել պատասխան կրակով լռեցնել հակառակորդին: Կրակոցներ շատ են եղել, բոլոր ուղղություններով էլ կրակել են: Բարեբախտաբար, զոհեր, վիրավորներ, կորուստներ չկան»,- ասաց Հովհաննիսյանը:
***
Հովիկ Աբրահամյանը դավադրության հոտ է առել
ՀՀ կառավարությունն առաջարկում է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ԱԺ արտահերթ նիստն առաջարկվում է հրավիրել դեկտեմբերի 15-ին:
Ի թիվս այլ հարցերի, որոնք առնչվում են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն ու կառավարության կողմից հրատապ են համարվում՝Հարությունյանն առաջարկել է քննարկել նաև գազի հանձնաժողովի հարցը:
Վերջին հանգամանքն Աբրահամյանին բարկացրել է ու, անկեղծ ասած՝ հասկանալի է, թե ինչու:
Նախ, ֆորմալ առումով՝ իսկապես նման հանձնաժողովի ձևավորման պահանջ դրել են խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, ու հիմա ստացվում է, որ կառավարությունն առաջնորդվում է հենց նրանց պահանջով:Շարունակությունն՝ այստեղ:
***
Կրակոցներ՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքով 39-ամյա մի տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները, ձերբակալվածներ չկան:
***
Հարձակման է ենթարկվել Կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը
Հարձակման է ենթարկվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: Այդ մասին հայտնում է Newsline-ի լրագրողը:
Անհայտ անձինք Արամ Մանուկյանի վրա հարձակում են գործել այն շենքի մոտ, որտեղ բնակվում է պատգամավորը:
***
«Քաղաքացու նկատմամբ ոտնձգություն, այն էլ' այդ եղանակով, մեզ համար ընդունելի չէ». Շարմազանովը' Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին
Ցանկացած իրավախախտում, բազուկներով ու զոռբայությամբ հարցի լուծում Հայաստանի Հանրապետական կուսակցության համար ընդունելի չէ և դատապարտելի է:
Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասին հարցին: «Ես տեղյակ չեմ Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցած միջադեպից, սակայն Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու նկատմամբ ոտնձգություն, այն էլ այդ եղանակով, մեզ համար ընդունելի չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը նշեց, որ ցանկացած օրինախախտում դատապարտելի է՝ անկախ նրանից ում նկատմամբ կլինի, սակայն խնդիրը բացառապես իրավական է: Շարմազանովը համոզված է՝ իրավապահ մարմինները կիրականցնեն իրենց գործառույթները:
Դեկտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակվելու վերաբերյալ: Իրականացվում են միջոցառումներ' դեպքի հանգամանքները պարզելու համար: