«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.






***



Ողբերգական վթար Մեծավան գյուղում. կա երկու զոհ և երկու վիրավոր. մահացածներից մեկը ժամկետային զինծառայող է




Նոյեմբերի 6-ին ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.10-ին 1995 թ. ծնված Խաչիկ Պողոսյանի վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան Մեծավան գյուղի թիվ 1 դպրոցի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյուններին, այնուհետև՝ թիվ 33 տան ցանկապատին: 

 

 

 

Ինչպես MediaMall.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պատահարի հետևանքով վարորդը և նրա ուղևոր' 1997 թ. ծնված Գարիկ Մխոյանը, տեղում մահացել են, իսկ մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

 

 

Նյութերով զբաղվում է Ստեփանավանի քննչական բաժինը:

 

 

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մահացածներից մեկը զինվոր էր, ով օրինական արձակուրդի մեջ էր գտնվում և վաղը պետք է մեկներ զորամաս իր ծառայության վայրը, որը Արցախում էր: 

 

 

 

Վիրավորներն են ուղևորներ17-ամյա Ռոբերտ Ղանդիլյանը և 20-ամյա Սարիբեկ Կիրակոսյանը:

 

 

 

***


Իրավիճակը՝ սահմանին



ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և և 82 մմ ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց:

 

 

 

Ինչպես MediaMall.am-ին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

 

***

 

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասավ 9-ի. ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա կինը մահացել է



Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա կինը, որն ուներ գլխուղեղի ծանր վնասվածք նոյեմբերի 7-ի լուսադեմին մահացել է: Այս մասին MediaMall.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

 

 

 

Տուլայից ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստաղծված հանձնաժողովի անդամ Գագիկ Միրիջանյանի փոխանցմամբ՝ վթարին հաջորդող երեք օրերի ընթացքում հիվանդի մոտ հինգ անգամ արձանագրվել էր սրտի կանգ: Կինը Ուզլովսկայա բժշկական կենտրոնում գտվում էր բժիշկների մշտական հսկողության ներքո, սակայան այսօր սրտի վեցերրորդ կանգի արձանագրման հետևանքով նրա կյանքը չհաջողվեց փրկել: Հիվանդն ուներ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

 

 

 

Ուզլովսկայա բժշկական կենտրոնում բուժում ստացող երկու հիվանդներից մեկը, որն ունի ողնաշարի կոտրվածք ռեանիմոբիլով արդեն տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ:

 

 

 

Բազմաբեկորային կոտրվածքներ ունեցող մեկ այլ տուժածի առողջական վիճակը վիրահատությունից հետո կայունացել է: Նա ևս այսօր ուղղաթիռով կտեղափոխվի Մոսկվա:

 

 

 

Վթարի հետևանքով տուժած մյուս 9 հիվանդների առողջական վիճակը կայունացել է:

 

 

 

***

 

Կործանված ռուսական A321 օդանավում պայթյուն է տեղի ունեցել, որը կապ չունի շարժիչի խափանման հետ. ԶԼՄ-ներ

 



Սինայի թերակղզում կործանված ռուսական A321 օդանավում պայթյուն է տեղի ունեցել, որը կապ չունի շարժիչի խափանման հետ: Այս մասին հաղորդում է France 2 հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետաքննության մասնակիցներից մեկին, որի անունը չի հրապարակվում:

 

 

 

«Ինքնաթիռի սև արկղերի ձայնագրությունը թույլ է տալիս պայթյունի աղմուկ լսել, որը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ»,- ասել է աղբյուրը:

 

 

 

Հեռուստաալիքի զրուցակիցն ասել է, որ «աղմուկն օդանավի շարժիչում խափանման հետևանք չէր»:

 

 

 

Հոկտեմբերի 31-ին Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող «Կոգալիմավիա»-ի A321 ինքնաթիռը կործանվեց Սինայի թերակղզում: Օդանավում 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ կար: Բոլորն էլ զոհվել են: