«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
***
Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է գալիս
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարտունիում, Գավառում, Վայքում, Ջերմուկում, Սարավանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Տիգրանաշենում' ձնախառն անձրև, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
***
Հայ դիրքապահների ուղղությամբ անցած գիշեր արձակվել է ավելի քան 800 կրակոց. ԼՂՀ ՊՆ
Նոյեմբերի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
***
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին MediaMAll.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց ավտոբուսի վթարից տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Ըստ նախագծի նախատեսվում է.
Վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին տրամադրել 1 մլն 500 հազար ՀՀ դրամ։
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ։
Ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։
Նշվեց, որ որոշման նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի Կառավարության առաջիկա նիստում։ Գումարը տուժածներին կտրամադրվի Կառավարության որոշման հաստատումից հետո։
Հանձնաժողովի նիստում ներկայացվեց տեղեկություն իրականացված աշխատանքների, և բուժումը շարունակող հիվանդների վիճակի մասին։