«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.




***


 

Խորհրդարանի լուծարումը զգալիորեն կկրճատի ծախսերը. տնտեսագետը՝ 2016 թ. պետական բյուջեի մասին

 

Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը (դեֆիցիտ) 2016թ. կաճի 2.2 տոկոսով և կկազմի ՀՆԱ-ի 3.5 տոկոսը։ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանից խնդրեց մեկնաբանել՝ դիֆիցիտի այս տոկոսն ի՞նչ ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա:

 

 

 

«Բյուջեի պակասուրդի նման բարձր մակարդակը խիստ մտահոգիչ է: Նման ցուցանիշ վաղուց չի արձանագրվել: Ի դեպ, ԵՏՄ անդամակցության պայմանագրով մենք պարտավորվել ենք, մի շարք ցուցանիշների հետ մեկտեղ, ապահովել նաև առավելագույնը 3 տոկոս պակասուրդ: Արդյունքում, խախտվում է միջազգային պայմանագիր: Միևնույն ժամանակ, պակասուրդի ֆինանսավորման համար շարունակելու է աճել պետական պարտքը, ինչը նույնպես հասել է վտանգավոր շեմի»,- ասաց տնտեսագետը:

 

 

 

Այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ 2016 թ. պետական բյուջեի նախագիծը: Պատգամավորները տարբեր որակումներ են տալիս, թե սա «հնարավորությունների բյուջե է», «պարտվողական է» և այլն, տնտեսագետից հետաքրքրվեցինք, թե ինքն ի՞նչ տեսակետ ունի և ինչպե՞ս կորակի ներկայացված նախագիծը:

 

 

 

«Իրոք, ավանդույթ է դարձել ամեն տարվա բյուջեին անվանումներ տալ, բայց, ինչպես ամեն տարի, այս տարի էլ կարելի է ասել' «բյուջե է, էլի», ասաց նա՝ նկատելով, որ փաստացի, բյուջեով չի նախատեսվում որևէ էական փոփոխություն: Բացակայում են աշխատավարձերի, թոշակների բարձրացումը, պետական համակարգի ուռճացված ծախսերը շարանակում են զգալի մասնաբաժին ունենալ, բացակայում են ներդրումային ծախսերը, որոնք հնարավորություն կտան նպաստել տնտեսության զարգացմանը: Բյուջեն կազմվում է օրով ապրող անհեռանկար մարդու սկզբունքով՝ օրվա աշխատածն այսօր ծախսենք, կողքից էլ, եթե մի բան կպնի, լավ է:

 

 

 

Մեր այն դիտարկմանը, թե տպավորություն է, որ երկրի համար կարևոր փաստաթուղթը շատերին չի հետաքրքրում, քանի որ այն ուղեկցվում է պասիվ և հերթապահ դիսկուսիայով, տնտեսագետը նկատեց, որ Ազգային ժողովը վաղուց կտրվել է իրականությունից: Իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ գիտեն, որ անցել է բյուջեն: Բացի մի քանի պատգամավորից, մնացածին հետաքրքրում է միայն հերթական արձակուրդը:

 

 

«Կարծում եմ՝ խորհրդարանի լուծարումը ոչ միայն կազատի պատգամավորների մեծամասնությանն անհետաքրքիր քննարկումներից, այլ նաև զգալիորեն կկրճատի բյուջեի ծախսերը, հետևաբար նաև պակասուրդը»,- իր խոսքն այսպես եզրափակեց մեր զրուցակիցը:

 

 

***

 

 

Ու՞մ հանգիստ չի տալիս Ծառուկյանի բարեգործությունը



 

Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ Երևանից մինչև Հանրապետության հեռավոր ու մոտ շրջաններ, պետական բուհերից մինչև մասնավոր կրթօջախներ:

 

 

Օրվա կապակցությամբ 300 ուսանող Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակ է ստացել: Երիտասարդներից յուրաքանչյուրին Գագիկ Ծառուկյանը 100.000-ական դրամ ու պատվոգիր է հանձնել:

 

 

Այս լուրը, փաստորեն, որոշակի շրջանակների հանգիստ չի տալիս: Գ. Ծառուկյանը հեռացել է քաղաքականությունից, հայտարարել, որ այլևս չի զբաղվում դրանով և ընդլայնում է բարեգործության շրջանակները: Էլ ի՞նչ պետք է անել, հեռանալ բոլոր ոլորտների՞ց: Առանց այն էլ ծանր սոցիալական վիճակում գտնվող մեր երկրում ցանկացած ներդրման կրճատումն ավելի է նվազեցնում երկրում օրեցօր ահագնացող աղքատության շեմը: Երիտասարդներին աջակցելու, ոգևորելու Ծառուկյանի այս քայլը պետք է միանշանակ դրական գնահատել, այլ ոչ թե զբաղվել պոպուլիզմով:

 

 

Ծառուկյանը այսպես թե այնպես այլևս իշխանությունների հետ խնդիր չունի, հետևաբար կարող է հանգիստ վայելել իր ունեցվածքը: Սակայն մարդը փորձում է հասարակությանն օգտակար լինել իր սեփական միջոցներից: Չենք օգնում, ուրեմն գոնե պետք է չխանգարենք:

 

 

Իսկ այդ օգնության կարիքը, ցավոք, Հայաստանը շատ ունի:

 

 

Արամ Հակոբյան

 

***

 

 

ՊԲ առաջապահ զորամասերը լռեցրել են հակառակորդի նախահարձակ գործողությունները



 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 18-ին և լույս 19-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

 

 

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվելեն: