«Mediamall.am»  լրատվականն ամփոփում է անցնող օրը.












Բնակարանից վտարելու ժամանակ պարտապանի որդին ու ԴԱՀԿ աշխատակիցը միմյանց մարմնական վնասվածքներ են հասցրել. ՀՔԾ

 

 

 

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

 

 

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցը հաղորդում է տվել այն մասին, որ իր վարույթում գտնվող կատարողական վարույթի հիման վրա բնակարանից վտարման աշխատանքներ իրականացնելու ժամանակ պարտապանի որդին հայհոյանքներ է հնչեցրել իր ու գործընկերների հասցեին, քարեր է նետել իրենց ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է ծառայության աշխատակիցներից մեկին, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածք է ստացել:

 

 

Պարտապանի որդին, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ վտարման նպատակով իր ընտանիքի փաստացի բնակության վայրը հանդիսացող բնակարան այցելած ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները նույն շենքի բակում իրեն ծեծի են ենթարկել՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին և իրեն պատճառել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:

 

 

***

 

 

 

Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը համեմատաբար հանգիստ է եղել

 

 

 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը մի փոքր թուլացել է, եւ փետրվարի լույս 7-ի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդը շարունակում է կրակել, սակայն թե' կրակոցների թիվն է նվազել, թե' լարվածությունը: «Կրակոցներ կան, բայց նախորդ օրերի համեմատ իրավիճակն ավելի հանգիստ է:

 

 

Հակառակորդը այս պահի դրությամբ սադրանքների չի դիմել»,- հայտնեց Հովհաննիսյանը' հավելելով, որ անցնող շաբաթը հայ-ադրբեջանական սահմանին խիստ լարված էր, եւ, իր բնորոշմամբ, նման էր «դանդաղ պատերազմի»: «Մեկ քաղաքացիական զոհ, մեկ զինվորի մահ, տարեց պապիկը, վիրավոր, հիվանդանոցում է: Մեկ շաբաթվա համար բավական շատ է»,- ընդեգծեց Հովհաննիսյանը' հավելելով, որ հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը:

 

 

 

 

***

 

 

 

«Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը». Էդվարդ Նալբանդյանի հոդվածը՝ Փարիզի հանդեսներից մեկում

 

 

 

Փարիզում լույս տեսնող «Միջազգային քաղաքականություն» (Politique Internationale) հանդեսը, որը միջազգային քաղաքագիտական և դիվանագիտական աշխարհի ամենահեղինակավոր հրատարակություններից է, հրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արտգործնախարար։

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, «Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը» վերնագրով ծավալուն հոդվածում Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արմատներին, կարգավորման գործընթացին, իրավական ասպեկտներին և հանգուցալուծման հնարավոր ուղիներին։Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

 

***

 

 

 

Հարյուրերկուամյա Սիլվարդ Ատաջյանը վիրահատությունից հետո շտապում է վերադառնալ տուն

 

 

 

Մուսա լեռան հերոսամարտի և ավանդական հարիսայի ստեղծման պատմության ականատես Սիլվարդ Ատաջյանը ապրիլին կայանալիք 103-րդ տարեդարձին սպասում է առանձնակի ոգևորությամբ: Հայոց ցեղասպանության ականատեսը, չնայած պատկառելի տարիքին, բարդ վիրահատոթյուն է տարել:

 

Ոսկրաբեկորների տեղաշարժով աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածք ունեցող կնոջ վիրահատությունը բարեհաջող է անցել: Առաջին հայացքից անհավանական է, բայց փաստ, որ անգամ այս պատկառելի տարիքում իրեն հաջողվել է դիմակայել առողջական լուրջ խնդրին և մասնագետների ջանքերով ոտքի կանգնել: Հիվանդասենյակում Սիլվարդ Ատաջյանը այցելուների պակաս չի զգում: Շրջապաված ընտանիքի անդամների սիրով ու հոգատարությամբ նա սպասում է շուտափույթ ապաքինմանը և տուն վերադարձին:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

 

Ապրիլի 24-ից հետո գալու է հատուցման եւ պահանջի հարյուրամյակը

 

 

Ծիծեռնակաբերդում ներկայացված Համահայկական հռչակագիրը ներկայացնում է իրավական այն թղթածրարը, որով պետք է ներկայացվեն Հայաստանի իրավական պահանջները Հայոց ցեղասպանության հարցում: Դրանք բազմաշերտ են, եւ անհրաժեշտ է հասկանալ' ինչ ենք պահանջում եւ ումից: Տեսակետը Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական բաժնի պետ, միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանինն է:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' փետրվարի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ Վարդանյանն ասաց, որ գործ ունենք հսկայական հանցագործության հետ, կան բազմաթիվ դրվագներ եւ այդ հարցում կան համապատասխան հետազոտություններ: «Փաստաթղթերը բազմաթիվ են, սակայն ուսումնասիրությունները շարունակվում են:

 

 

Գույքային պահանջները, ֆիզիկական անձանց, պետության ներկայացրած պահանջերը տարբեր են եւ տարբեր ընթացակարգեր պետք է անցնեն: Պետք է ներկայացվեն իրավազորությունները, որոնց միջոցով կհասնենք արդար լուծման: Թղթածրարը անընդհատ համալրվետու է փաստաթղթղերով: Սա շարունակական գործընթաց է»,- հայտնեց միջազգային իրավունքի մասնագետը' հավելելով, որ բացի իրավականից, բարոյա-քաղաքական ենթաշերտերն էլ են շատ կարեւոր եւ կհամալրեն գործընթացը:

 

 

«Երկիրը, որ ժխտում է Ցեղասպանությունը, կարող է այն կրկին իրագործել: Հետեւաբար, չկա այլ ճանապարհ, քան իրավական ճանապարհով հարցի լուծումը»,- նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը' հավելելով, որ հռչակագրում կցանկանար տեսնել նաեւ Արեւմտյան Հայաստան բառակապակցությունը: «Մեր հեռանկարային նպատակը հայրենիքն է, եւ հայրենզրկման գաղափարը պետք է շրջանառվի միջազգային իրավունքում:

 

 

Հայրենազրկման հարցի առնչությամբ միջազգային իրավունքի դրույթները բավական խոցելի են: Այս հարցը պետք է կարգավորվի, որպեսզի հետագայում մեր հայրենիքը ետ վերադարձնելու հիմք ունենանք»,- ընդգծեց պատմաբանը' հավելելով, որ հարյուրերրորդ տարելիցից հետո գալիս է հատուցման հարյուրամյակը, եւ հիմնական պայքարը պետք է լինի հատուցման պահանջը:

 

 

 

***

 

 

 

Հակառակորդն անցնող շաբաթ հրադադարը խախտել է 1200 անգամ

 

 

 

Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն' փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17000 կրակոց:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 

Շաբաթվա ընթացքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են նաև պատժիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը կրել է մարդկային և նյութական կորուստներ:

 

 

 

***

 

 

 

Բակո Սահակյանը Սեյրան Օհանյանի հետ քննարկել է բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր

 

 

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

 

 

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

 

 

 

***

 

 

 

Արտակ Խաչատրյանը գտնվել է ծեծված ջարդված և անգիտակից վիճակում

 

 

 

Այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ անհայտ անձինք առևանգել են ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին:
Նշենք, որ Արտակ Խաչատրյանը ՓՄՁ ներկայացուցիչների հետ ակտիվորեն մասնակցել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց դրույթը կասեցնելու համար տեղի ունեցող բողոքի ակցիաներին:

 

 

Անհետանալու պատճառները պարզելու պահանջով Կառավարության շենքի մոտ էին հավաքվել ակտիվիստի համար մտահոգ մարդիկ, հարազատները, ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը և Միքայել Մելքումյանը:

 

 

Քիչ առաջ Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի օգնական Արման Թաթոսյանն ասաց, որ ծանր վիճակում Արտակ Խաչատրյանին բերել են տուն.

 

 

«Ծեծված ջարդված, անգիտակից վիճակում բերել են տուն: Վիճակը բավականին ծանր է: Այս պահին շտապ օգնության աշխատակիցները համապատասխան օգնություն են ցուցաբերում: Հավանաբար կտեղափոխվի Մալաթիայի հիվանդանոց»,- Արման Թաթոսյանը:

Նշենք, որ ավելի վաղ Արման Թաթոսյանը, լսելով Արտակ Խաչատրյանի առևանգման մասին լուրը, իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

 

 

«Արտակ Խաչատրյանին առևանգել են դիմակավորված մարդիկ սև մեքենայով (հավաստի չի, բայց ոնց որ Աուդի), ուժով նստացրել են մեքենան, հետո հեռախոսը շպրտել են մեքենայից։ Մինչ էդ, հասցրել ա զանգի Վահան Բաբայանին, ինձ ինքն էր զանգել ու տեղյակ պահել։ Հեռախոսը մի աղջիկ էր գտել, որից իմացանք մանրամասները, բայց իրան դեռ չենք տեսել ու չգիտենք ով ա։ Հիմա Արտակի եղբոր հետ կենտրոնի ոստիկանությունում ենք։ Մնացածը՝ հետո»:

 

 

 

***

 

 

«Մինսկի պայմանավորվածությունների երաշխիքները բացակայում են». Մերկել

 

 

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի տեսնում Ուկրաինայի հարցով Մինսկի պայմանավորվածությունների երաշխիքներ: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:

 

 

«Տեսականորեն, չկան երաշխիքներ, կա միայն փորձ, որ խոստացածը պետք է կատարվի: Մինսկյան պայմանավորվածություններից հետո մենք ազատվել ենք բազմաթիվ պատրանքներից», - ասել է նա՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում:

 

 

Մերկելի խոսքով՝ հաշվի առնելով մինսկյան համաձայնագրերի իրականացման առաջընթացը, նոր պայմանավորվածությունների կատարման ոչ մի երաշխիք չկա: