Անցնող օրվա կարևորագույն իրադարձություններն ըստ ՝ «Mediamall.am» լրատվականի.
Հրդեհ Ճամբարակում
Հունվարի 7-ին, ժամը 02.48-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Չարենցի փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.55-ին, մարվել' 03.05-ին:
Այրվել է Ս. Հ.-ի տան տանիքը' 5 քմ:
***
Հունվարի 7-ին, ժամը 02.59-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.40-ին, մարվել' 04.05-ին:
Ժ. Կ.-ի տան բակում գտնվող խորդանոցում այրվել են 12 խմ աթար և խորդանոցի ծածկը՝ 18 քմ:
***
Հունվարի 6-ին և լույս 7-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 6-ին և լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից /6 արկ/ և ՌՊԳ-7 /11 արկ/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6000 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
***
Փակ է Բավրայի սահմանային անցակետը
ՀՀ տարածքում հունվարի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարությունը զգուշացնում է դեպի Վրաստան չերթևեկել Բավրայի անցակետով, քանի որ այն փակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
***
Վթարից 4 օր անց հիվանդանոցում մահացել է
Հունվարի 2-ին, ժամը 20.55-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 66 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել մի տղամարդու և կնոջ, ապա իր ավտոմեքենայով տեղափոխել էր նրանց հիվանդանոց:
Հունվարի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, վրաերթի ենթարկված տղամարդը' 1982 թ. ծնված Սարո Պողոսյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
***
Գողություններ Գավառում
Հունվարի 5-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Դավիթ Բ.-ին և 1989 թ. ծնված Արտակ Խ.-ին:
Բացատրական աշխատանքների շնորհիվ Դավիթ Բ.-ն խոստովանել է, որ 2014 թ. դեկտեմբերին, մուտքի դռան փականը կոտրելով, մտել է Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 4 շենքի բնակարաններից մեկը /չբնակեցված/ և գողացել աշխատանքային գործիքներ:
Դավիթ Բ.-ն և Արտակ Խ.-ն խոստովանել են նաև, որ 2014 թ. դեկտեմբերի կեսերին, պատշգամբի դուռը բացելով, մտել են հիշյալ շենքի մեկ այլ բնակարան և գողացել ոգելից խմիչք ու սպասք: Կատարվում է քննություն:
***
Ադրբեջանցիները գնդակոծել են Հայաստանի սահմանամերձ գյուղերը
Հունվարի 6-ի գիշերը եւ հունվարի 7-ին ադրբեջանական կողմը գնդածոկել է Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ, կրակոցները շատ ակտիվ չեն եղել, իսկ հայկական կողմը պատասխանել է հակառակորդի թիրախային կրակոցներին: Բարեբախտաբար, զոհեր չկան: Վնասվել են մի քանի տներ եւ Բարեկամավան գյուղի եկեղեցին:
Մանրամասները՝ այստեղ:
***
Համացանցում հայտնվել է Charlie Hebdo թերթի գրասենյակի հարձակման տեսագրությունը
Զինված տղամարդիկ հարձակվել են Փարիզի կենտրոնում գտնվող Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա՝ բղավելով «Ալլահու Աքբար» և «Մենք վրեժխնդիր կլինենք մարգարեի համար»: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
Ականատեսներին հաջողվել է բջջային հեռախոսով տեսագրել, թե ինչպես են ահաբեկիչները դուրս գալիս խմբագրությունից՝ ոստիկանության կողմից կրակոցներից խուսափելով: Տեսանյութում պատկերված է սև հանդերձանքով երկու տղամարդ, ովքեր ավտոմեքենա են նստում:
Ավելի վաղ Le Parisien հրատարակությունը հաղորդել էր, որ հարձակվողները երեքն են եղել:
***
Գնդակոծության պատճառով վնասվել է Բարեկամավանի եկեղեցին
Այսօր ադրբեջանական կողմը գնդածոկել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Lurer.com-ի լրագրողի հետ զրույցում Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանն ասաց, որ կրակոցների պատճառով վնասվել է նաև գյուղի եկեղեցին:
Նշենք, որ կրակոցների մասին լուրը հաստատել է նաև ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Կրակոցների արդյունքում զոհեր չեն եղել:
***
Փարիզյան ահաբեկչությունը հարձակում է խոսքի ազատության վրա. Պան Գի Մուն
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Charlie Hebdo խմբագրության վրա ահաբեկչական հարձակումը բնորոշել է իբրև հարձակում խոսքի ազատության վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշ ել է, որ այդ սարսափազդու և որևէ արդարացում չունեցող հարձակումն ուղղված է խոսքի և մտքի ազատության՝ ժողովրդավարության հիմնարար սկզբունքների դեմ։
«Այս ահաբեկչությունը կոչված է բաժանելու մեզ, բայց մենք չպետք է ենթարկվենք այդ միտումներին»,-«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է նա։
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Charlie Hebdo խմբագրության վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ՝ 10 լրագրող, որոնց թվում' ամսագրի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնիեն։ Ահաբեկչական հարձակումը մասնագետները կապում են ամսագրում զետեղված սուր ծաղրանկարների հետ։