Mediamall.am-ն առանձնացրել է օրվա լրահոսի՝ առավել կարևոր իրադարձությունները.

 

Թուրքիայում մի քանի տասնյակ օդաչուներ են հրաժարական տվել

 

Թուրքիայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զինծառայողների շարքերում հրաժարականների ալիքը չի դադարել: Ինչպես հաղորդում է թուրքական CNN Turk-ը տեղեկացնում է, որ երկրի զինված ուժերից դուրս են եկել 65 օդաչուներ: Եվս 9 օդաչուներ անցել են թոշակի' ընդհանուր առմամբ հակաօդային պաշտպանության ուժերից հեռացածների թիվը հաս ցնելով 74-ի:

2014 թվականին սա օդաչուների զանգվածային հրաժարականի առաջին դեպքը չէ: Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն ավելի վաղ հայտարարել էր, որ տարվա սկզվից հրաժարական էին տվել 47 օդաչու: 2010 թվականին հրաժարականի դիմում են ներկայացրել 147, 2011 թվականին' 149, 2012 թվականին'174, իսկ 2013 թվականին' 214 օդաչու:

 

***

Անգելա Մերկելը հանդիպել է Ուկրաինայի ըննդիմության առաջնորդների հետ

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել է Ուկրաինայի ըննդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկի և Վիտալի Կլիչկոյի հետ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

Կլիչկոն հայտնել է, որ կանցլերի հետ մոտ մեկ ժամ խոսել են Ուկրաինայում տիրող իրավիճակի և երկրում ճգնաժամը հաղթահարելու եղանակների մասին:

«Անգելա Մերկելը ցույց տվեց բարձր իրազեկություն Ուկրաինայում տիրող իրադարձությունների և դրության մասին»,-ասել է Վիտալի Կլիչկոն:

Սպասվում է, որ Կլիչկոն և Արսենի Յացենյուկը հանդիպման մասին առավել կոնկրետ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:

 

***

Վիեննայում Իրանի և «վեցյակի» միջև եռօրյա բանակցություններ են սկսվում

 

Վիեննայում փետրվարի 18-ին մեկնարկում է Իրանի և «վեցյակի» բանակցությունների հերթական փուլը քաղաքական տնօրենների մակարդակով: Նման ձևաչափով ներկայիս հանդիպումը առաջինը կդառնա 2013 թվականի նոյեմբերի 24-ից հետո, երբ Ժնևում ձեռք բերվեց պատմական համաձայնություն, որը կոչված է փարատելու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի կապակցությամբ միջազգային հանրակցության մտահոգությունները: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

Հավաստվել է, որ Վիեննայի բանակցություններում Ռուսաստանը կներկայացնի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, ԱՄՆ-ը՝ պետքարտուղարի քաղաքական գործերով տեղակալ Ուենդի Շերմանը, Իրանը՝ ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը:

Բանակցությունների եռօրյա փուլի պաշտոնական օրակարգը չի նշվում, բայց, փորձագետների կարծիքով, քննարկումների գլխավոր թեմաները կդառնան Իրանի ուրանի հարստացման ցենտրիֆուգների թվաքանակի որոշումը, ուրանի հարստացման աստիճանի սահմանումը, ինչպես նաև Արաքի ծանր ջրով աշխատող հետազոտական ռեակտորի ապագային վերաբերող հարցի լուծումը:

 

***

Մայդանցիները շարժվում են դեպի Գերագույն ռադայի շենք

 

Մայդանցիները երթ են կազմակերպել դեպի Գերագույն ռադայի շենք, որտեղ այսօր ակնկալվում է երկրի համար կարևոր որոշումների քննարկում և հաստատում: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

Ինչպես հայտնի է, երեկ հայտարարվել էր խաղաղ «զորահավաք»՝ ժամը 8:30-ի սահմաններում: Բացի այդ, Մարինյան այգում են գտնվում մի խումբ ցուցարարներ, ովքեր գոչում են «Օդեսա», «Փառք Ուկրաինային» և աջակցում են Ռեգիոնների կուսակցությանը:

Քաղաքի կենտրոնում հնչում է տարբեր ոճի երաժշտություն՝ ռետրոյից սկսած մինչև խորհրդային և ազգային երգեր:

Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են վերադառնալ 2004 թվականի սահմանադրությանը և պատժել նրանց, ովքեր պատասխանատու են ակտիվիստներին ծեծի և բռնության ենթարկելու համար:

 

***

Հայաստանը ՄՄ-ի հետ կսկսի բանակցությունները ավելի քան 900 ապրանքատեսակների մաքսատուրքերի առնչությամբ

 

Հայաստանը Մաքսային միության անդամ պետությունների հետ կսկսի բանակցություններն ավելի քան 900 ապրանքատեսակների մաքսատուրքերի հստակեցման համար։ Ցանկում ներառված են այն ապրանքատեսակները, որ երրորդ երկրից Հայաստան են ներկրվում ավելի ցածր մաքսային դրույքաչափերով, քան Մաքսային միության համար գործող դրույքաչափերն են։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը տեղեկացրեց, որ պատրաստվել է ապրանքների առաջնային ցուցակը, որն էլ կներկայացվի ՄՄ անդամ պետություննեին։ «Այդ ապրանքատեսակների մասով մեր կատարած առաջնային ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ նպատակահարմար չէ ավելացնել մաքսատուրքերը։ Ցուցակը ճշգրտելու համար հանդիպումներ ենք անցկացրել գործարարների և նրանց շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ։ Բացի դրանից, Էկոնոմիկայի նախարարոության կայքում արդեն իսկ հրապարակել ենք և՛ Հայաստանի, և՛ Մաքսային միության մաքսատուրքերը։ Ցանկացած անձ կամ կառույց կարող է տեսնել այդ դրույքաչափերը և իր դատողություններն անել»,-ասաց Մելքոնյանը։

 

***

Թուրքիայում երկարաձգել են նախարարների որդիների ձերբակալության ժամկետը

 

Թուրքական դատախազությունը երկարաձգել է 2013 թ. դեկտեմբերի 17-ին անցկացված խոշոր հակակոռուպցիոն գործողության արդյունքում ձերբակալվածների կալանքի տակ պահվելու ժամկետը: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ երկարաձգվել է ծագումով ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի եւ նախկին նախարարներ Զաֆեր Չաղլայանի ու Մուամար Գյուլերի որդիների կալանքի տակ պահվելու ժամկետները:

 

***

Ուկրաինայի Գերագույն ռադայում ծեծել են կոմունիստներին

 

Ուկրաինայի Գերագույն ռադայում, որի մոտակայքում վերսկսվել են ընդդիմության ներկայացուցիչների և իրավապահների միջև բախումները, ծեծել են Կոմունիստական կուսակցության մի քանի պատգամավորի: Այդ մասին Facebook-ում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը, գրում է lenta.ru-ն:

Կոմունիստները, ինչպես հաղորդել է «Ուկրաինսկայա պրավդան», փորձել են նույնպես լքել դահլիճը, սակայն նրանց ճանապարհն արգելափակել է ընդդիմությունը:

Հաղորդվում է նաև, որ ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը վերջին իրադարձությունների ֆոնին հիպերտոնիկ կրիզ է ունեցել, նրա համար «շտապօգնություն» են կանչել:

Մայդանի ակտիվիստներն ավելի վաղ այրել են Գերագույն ռադայի մոտակայքում գտնվող իշխող Ռեգիոնների կուսակցության գրասենյակը:

 

***

Կիևում բախումների հետևանքով զոհվել է 3 մարդ

 

Կիևում ցուցարարների և անվտանգության ուժերի բախումների արդյունքում զոհվել է 3 մարդ: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

Ըստ տվյալների' ցուցարարները մահացել են՝ ժամանակին չստանալով բուժօգնություն:

Զոհվածների մասին այլ տվյալներ չեն հաղորդվում. կան նաև բազմաթիվ վիրավորներ:

 

***

Ադրբեջանական կողմը կրկին խախտել է Օլիմպիադայի օրերին հրադադարի պահպաման ավանդույթը

 

Ադրբեջանական կողմը փետրվարի 18-ին կրկին խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակ բացելով Պառավաքար-Վազաշեն ճանապարհահատվածի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ժամը 11:30-ից 12:00-ի սահմաններում հակառակորդը կրակել է Պառավաքար-Վազաշեն ճանապարհահատվածի ուղղությամբ»,- նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայկական կողմը պատասխան կրակ չի բացել:

ՊՆ խոսնակը նաև տեղեկացրեց, որ տուժածներ և վիրավորներ չկան, իսկ այս պահին իրավիճակը հանգիստ է:

 

***

Կիևում լարված իրավիճակը թեժանում է. փողոցում կան զոհեր և տասնյակ վիրավորներ

 

Տասնյակ վիրավորներ դեռ գտնվում են Կիևի կենտրոնում՝ թե ցուցարարներից, թե հատուկ նշանակության ջոկատներից: Այս մասին հայտնում է Interfax-ը:

Փողոցում ընկած վիրավորների կողքին կան նաև դիակներ: Ներկայումս բժիշկները անհրաժեշտ օժանդակություն են ցուցաբերում վիրավորներին: Օգնություն ցույց տվող բժիշկների շարքում նույնպես կան վիրավորներ:

Ինստիտուտսկի փողոցում ակտիվիստները շարունակում են ավտոմեքենաներ այրել և կոտրել փողոցի լուսարձակները: Այս պահի դրությամբ' Կիևի Ինստիտուտսկի փողոցում գտնվում է 300 իրավապահ:

 

***

Կիևի հատուկջոկատայինները դաժանաբար ծեծի են ենթարկում ակտիվիստին 

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր լարված իրավիճակ է Կիևում: Ցուցարարների և անվտանգության ուժերի բախումների արդյունքում զոհվել է 3 մարդ:

Ստորև ներկայացնում ենք համացանցում հայտնված մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ոստիկանական ուժերը դաժանաբար ծեծի ենթարկում ակտիվիստներից մեկին:

 

***

Ատոմակայանի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել

 

ՄԻՊ գրասենյակի մոտ այսօր' փետրվարի 18-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել Մեծամորի Ատոմակայանի աշխատակիցները' ընդդեմ պատրադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:

Նրանք բողոք նամակ հանձնեցին ՄԻ պաշտպանին, քանի որ վստահ չեն, որ տարիներ հետո իրենց աշխատավարձից պահված գումարները կհասնեն իրենց: Նրանք պահանջում էին օրենքից դուրս հանել հատկապես պարտադիր բաղադրիչը:

 

***

«Մայդանցիները, իրենց անօրինական քայլերով, մեզ դրդում են համապատասխան գործողությունների». Ուկրաինայի ՊՆ

 

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը ակտիվիստներից պահանջել է անհապաղ ազատել Ոկրաինայի Զինված ուժերի Սպայի կենտրոնական տունը: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

ՊՆ-ի մամլո ծառայությունը հայտարարել է, որ ցուցարարների գործողություններն անօրինական են և պետք է անմիջապես դադարեցվեն:

«Իրենց գործողություններով ցուցարարներն Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը դրդում են համապատասխան գործողությունների»,- ասվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

***

Կիևում անկարգությունների հետևանքով դադարեցվել են մետրոյի աշխատանքները

 

Կիևում տեղի ունեցող անկարգությունների հետևանքով դադարեցվել են նաև մետրոյի աշխատանքները. բոլոր ուղևորները տարհանվել են փողոց: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

Ճանապարհային ոստիկանությունը փակել է Գերագույն ռադայի շենք տանող երթևեկության ճանապարհը, քանի որ առավոտից ցուցարարները պիկետավորում են Գերագույն ռադան՝ պահանջելով վերադարձնել 2004-ի Սահմանադրությունը:

Նշենք, որ Ուկրաինայի խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդներին չի հաջողվել գրանցել 2004-ի Սահմանադրությանը վերադառնալու մասին նախագիծը, որի համաձայն սահմանափակվում է նախագահի իշխանությունը:

 

***

«Յանուկովիչը Ուկրաինայում վերսկսված լարված իրադրությանը կանդրադառնա վաղը». Ռիբակ

 

Ինչպես հայտնում է UNIAN-ը, վաղը կկայանա նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների հանդիպումը: Այս մասին հայտնում է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը:

Նա կոչ է արել երկրում տեղ ունեցող վտանգավոր իրադարձությունների կարգավորման համար գտնել խաղաղ ճանապարհ և հրաժարվել բռնություններից:

Ըստ նրա' ընդդիմության առաջնորդների և Յանուկովիչի հանդիպումը կկարգավորի երկրում վերսկսված ճգնաժամային իրադրությունը:

Այն մասին, թե ինչու Յանուկովիչը մինչև այժմ ոչ մի մեկնաբանություն չի տվել երկրում տիրող լարված մթնոլարտի և զոհերի մասին, Ռիբակը խորհուրդ է տվել սպասել մինչև վաղը, և այդ ժամանակ Ուկրաինայի նախագահը կտա բոլոր հուզող հարցերի պատասխանը:

 

***

Մոսկվան կոչ է արել ուկրաինական ընդդիմությանը երկխոսություն սկսել իշխանության հետ

 

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել ուկրաինական ընդդիմությանը՝ հրաժարվել սպառնալիքներից ու վերջնագրերից և բովանդակալից երկխոսություն սկսել իշխանության հետ խորը ճգնաժամից երկիրը դուրս բերելու ուղիներ գտնելու նպատակով: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

«Այն, ինչ տեղի Է ունենում, ուղղակի արդյունքն է արեւմտյան այն քաղաքական գործիչների եւ եվրոպական կառույցների թողտվության քաղաքականության, որոնք ճգնաժամի հենց սկզբից աչք են փակում Ուկրաինայում արմատական ուժերի ագրեսիվ գործողությունների վրա, դրանով իսկ նրանց խրախուսելով սրել իրադրությունը եւ սադրանքների գնալ օրինական իշխանության նկատմամբ»,-ասված Է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ, որը զետեղված Է գերատեսչության կայքում:

«Կրկին կտրուկ սրվել է իրադրությունը Կիեւի կենտրոնում,-արձանագրել են նախարարությունում: - Գրոհայինները, որոնց ընդդիմադիր առաջնորդները կոչ Էին անում այսպես կոչված «խաղաղ հարձակման», ծեծում ու քարկոծում են իրավապահներին, հրկիզում ավտոմեքենաներ, ավերել են դեղատունը, հարձակվել Ռեգիոնների կուսակցության կենտրոնակայանի վրա, շրջափակել Գերագույն ռադայի շենքը: Պատգամավորներին առաջադրվում են կտրական պահանջներ: Ընդդիմությունն արդեն չի վերահսկում իրադրությունն իր շարքերում»: