«Mediamall.am»  լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն իրադարձությունները. 


Ադրբեջանական կողմը նվազեցրել է կրակոցները. ուղղաթիռին մոտենալու համար բանակցությունները շարունակվում են

 

 

Նախորդ օրերի համեմատությամբ իրավիճակը սահմանին հանգիստ է, և ադրբեջանական կողմը նվազեցրել է կրակոցները հայկական խոցված ուղղաթիռի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հայկական զինուժն աչալուրջ է և շարունակում է պահպանել սահմանային անվտանգությունը:

 

«Կրակոցները համեմատաբար նվազել են, և այս պահին համեմատական հանգստություն է սահմանին: Սահմանին իրավիճակը նորմալ է, և հայկական զինված ուժերը վերահսկում են դրությունը: Ինչ վերաբերում է խոցված ուղղաթիռի անձնակազմի մասին նոր տեղեկություններին, ապա այդ հարցով զբաղվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ու նրանք փորձում են ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարել:

 

Բացի այդ, ԼՂՀ իշխանությունները ԵԱՀԿ-ի հետ բանակցություններ են տանում, սահմանին և խոցված ուղղաթիռի գտնվելու վայրում մոնիտորինգ անցկացնելու համար»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

 

 

***

 

 

ԵԱՀԿ-ն շփման գծում մշտադիտարկում կիրականացնի

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն' նոյեմբերի 18-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ մայոր Վիտալի Բելոկոնը:

 

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

 

 

***

 

 

Անկեղծության դեֆիցիտ կամ Ծառուկյանի գործոնը

 

 

Եռյակի նախաձեռնած շարժումը, ոմանց կարծիքով, հաջողվելու է, որովհետև դեռ գործընթացի արշալույսին արդեն հայտնի է ընդդիմության առաջնորդը, այն մարդը, ով հայտնել է նախագահական իր հավականությունների մասին ու ենթադրաբար հավակնում է հաջորդ իշխանության ձևավորմանը:

 

Գուցե պարադոքսալ հնչի, սակայն, ըստ իս, այս դեպքում չի գործում քաղաքագիտական աքսիոմը, ու Եռյակն արտահերթ զարգացումների չի հասնի,գուցե նաև հերթական ընտրություններում չկարողանա իշխանափոխություն իրականացնել հենց այն պատճառով, որ ակնհայտ է դարձել Գագիկ Ծառուկյանի լիդերությունը:

 

Հավատացնում եմ, որ անձնական ոչինչ չունեմ ԲՀԿ նախագահի դեմ ու նույնիսկ կարող եմ խոստովանել, որ տարիներ առաջ նա օժանդակել է իմ մի փոքր բիզնեսի կայացմանը:

 

Կարող եմ պնդել անգամ, որ օլիգարխիկ համակարգում Ծառուկյանը լավագույնս է ռեալիզացնում սոցիալական պատասխանատվության գործոնը՝ լեգիտիմացնելով իր բիզնեսը, մեծահարուստի իր կարգավիճակը:

 

Ընդդիմության նոր առաջնորդի մոտ ամեն բան կարգին է նաև վարկանիշի առումով: Նա ունի հասարակական վստահության բավականին ամուր պաշար, գուցե Հայաստանում առաջինը: Այլ խնդիր է, որ վստահության հիմքում բաղկացուցիչներ են, որոնք կարող են չպահպանվել կամ մասամբ չգործել այն պարագայում, եթե Գագիկ Ծառուկյանը ֆորմալացնի իր նախագահական հավակնությունը:

 

Սրանով հանդերձ՝ անկեղծ չեն այն մարդիկ, ովքեր Ծառուկյանի անձը խորհրդանշում են՝ որպես փոփոխությունների առանցք:Շարունակությունն՝այստեղ:

 

 

***

 

 

 Հոգեբուժարանի աշխատակիցները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ. ՀՔԾ

 

 

Քաղաքացի Ջուլետա Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասով, 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

 

 

Քաղաքացի Ջուլետա Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Երևանի Ավանի հոգեբուժական կլինիկայի և ոստիկանության Երևան քաղաքի վա րչության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից իր կամքին հակառակ և բռնության գործադրմամբ ապօրինաբար տեղավորվել է հոգեբուժարան, որտեղ շուրջ մեկ ամիս ապօրինի պահվելու ընթացքում ենթարկվել է խոշտանգման, իսկ բուժանձնակազմն էլ իր նկատմամբ բռնություն է գործադրել: Կատարվում է նախաքննություն:

 

 

***

 

Հայաստանն Ադրբեջանին պետք է անհամաչափ և ոչ ռազմական պատասխան տա

 

 

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ուսումնավարժական ուղղաթիռի խոցումը պատճառ դարձավ ղարաբաղյան հակամարտությունում հերթական լարված շրջանի սկսմանը: Այժմ բոլորին մի հարց է հետաքրքրում' Ադրբեջանի սադրիչ քայլին ինչպե՞ս կպատասխանի Հայաստանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հոդված է հրապարակել expert.ru կայքը:

 

Հոդվածի հեղինակը նշում է, որ Բաքուն իր գործողություններն ամբողջովին ճիշտ է համարում' սպառնալով հետագայում էլ հարվածել ԼՂՀ տարածքում թռչող բոլոր օբյեկտներին: Ի պատասխան Ադրբեջանի սադրանքի' հայկական կողմը խոստացել է տալ «համապատասխան, և մի քիչ էլ անհամաչափ պատասխան»: Սակայն դեռևս անհայտ է, թե ինչպիսին են լինելու հայկական կողմի պատասխան գործողությունները:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Տիգրան Կարապետյանը կոչ է անում «տեր կանգնել» Գագիկ Ծառուկյանին

 

 

Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը միացել է եռյակին, քանի որ իր «մեկնած ձեռքն» ընդունել են: «Ես կարծում էի, որ եռյակը միայն խորհրդարանական ուժերից է բաղկացած, բայց, ի զարման ինձ, իմ մեկնած ձեռքն ընդունեցին, լուրջ պայքար է լինելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Տիգրան Կարապետյանը' հավելելով, որ չնայած դեռ չի հանդիպել եռյակի ուժերի ղեկավարների հետ, բայց հաջորդ հանրահավաքին լինելու է հարթակին:

 

 

«Ես համարում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական միավոր իր յուրահատկություններն ունի, որը ընդհանուր գծին չի խանգարում: Եռյակի մեջ էլ հակասություններ կան, բայց դա չի նշանակում, որ պայքար չի լինելու: Մենք ցանկանում ենք մի բան, որ արդար պետության մեջ ապրենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Տիգրան Կարապետյանը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

Արթիկում դանակահարել են 22-ամյա երիտասարդի

 

Հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում նոյեմբերի 15-ին' ժամը 21.20-ին, հաղորդում է ստացվել, որ «աջ կողատակի ծակած-կտրած» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1992թ. ծնված Սամվել Պ.-ն:

 

Մեկնած օպերատիվ խմբին Սամվել Պ.-ի մայրը հաղո րդում է տվել, որ նույն օրը' ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձը, անհայտ վայրում և հանգամանքներում, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է որդու աջ կողատակին' պատճառելով վնասվածք: Ըստ բժշկի տեղեկանքի՝ Սամվել Պ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սամվել Պ.-ին նոյեմբերի 15-ին' ժամը 19.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի երկաթգծի կայարանի տարածքում դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 1994թ. ծնված Դավիթ Ա.-ն: Դավիթ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:

 

 

***

 

 

Եղվարդում թունավորվել են ընտանիքի 6 անդամները

 

Հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում նոյեմբերի 16-ին' ժամը 13.15-ին, հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում' հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկի 6 բնակիչներ, որոնք հիվանդանուցում հայտնել են, որ նոյեմբերի 15-ին տանն ընտանիքով ձուկ են կերել:

 

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

 

 

***

 

 

Սպիտակ-Երևան ճանապարհին «Ցիտրոեն» մակնիշի մեքենան գլորվել է ձորը

 

Հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում նոյեմբերի 15-ին' ժամը 05.45-ին, հաղորդում է ստացվել, որ «գլխի թաղի սալջարդ վերք, գոտկային շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց է դիմել 22-ամյա մի երիտասարդ, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Սպիտակ-Երևան ճանապարհին, ավտովթարի հետևանքով:

 

Մեկնած օպերետիվ խումբը նոյեմբերի 15-ին պարզել է, որ նոյեմբերի 14-ին' ժամը 21.00-ի սահմաններում, «Ցիտրոեն» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 9-րդ կ/մ-ին գլորվել է ձորակը, ինչի հետևանքով նա ստացել է նշված վնասվածքները: Կատարվում է քննություն:

 

 

***

 

 

Գալուստ Սահակյանն առաջարկում է հանել խոսափողները

 

 

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ընդունելի չի համարում քննարկումներ սկսելու համար կառավարությանը պահանջներ ներկայացնելու ընդդիմության գործելաոճը:

 

Ազգային ժողովում արտահերթ ելույթի ընթացքում ԱԺ նախագահն անդրադարձավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինքն առաջարկել է կառավարությանը կրկին անդրադառ նալ ոչ իշխանական ուժերի 12 կետերին, որից անմիջապես հետո ընդդիմությունը կրկին պահանջներ է ներկայացրել կառավարությանը: «Պահանջները ձևավորվում են հենց քննարկումների արդյունքում, ոչ թե պահանջներ են ներկայացնում քննարկումներ սկսելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

 

Նա նկատեց, որ վերջին հաշվով, կառավարությունը պատասխանել է այդ 12 կետերին: «Հիմա կառավարությունը կրկին պետք է դրանց անդրադառնա. դուք ինձ ասում եք' եկեք 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնենք, այս մեկը ձեռք բերենք, հետո կքննարկենք մնացած հարցերը: Ինձ հետ չեք քննարկելու, մասնագետների հետ եք քննարկելու, խնդրեմ՝ քննարկեք»,- նշեց ԱԺ նախագահը:Շարունակությունն՝ այստեղ: